Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի մահացու հարվածները մենք խստորեն դատապարտում ենք ԱՄՆ Կոնգրեսի անունից»․ Նենսի Փելոսի

Սեպտեմբեր 18,2022 13:05

«Հայաստանը մեզ համար կարևոր նշանակություն ունի, և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի մահացու հարվածները մենք խստորեն դատապարտում ենք ԱՄՆ Կոնգրեսի անունից»,-քիչ առաջ ՀՀ ԱԺ-ում ՀՀ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունը:

Ներկայացուցիչների պալատի խոսնակին ուղեկցում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ եւ կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն, Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն եւ Ջեքի Սփիերը:

Լրագրողների հիշեցմանը՝ ԱՄՆ պաշտոնյաները վերջին օրերին  ընդունել են այն փաստը, որ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք, իսկ պաշտոնական Բաքուն բազմիցս հայտարարել է իր նպատակի մասին՝ ՀՀ տարածքով միջանցք ստանալու առումով  և հարցին՝ այս առումով ինչպիսի՞ն է պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը, եթե ընդունում եք, որ Ադրբեջանը ներխուժել է ՄԱԿ-ի անդամ երկրի տարածք, արդյոք կարելի՞ է ակնկալել, որ դրան կհետևեն կոնկրետ գործողություններ, պատժամիջոցներ, Նենսի Փելոսին պատասխանեց․ «Ինչպես տեղյակ եք՝ ԱՄՆ անմիջական արձագանքն այն էր՝ դադարեցնել բռնությունները և հրադադար հաստատել։ Մեր պատվիրակությունը շատ բաց խոսել է և մենք նշել ենք, որ Ադրբեջանի կողմից է եղել և մենք ընդունել ենք, և մենք այս այցի ընթացքում էլ շարունակում ենք իմանալ, որ որոշ մարտահրավերներ, որոնք ծագում են խաղաղության համաձայնագրից՝ 2020-ի հակամարտության հետ կապված և դա ինչպես կարող է հանգեցնել գործողությունների Ադրբեջանի կողմից»։

Այս հարցին նաև արձագանքեց ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը։ Նա, մասնավորապես, տեղեկացրեց․ «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն արդեն բանաձև է առաջ քաշել, որի համահեղինակն այստեղ ներկաներս ենք, որով դատապարտում ենք Ադրբեջանի գործողությունները, և ես հուսով եմ, որ մենք դրանով առաջ կշարժվենք։ Մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ՀՀ սահմանների որևէ փոփոխության դեմ ենք լինելու»։

Նենսի Փելոսին շեշտեց, որ ինքն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի առաջին խոսնակն է, որ այցելում է ՀՀ։ Նա նշեց, որ ԱՄՆ Կոնգրեսն առաջատար դեր է ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում և 2019-ին այն օրենսդրականորեն ընդունել է այդ հանցագործությունը, և անցյալ տարի նախագահ Բայդենի կողմից այդ օրենքը հաստատվել է։

Խոսելով ՀՀ խորհրդարանի նախագահի հետ հանդիպման մասին՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը վստահեցրեց՝ իրենց քննարկումներում առաջնային են անվտանգային հարցերը ու մանրամասնեց․ «Հայաստանի սահմանների, Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ տեղի ունեցող գործողությունները մեր ուշադրության ներքո են։ Երբ մենք դուրս ենք գալիս մեր տներից, առաջինը մեր անվտանգության մասին է խոսքը՝ երկկողմ անվտանգության, տարածաշրջանային և գլոբալ։ ԱՄՆ-ն՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, հստակ և վաղուց ի վեր նշել է, որ ռազմական լուծում հակամարտությունը չի կարող ունենալ։ Մենք շարունակում ենք հետևել իրադարձություններին և մենք ցանկանում ենք ձգտել, որպեսզի բանակցային, խաղաղ և տևական լուծում լինի ԼՂ հակամարտությանը»։

Նենսի Փելոսի նշեց, որ իրենց համար մեծ պատիվ է Հայաստան այցը, և այն ինչ-որ առումով նաև «ընտանեկան այցելություն» է։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930