Կոմիտասը մտերմացնում է մարդկանց
…Արամը, ինչպէս ասում են`«պինդ տղամարդ» էր: Ոչ ոք նրա արցունքը չէր տեսել: Ապրում էր անհոգ, երջանիկ: Հոգի էր տալիս հայ երգի համար: Նրա սրտին չափազանց մօտ էին հայկական ժողովրդական եւ գուսանական երգերը: «Կերած-խմած» մարդու համբաւ «վաստակած» Արամին լա~ւ էին ճանաչում Երեւանի մեծ ու փոքր ռեստորաններում: Նրան լաւ գիտէին նաեւ երաժշտախմբերի երաժիշտները, որոնք, միշտ սիրով էին կատարում իրենց մշտական յաճախորդի պատուէրները, մանաւանդ որ, առատօրէն վարձատրւում էին դրա համար:
Օրերից մի օր, հայկական արեւահամ կոնեակից հարբած Արամը, քիչ մնաց ձեռնամարտի բռնուէր ռեսռորանի երաժիշտների հետ.
– Ի՞նչ…, ուրեմն դուք իմ պատուէրը չկատարէ՜ք հա՞…, սրահով մէկ բղաւում էր նա,- կռունկ, մռունկ չգիտեմ, դադարեցրէք…, չէ՞ որ ես ձեզ պատուիրեցի «Էսօր Արազն ես գնացել» երգը…:
Կարդացեք նաև
Էս աղմուկի վրայ ջութակահարը դադարեցնում է նուագը ու մօտենում «Կռունկ»-ը պատուիրած ամերիկահայ հիւրին.
– Ներեցէք պարոն…, էս խառն վիճակում «Կռունկ» նուագել չի լինի…, մէկ Կռունկն է մեղք, մէկ էլ Կոմիտասը…, թող հանդարտուի իրավիճակը, յետոյ կը կատարեմ:
– Չհասկցայ տղաս…, այս խառնակ վիճակը Կռունկին համա՞ր է…, վազ անցանք եղբայր, պէտք չիկայ կռունկ-մռունկին, թող պարոնին ուզածը ըլլայ…, այսպէ՞ս կը յարգեն հոս Մեծն Կոմիտասին…, ամօ՜թ:
Իսկ Արամի սեղանի մօտ հետեւեալ զրոյցն էր ընթանում.
– Արամ ջան, ախը՜ր…, ա՜յ…, տեսնա՞ս կը, այ է~ն սեղանին էրկու մարդ կայ նստած, իտոնցմէ մէգը Ամերիկայէն է, տուրիստ, էնիկ է խնդրէ «Կռունկ» նուագել,- փորձում էր արդարանալ երաժշտախմբի լենինականցի ղեկավարը:
-Կռունկն ի՞նչ ա տօ՜…, հե՜չ ճաշակ չունեն էս մարդիկ, բա մարդ է՞լ ռեստորանում «Կռունկ» կը լսի… շարունակում էր բարձրաձայնել Արամը:
Մի քանի վայրկեան լռելուց յետոյ, արդէն փոքր-ինչ սթափ վիճակում Արամը շարունակեց.
– Լա՜ւ…, հասկացայ…, մի քիչ լաւ չստացուեց տղայ ջան, գնայ նրանց հրաւիրի իմ սեղանի մօտ, թէ որ մերժեցին` մի շիշ շամպանսկի կը դնէք իրենց սեղանին…, եղա՞ւ…
Ամերիկահայ հիւրն ու իր ընկերը մերժեցին Արամի հրաւէրը ու ոչ էլ օգտուէցին Շամպայն գինուց:
Երկուստեք`խորը լռութիւն ու հիասթափութիւն: Մէկ էլ` երաժշտախումբը սկսեց նուագել Արամի պատուիրած` «Էսօր Արազն ես գնացել» երգը: Շանթահար եղածի պէս, Արամը վեր ցատկեց տեղից ու արագօրէն մօտենալով երաժշտախմբին` դադարեցնել տուեց մեղեդու կատարումը ու, դանդաղ քայլերով մօտեցաւ ամերիկահայի սեղանին: Մի քանի վայրկեան լո՜ւռ, նայեց դիմացինի ժպտուն աչքերի մէջ ու առանց մէկ բառ իսկ արտաբերելու, վերադարձաւ իր սեղանի մօտ:
Մի քանի վայրկեան անց, Արամը նկատեց, որ ամերիկահայն ու իր ընկերը պատրաստւում են լքել սրահը: Մի պահ ցանկացաւ մօտենալ նրանց ու ներողութիւն խնդրել` երեկոն այս կամ այն կերպ փչացնելու համար, բայց ինքնասիրութիւնը թոյլ չտուեց: Ինչպէ՞ս.., ինքը` Արամը ներողութիւն խընդրի՞…, բա մարդիկ ի՞նչ կ՚ասեն…
Նա չգիտէր, որ մեծահոգի ամերիկահայը մի հարուած էլ էր պատրաստել իր համար:
Սրահից դուրս գալիս, ամերիկահայը զատուեց ընկերոջից ու մօտեցաւ Արամի սեղանին.
– Ես չեմ գիտեր բարեկամս թէ անունդ ինչ է, բայց ես կրնամ ըսել իմ անունս` Բիւզանտ Պէրպէրեան, մասնագիտութեամբ իրաւաբան:
Այս ասելուց յետոյ նա իր գրպանից հանեց ինքնութեան քարտը եւ մեկնելով Արամին` շարունակեց.
– Երբեւէ պէտք կրնաս ունենալ, մեծ աշխարհ է… եւ մէկ բան յիշէ եղբայրս. Ով Կոմիտաս չի սիրէր` ան հայ չի կրնար ըլլալ…:
Մինչ մեր Արամը ուշքի կը գար` երկու ընկերներն արդէն դրսում էին:
… Եղաւ այնպէս, որ ազգականների թելադրանքով ու կնոջ յորդորներից յոգնած, Արամը, ինչպէս բազում հայ ընտանիքներ, կնոջն ու երեխաներին վերցրած, եկաւ հասաւ Ամերիկա, Լոս Անջելէս: Ինչպէս սովորաբար լինում է նորեկների պարագային, երեւանեան հովերով տարուած, դեռ աշխատանքի չ՚անցած, այստեղ էլ իրեն տուեց խմիչքին: Դրամի հարց չունէր մեր հերոսը, ամբողջ կեանքը առեւտրի նախարարութիւնում էր աշխատել, որպէս աւագ հսկիչ: Սկզբում, որպէս նոր ժամանած մարդ, հայկական ռեստորաններ ու ամերիկեան երեկոյեան ակումբներ յաճախելու բազմաթիւ հրաւէրներ ունեցաւ:
Ի վերջոյ, ինչպէս ոմանց, յաջողութիւնը ընկերացաւ նաեւ Արամին: Բարեկամների օգնութեամբ շահաւէտ մի գործ գտաւ ու սկսեց ապրել արթմնի խաղաղ կեանքով:
Մշտապէս ասող-խոսող, զուարթ բնաւորութեան տէր Արամը թօշնել էր կարծես, դարձել լռակեաց: Այժմ արդէն դէպքից-դէպք էր լինում ռեստորաններում, սովորաբար` պարտաւորուած հանգամանքով (կնունք, ծնունդ, հարսանիք, եւն.):
Պատահեց, որ Երեւանից իր մանկութեան ընկերը եկաւ Ամերիկա: Այս անգամ ինքն էր ուղեկցողի դերում, բնականաբար, այցելում են հայկական ռեստորան: Հազիւ էր Արամը ընկերոջ հետ մտել ռեստորանի նախասրահ, իր ականջին հասան «Կռունկ»-ի հնչիւնները`ջութակի քաղցրալուր հնչողութեամբ:
… Արամը տեղում քարացաւ, կարծես վերացաւ աշխարից ու իրեն զգաց եթերային անսահմանութեան մէջ: Մինչ մեղեդին կ՚աւարտուէր, երկու ձեռքով գլուխը բռնած, հայեացքը դէպի առաստաղը` գամուած մնաց մինչեւ մեղեդու կատարման աւարտը, որից յետոյ, աներեւոյթ ուժի հրումից փլուեց պատահած աթոռին ու…, ու` աչքերից սկսեցին հոսել արցունքները` առատօրէն, երեսնիվար…
– Արամ…, Արա՜մ, քեզ ի՞նչ պատահեց եղբայր,- անհանգստացած հարցրեց բարեկամը:
– Ոչի~նչ, ոչինչ Ռուբօ ջան,- արցունքների միջից հազիւ կարողացաւ պատասխանել Արամը,- պարզապէս յիշեցի երեւանեան մի դէպք…, այս ի~նչ հոգեցունց, հոգի, սիրտ քանդող, չէ, չէ~ հոգի բզկտող մեղեդի է «Կռունկ»-ը: Նախկինում երբեք չէի զգացել դրա ուժը: Երեւի պէտք էր, որ պանդուխտ դառնայի, որպէսզի կարողանայի զգալ ու հասկանալ, թէ ի~նչ հանճարեղ երգ է «Կռունկ»-ը…, որը, իրոք որ մեզ նմանների համար է ստեղծուած…
– Դու, կարծում եմ, բաւական հոգեկան ապրում ունեցար, գուցէ դուրս գանք ու գնանք մի ուրիշ տեղ, որ դու մի քիչ ցրուես ու թարմանաս:
– Ո՜չ…, ի՞նչ ես ասում Ռուբիկ ջան…, ես պարտք ունեմ մէկին տալիք: Այսօր ճիշդ ժամանակն է…:
– Ի՞նչ պարտք Արամ ջան, հիմա յիշեցի՞ր, բա դրա ժամանակն է՞:
– Դու չգիտես Ռուբօ ջան, ես քեզ յետոյ կը պատմեմ… վառել ա ինձ…, իսկ հիմա գնա ներս եւ ջութակահարին բեր ինձ մօտ, նրանք ինձ լաւ գիտեն: Մինչեւ վերադառնաս` ես մի հիւրի եմ հրաւիրելու:
Ռուբիկի հեռանալուց յետոյ, Արամը դրամապանակի միջից հանեց խնամքով պահուած իրաւաբան Բիւզանտ Պէրպէրեանի այցեքարտը ու բջջայինով կապուեց իրաւաբանի հետ.
– Այո~…, այո~, կը լսեմ, ո՞վ կրնաք ըլլալ-
– Պարոն Բիւզանտ, ե՜ս եմ, ե~ս…, դուք իմ ձայնը չէք լսել… ես…
– Հոն կեցիր բարեկամս, մի շարունակէր, հասկցա՜, հաս-կը-ցա…, դուն`Երեւանի ռեստորանին Կոմիտասի Կռո~ւնկն ես…,- այս ասելն ու սրտաբուխ, ինքնամոռաց խընդուքը մէկ եղաւ:
– Այո՜, այո՜ պարոն Պէրպէրեան ես եմ, անունս Արամ է, Արամ: Ի՞նչպէս յիշեցիք պարոն Բիւզանտ:
– Ծօ՜…, «պարոն» ի՞նչ ըսել է: Բիւզանդ ըսէ` լըմըննայ, մենք ընկերներ չե՞նք…
Ամերիկահայ իրաւաբանի այդքան անմիջական, անկեղծ վերաբերմունքից չափազանց ազդուած ու յուզուած, Արամը անմիջապէս, առանց երկար-բարակ բացատրութեան` անցաւ «գրոհի».
– Բիւզանդ ջան, այժմ մանկութեան ընկերոջս հետ գտնւում ենք Բեվեռլի Հիլզ չհասած, Սանսէթ պողոտայի վրայ գտնուող նորաբաց Տուշպա անունը կրող ռեստորանում: Նա նոր է եկել Երեւանից եւ շատ հետաքրքիր տեղեկութիւններ ունի տալիք, մանաւանդ` Թաւշեայ յեղափոխութեան հետ կապուած: Շատ ենք խնդրում միանալ մեզ:
– Սիրով Արամ ջան, միայն թէ ինծի երկվայրկեան ժամանակ տուր, ճշդեմ տեսնամ տիկինս ի՞նչ ընելիքներ ունի:
Անշուշտ երկվայրկեանը մի քիչ երկարեց, սակայն պատասխանը դրական էր:
– Արամ ջան, բարեկամս, սխալ բա՞ն մը ըրած կ՚ըլլամ, եթէ տիկինս ալ հետս բերեմ, ան Հայաստանով շատ հետաքրքրուած է: Կարծեմ Տուշպա ըսիր ճաշարանին անունը, այնպէս չէ՞…
– Այո՜, այո, ոչ մէկ սխալ բան չկայ Բիւզանտ ջան, աւելի կը գեղեցկանայ մեր սեղանը ձեր կնոջ ներկայութեամբ: Ուրեմն`Տուշպա, Բեվերլի Հիլզ չհասած, ձախ թեւի վրայ:
– Մեզմէ հեռու չէ, 15-20 վայրկեանէն հոն կըլլանք:
Մինչ հիւրերի գալը, Արամը ջութակահարին «կարգադրեց».
– Հենց կը տեսնես, որ մենք, սրահ ենք մտնում, անմիջապէս կ՚անցնես Կռունկին…, եղա՞ւ…
Կէս ժամն արդէն անցել էր, երբ ժամանեցին Պէրպէրեան ամուսինները
– Կը ներես բարեկամս, ճամբան շատ խճողած էր…, այսօր` Ուրբաթ օր, եւ` իիկուան ժամո~ւն, եւ…, եւ` Սանսէթ պողոտայ, ան ալ` Հալիվուտի մէջ,- առանց շունչ առնելու` իրար ետեւից շարեց եւրոպական ցայտուն` պլպլան կոստիւմով, պերճաուք արտաքինով իրաւաբանը ու փաթաթուեց մեր Արամին.
– Ծօ՜…, աս ի~նչ արագ կ՚անցնին տարիները, կարծես երեկ էր, որ Երեւան էինք…, անանկ չէ՞ Արամ…
– Այո, այո~ շատ արագ են թռչում օրերը, իսկ հիմա եկէք մտնենք ներս, ժամանակ չկորցնենք, յետոյ շատ նիւթ կ՚ունենանք զրուցելու:
Հազիւ էին մի քանի քայլ արել մեր հիւրերը սրահից ներս, խոր լռութեան մէջ, կիսամութ սրահում սկսեց հնչել Կոմիտասի գլուխ-գործոց «Կռունկ»-ը` մենակատար ջութակահարի` մեղմից էլ մեղմ կատարմամբ:
Մերոնք, ի տես սրահի բոլոր այցելուների, այդպէս կանգնած մնացին մինչեւ աւարտուեց երաժշտութիւնը:
… Ճերմակ անձեռոցիկները ձախ ձեռքի դաստակին գցած երեք մատուցողներ տեղաւորեցին մեր հիւրերին` աղանդերներով գերծանրաբեռ սեղանի շուրջ:
… Որեւէ խօսք կամ արտայայտութիւն անցած պատմութեան վերաբերեալ, ի մտոյ, բոլորի համար էլ լռելը լաւագոյն դեղամիջոցն էր…:
Խնջոյքն ու հայկական պարը թեւածեցին մինչեւ առաւօտեան ժամերը:
… Այդ օրուանից յետոյ Արամը եւ Բիւզանտը դարձան մտերիմ բարեկամներ եւ երբեւէ խօսք չ՚եղաւ նրանց միջեւ անցածի մասին: Իսկ Տուշպա ռեստորանում ամէն մի հայ ամէն երեկոյ հարցնում էր.
– Կռո՜ւնկ, մեր աշխարհէն խապրիկ մը չունի՞ս…
Հենրիկ ԱՆԱՍԵԱՆ