Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք դժվարին պահերին հայ ժողովրդի կողքին ենք․ դատապարտում ենք Ադրբեջանի խիստ անընդունելի գործողությունները»․ Նենսի Փելոսի

Սեպտեմբեր 18,2022 17:43

«Մենք դժվարին պահերին հայ ժողովրդի կողքին ենք»,- «Գաֆէսճեան արվեստի կենտրոնում» հայտարարեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին իր ներածական խոսքում նշեց, որ Նենսի Փելոսիի այցը մատնանշում է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ամուր փոխգործակցությունը և տևական ու ամուր խաղաղության աջակցությանը։

Նենսի Փելոսին «Գաֆէսճեան արվեստի կենտրոնում» հանդիպեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Նա նշեց՝ տեղին է, որ հանդիպումն արվեստի կենտրոնում է, քանի որ ըստ նրա՝ արվեստը կմիավորի մեզ․ ժամանակ կլինի, երբ կմոռանանք մեր տարբերությունները։

Նենսի Փելոսին հայտնեց, որ իր այցը շատ ավելի վաղ էր պլանավորված ու շարունակեց․ «Այնպես ստացվեց, որ այստեղ ենք այն պահին, որ կարող ենք անձամբ խիստ դատապարտել Ադրբեջանի անընդունելի և խիստ դատապարտելի գործողությունները, որոնք վտանգում են խաղաղության գործընթացի հաջողությունը։ ԱՄՆ-ն՝ որպես ԵԱՀԿ ՄԽ երկիր, հանձնառու է աջակցել բանակցային կայունությանը, խաղաղության գործընթացին։ Հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ն վաղուց ի վեր նշել է, որ այս հակամարտությունը ռազմական լուծում ունենալ չի կարող։ ԱՄՆ-ն հետևողական է այդ խնդրին։ Նախագահ Բայդենի և Կոնգրեսի համար սա առաջնահերթ ուղղություն է, և մենք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև անվտանգության, կայունության և խաղաղության հաստատման հարցերում հանձնառու ենք։ Հայաստանն այստեղ ժողովրդավարության և ավտոկրատիայի բանավեճի միջև է։ Այն մի մասն է կազմում գլոբալ քննարկման։ Նա այս երկու բևեռների միջև է։ Մենք շարունակում ենք տեսնել ատելությունը, հանցանքները, որ տեղի են ունենում հայկական համայնքի դեմ, Ուկրաինայի ժողովրդի դեմ բարբարոս արարքները, Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը, հարյուրավոր հայերի սպանությունը վերջին օրերին, տեղահանությունը, չհաշված այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում։ Այս դժվարին պահին իմ ուղերձն է, որ հույս ունենք, որ այս ամենը կդատապարտվի։ Հայաստանն ուժի, տոկունության խորհրդանիշ է»։

Նենսի Փելոսին հայտարարեց՝ ԱՄՆ Կոնգրեսն իր շնորհավորանքներն է հղում ՀՀ անկախության տոնի կապակցությամբ ու ասաց․ «Սա մեզ համար կարծես ընտանեկան այցելություն է։ Մենք այնպիսի տարածքներից ենք ընտրված, որտեղ ամերիկահայերը մեծ թիվ են կազմում։ Նրանք հայրենասեր ամերիկացիներ են և հպարտ են իրենց՝ հայկական ծագումով։ Հետևում ենք հայաստանյան մարտահրավերներին նաև մեր ընտրողների աչքերով»։

Նա ասաց՝ հպարտ են, որ կարողացան ընդունել բանաձևը Հայոց ցեղասպանության մասին․ ի վերջո ունեցան նախագահ, որը ստորագրեց այդ օրենքը ու նշեց․ «Մենք հավերժական կրակի մոտ մեր հարգանքի տուրքը մատուցեցինք մեկուկես միլիոն զոհերի հիշատակին։ Նրանցից ոմանք այսօր ամերիկահայերի նախնիներն են, և մենք հիշում ենք այդ դժվարին ժամանակները։ Այցելեցինք Հայոց ցեղասպանության թանգարան, հուզիչ էր, բոլորիս աչքերն արցունքոտվել էին։ Մենք իմացանք սոսկալի ճշմարտությունը, որը թանգարանում մեզ ներկայացրին։ Հպարտություն էր, երբ այնտեղ տնկված ծառերը տեսանք, որ առաջինը ամերիկացի սենատորն էր տնկել»։

Նենսի Փելոսին իր ելույթն ավարտեց Պարույր Սևակի խոսքերով ու եզրափակեց․ «Շնորհակալություն մեծ պատվի համար, որ այստեղ եմ՝ տեսնելու անմար կրակը Հայաստանի հույսի։ Արվեստը կարող է հասնել մեր սրտին։ Աստված օրհնի Հայաստանը և բոլորին»։

Նենսի Փելոսիի ելույթից հետո կազմակերպվեց քաղհասարակության ներկայացուցիչների հետ փակ քննարկում։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930