Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞վ  են այս օրերին զբաղվում  Սիսիանի ավագանու ընտրություններին առաջադրված թեկնածուները

Սեպտեմբեր 18,2022 11:06

Ուղիղ մեկ շաբաթից՝ սեպտեմբերի 25-ին Հայաստանում կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, սակայն սեպտեմբերի 13-ից՝ կապված Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ սանձազերծած ռազմական գործողությունների հետ,  ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերը ակտիվ քարոզարշավ չեն անում։

Ռազմական գործողությունների հետեւանքով տուժած Սյունիքի մարզի երկու համայնքներում՝ Քաջարանում եւ Սիսիանում առաջիկա կիրակի նույնպես  համամասնական ընտրակարգով ավագանու անդամի ընտրություններ են։ Բոլորը ուժերը հայտարարել են քարոզարշավը դադարեցնելու մասին։ Չնայած սրան, այնուամենայնիվ թեկնածուները սոցցանցերում հայտարարություններ ու գրառումներ են անում։

Սիսիանում առաջադրված 7 ուժերից մեկը՝ «Ապրելու երկիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Արա Զաքարյանը երկու օր առաջ՝ սեպտեմբերի 16-ին ֆեյսբուքյան իր գրառմամբ նշել է, որ սեպտեմբերի 13-ից Սիսիան համայնքի բազմաթիվ բնակավայրեր հայտնվել են ՀՀ պետական սահմանի երկայնքով սանձազերծված մարտական գործողությունների հարակից գոտում: «Այդուհանդերձ, անթույլատրելի համարելով նախընտրական քարոզչության իրականացումը՝ որոշում ենք կայացրել շարունակել մեր այցերը համայնքի բնակավայրեր, լինել մարդկանց կողքին, խոսել նրանց հետ, լսել նրանց, մեր ժողովրդի հետ միասնացած գտնել լուծումներ բոլոր այն խնդիրների համար, որոնք պետք է լուծի գործունյա եւ արդյունավետ համայնքային իշխանությունը ստեղծված իրավիճակում: Մնացածը թող որոշեն մարդիկ սեպտեմբերի 25-ին», -գրել է Արա Զաքարյանը:

Վերջինիս հայտարարությանը հետեւեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորող, Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանի գրառումը։ «Արդեն քանի օր է, գտնվում ենք համապատասխան վայրերում, խոսում՝ ծառայող տղերքի, ինչպես նաեւ բնակավայրերի բնակիչների հետ: Բարոյահոգեբանական վիճակն ու մարտական ոգին բարձր է տղաների մոտ: Կխնդրեի որոշ խմբերի ապատեղեկատվություն չտարածել բանակում, ոչ մի դեպքում չընկճել զինվորի ոգին: Տեսակցել ենք վիրավորում ստացած մեր զինվորներին, օգնել առաջին անհրաժեշտության նյութերով, նրանցից շատերը նույնիսկ ցանկություն են հայտնել վերադառնալ սահման»,-գրել է Հակոբջանյանը՝ շեշտելով․ « Իմ համեստ ու խիստ զուսպ տեսակը թույլ չի տալիս առավել մանրամասնելու իմ սրտացավ ու նվիրումով մոտեցումը»։ Թեկնածուի կարծիքով՝ «ինքնափիարվելու ժամանակը չէ» ու «ամեն արած չէ, որ կարելի բարձրաձայնել` այն էլ այս իրավիճակում»։

«Աշխատանք եւ Արդարություն» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Հայկ Առաքելյանը կառավարության նիստում կամավորների հավաքագրելու մասին հայտարարությունից մի քանի ժամ հետո գրեց․ «Սիրելի՛ սիսիանցիներ, այսօր մեզ համար առաջնայինը հայրենիքի պաշտպանությունն է: Մեր թիմն արդեն կամավորագրվել եւ սպասում է բանակի հրամկազմի ցուցումներին»։ Նշենք, որ Հայկ Առաքելյանը ապրիլյան քառօրյա եւ 44-օրյա պատերազմների մասնակից է։

«Մեկ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Մարտին Հարությունյանի ֆեյսբուքյան էջում վերջին գրառումը սեպտեմբերի 13-ին է արվել։ «Ելնելով ստեղծված իրավիճակից՝ «Մեկ Հայաստան» կուսակցությունը միանշանակ դադարեցնում է Համայնքապետի առաջիկա ընտրությունների համար ընթացող քարոզարշավը։ Այս ծանրագույն իրավիճակում թող Աստված առավելապես իմաստություն եւ կարողություն տա ամենքիս»,-գրել է թեկնածուն՝ ցավակցելով զոհվածների հարազատներին ու բոլոր վիրավորներին շուտափույթ առողջություն ցանկանալով։

«Հանուն Հանրապետության» ընտրացուցակը գլխավորող Սեւակ Մուսաթյանը սեպտեմբերի 14-ին գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ « Սիսիանն իր տեղում է»։ «Գյուղերն իրենց տեղում են, հոսպիտալն իր տեղում է, այսօր ոչ մի վիրավոր չունենք, ժողովուրդն իր տեղում է, տարհանում չկա ու չի կարող լինել, երեխաներս էլ տանն են, ուղղակի դպրոցներն են փակ, որ չթիրախավորվեն… սուտ լուրերի մի հավատացե՛ք»,–մասնավորապես գրել է թեկնածուն։


«Հայ Յեղափոխական Դաշնակցության» ընտրացուցակը գլխավորող Աշոտ Ավագյանն էլ, պայմանավորված սահմանային իրավիճակով եւ ներկա անկայունությամբ, կոչ է արել բոլոր ուժերին դադարեցնել քարոզարշավը։ «Մենք՝ ՀՅԴ Սիսիանի կոմիտեն եւ նախընտրական շտաբը, հայտնում ենք Սիսիանի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ժամանակավորապես դադարեցման մասին։ Խնդրում ենք խուճապի չմատնվել, պահպանել զգոնությունը եւ հատկապես չտրվել սադրանքներին։ Աստված պահապան մեր ժողովրդին ու հայրենիքին»,-գրել է Աշոտ Ավագյանը։

«Զարգացող համայնք» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Մհեր Ազոյանի ֆեյսբուքյան էջում միայն նշված է սեպտեմբերի 13-ին նախապես ծրագրված հանդիպումների չեղարկման մասին։

 

Լուսանկարները՝ թեկնածուների ֆեյսբուքյան էջերից

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930