Մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական քաղաքական եւ քաղաքացիական ուժերս, հաստատում ենք մեր հավատարմությունը Հայաստանի ինքնիշխանությանը եւ ժողովրդավարությանը՝ որպես անսակարկելի արժեքների, եւ մեր վճռականությունը՝ պաշտպանելու դրանք մեր ունեցած բոլոր միջոցներով: Մենք նաեւ մեր հաստատակամությունն ենք հայտնում շարունակելու Արցախի մեր հայրենակիցների ինքնապաշտպանության սատարումը, արժանապատվության եւ իրավունքների պաշտպանությունը՝ ներառյալ ինքնորոշման իրավունքը: Մենք նաեւ կարեւոր ենք համարում Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների ներուժի ներգրավումը Հայաստանի ժողովրդավարական եւ տեխնոլոգիական առաջընթացի ապահովման գործում:
Միաժամանակ, մենք Հայաստանի ապագան տեսնում ենք համամարդկային արժեհամակարգին դավանող եվրոպական ազգերի ընտանիքում՝ Եվրոպական Միության կազմում, որն ամուր հենված է ժողովրդավարության եւ մարդու իրավունքների գերակայության վրա: Մի արժեհամակարգ, որը Հայաստանն արդեն ընտրել է որպես քաղաքակրթական ուղղություն:
Հայաստանի անվտանգությունը անմիջականորեն կապված է նախեւառաջ մեր ազգային միասնության, ժողովրդավարական համակարգի միջոցով ազգային ներուժի լիարժեք բացահայտման, զինված ուժերի հզորության՝ զինվածության եւ արհեստավարժության, ապա եւ՝ իրական դաշնակիցների հետ քաղաքական ու ռազմական խորը եւ վստահելի համագործակցության հաստատման հետ: Դաշնակիցներ, որոնք վերահաստատեցին միջազգային իրավունքի հանդեպ իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ ս.թ. սեպտեմբերի 15-ի նիստի ընթացքում Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ իրենց անկողմնակալ գնահատականով: Այս ամենի շնորհիվ հնարավոր է ապահովել մեր տարածաշրջանում երկար սպասված խաղաղության հաստատումը եւ համագործակցության մթնոլորտի ձեւավորումը:
Մենք եւս մեկ անգամ խստորեն դատապարտում ենք Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի սանձազերծած պատերազմը, որի նախերգանքը եղավ 2020թ.-ին հայ ժողովրդի հանդեպ Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի սանձազերծած 44-օրյա պատերազմը: Մենք նաեւ փաստում ենք, որ Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած մերօրվա պատերազմը լիովին նույնական է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի իրագործած ագրեսիայի հետ եւ տարբերվում է վերջինից միայն ծավալներով եւ աշխարհագրությամբ:
Կարդացեք նաև
Երանելի համարելով այն օրը, երբ Ռուսաստանը իր տեղը կգտնի առաջատար ժողովրդավարական երկրների թվում, այսօր մենք աներկբա մերժում ենք ՌԴ ներկայիս իշխանության կայսերապաշտ եւ ուխտադրուժ արտաքին քաղաքականությունը Հայաստանի, Ուկրաինայի եւ հետխորհրդային այլ երկրների հանդեպ:
Պահանջում ենք Հայաստանի կառավարությունից.
1.Գործուն ջանքեր գործադրել Ռուսաստանի առաջնորդած անվտանգային կառույցից՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու եւ արեւմտյան մեր բարեկամ երկրների հետ դաշնակցային հարաբերությունների կայացման ուղղությամբ.
2. Հրավիրել եւ տեղակայել ՄԱԿ խաղաղարար ուժեր Հայաստան-Ադրբեջան սահմանին.
3.Մաքրել Հայաստանի պետական համակարգը օտար պետությունների հատուկ ծառայությունների գործակալներից.
4. Հայաստանի տարածքում արգելափակել պատերազմ եւ այլատյացություն քարոզող ռուսաստանյան լրատվամիջոցների հեռարձակումը:
Ստորագրություններ.
Ազգային ժողովրդավարական բեւեռ[1]
Ազգային ինքնորոշում միավորում
Հայաստանի Եվրոպական կուսակցություն
«Հանուն Հանրապետության» կուսակցություն
Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի խորհուրդ
Հովսեփ Խուրշուդյան, «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն
Արա Պապյան, «Մոդուս Վիվենդի» կենտրոն[2]
Գարեգին Միսկարյան, «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամ
Գյուլնարա Շահինյան, ՄԱԿ-ի հատուկ զեկուցող, «Ժողովրդավարությունն այսօր» հասարակական կազմակերպություն
Դիանա Եղիազարյան, Երիտասարդական ակումբների դաշնություն
Հասմիկ Ասլանյան, «Շողեր միություն» ՀԿ
Հարութ Կալայջյան, «Պրոարմենիա» ՀԿ
Էդգար Առաքելյան, «Ազատ Հայաստան» նախաձեռնության ղեկավար
Լուսինե Պետրոսյան, «Տաթեւիկ» ՀԿ
Թեհմինե Ենոքյան, «Կանաչ Հայաստան» ՀԿ
Քնարիկ Գարանֆիլյան, «Ընտանիք և համայնք» ՀԿ
Արզուման Հարությունյան, «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ
Օլեգ Դուլգարյան, «Իրավապաշտպան և համայնքային համախմբման ու աջակցության կենտրոն» ՀԿ
Անդրանիկ Պապոյան «ՊԱՆԴՈ» ՀԶՀԿ
Գրիգոր Երիցյան, Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ
Ռաֆայել Մխիթարյան, “Երրորդ բնություն” ՀԿ
Ազատ Արշակյան, այլախոհ, ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր
Ռաֆիկ Հակոբյան, ֆ.մ.գ. դոկտոր, ԵՊՀ պրոֆեսոր
Լեւոն Բարսեղյան, հրապարակախոս
Միքայել Հայրապետյան, քաղաքական գործիչ
Կարեն Սարգսյան, սոցիոլոգ
Գոհար Շահնազարյան, սոցիոլոգ
Անուշ Պողոսյան, հոգեբան
Հեղինե Մանասյան, տնտեսագետ
Գայանե Թերզյան, մանկավարժ
Մարի Չաքրյան, գեոէկոլոգ, մագիստրոս, բնապահպանական կառավարման փորձագետ
Լիլիթ Դալլաքյան, իրավաբանական գիտությունների մագիստրոս, քաղաքական գիտությունների թեկնածու
Հասմիկ Թադեւոսյան, պատմաբան
Վազրիկ Պետրոսյան, ՀՀ քաղաքացի
Սիմոն Սարգսյան, Mitk.am լրատվական – վերլուծական կայքի գլխավոր խմբագիր
Բագմաջյան Գևորգ – տնտեսագետ
Հովհաննես Հովհաննիսյան, ՀՀ Կանաչ ծրագրեր
[1] Ազգային ժողվրդավարական բևեռն Արցախի հարցում ունի վերպահում։ Այն Արցախի հարցի լուծումը դիտարկում է ՀՀ իրավահաջորդության հենքի վրա՝ ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնմամբ և ՀՀ օրինական իրավատիրության վերահաստատմամբ։ Ըստ այդ միջազգային խաղաղապահների տեղակայումը նպատակահարմար է համարում ՀՀ ողջ տարածքում, ներառյալ Արցախը։
[2] «Մոդուս Վիվենդի» կենտրոնը Արցախի հարցում ունի վերպահում։ Այն Արցախի հարցի լուծումը դիտարկում է ՀՀ իրավահաջորդության հենքի վրա՝ ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնմամբ և ՀՀ օրինական իրավատիրության վերահաստատմամբ։ Ըստ այդ միջազգային խաղաղապահների տեղակայումը նպատակահարմար է համարում ՀՀ ողջ տարածքում, ներառյալ Արցախը։
5- ՀՀ միակ տիեզերագնացետչեկաւ Արամ Սարգսյանը ուղղարկել անջրպետ, որ մեր բոլորին ջարդուելէն ետք մի օր անդրտիեզերեան ուժերով վերադառնայ Երկիր եւ նորից հիմնէ Հայաստան Դրախտավայր Աշխարհը։