Լրահոս
Օրվա լրահոսը

Սոթքի բնակիչ. «Մտեք Վարդենիս, որտեղ փողոց տեսնես, սաղ ժողովուրդը դրսում ա»

Սեպտեմբեր 17,2022 22:43

Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի բնակիչ Մարգարիտա Մովսեսյանը սեպտեմբերի 16-ին ադրբեջանական հարձակումից հետո առաջին անգամ էր տուն եկել՝ իրերը հավաքելու։ Տան վիճակը տեսնելուց հետո՝ կինը արցունքները հազիվ էր զսպում։ 

Ասում է երկու երեխաների հետ փողոցում են մնացել։ Նրա խոսքով՝ տունը թալանել են, տարել են ամենաարժեքավոր իրերը. «Պատուհանները սաղ ջարդած, դռները սաղ ջարդած, ոչ մի բան չկա, ոչ մի բան չի մնացել։ Արի ու ստեղ ապրի, էլ մարդ կարա՞ ստեղ ապրի»։

Հիշում է, որ երբ Ադրբեջանը սկսել է հարձակվել գյուղի վրա մտածել են՝ անձրևի ձայնն է. «Դուրս ենք եկել, տեսել չորս տեղից կրակ ա վառում։ Փախել ենք ստեղից, ոչ մի բան չհասցրեցինք վերցնել՝ ո՛չ դոկումենտներ, ո՛չ մի բան»։ 

Տիկին Մարգարիտան կարծում է, որ գյուղում մնալը վտանգավոր է. «Ո՛չ լույս կա, ո՛չ մի բան չկա, լույսերը կտրած, պատուհանները բացած, դռները բացած, մնանք էստեղ գիշերը, դիվերսանտները գան մեզ գերի տանեն, պրծնե՞նք։ Գոնե մեր կաշին կարանք փրկենք էստեղից։ Էլ ո՞ր կինը կմնա էստեղ»։ 

Տիկին Մարգարիտայի ընտանիքը Սոթք տեղափոխվել է Ադրբեջանից, բայց ասում է, որ այն տարիներին Հայաստան գալիս նույնիսկ այսպես չի եղել. «Մենք, որ Ադրբեջանից եկել ենք, իսկի էսպես փախուստ չի եղել։ Գոնե ժամանակ տային, ասեին՝ հավաքեք»։  

Ասում է տեղ չունեն գնալու, գիշերը ստիպված Վարդենիսում փողոցում են անցկացնում. «Ու ինձ նման հարյուրավոր մարդիկ։ Սաղ դրսում են։ Մտեք Վարդենիս, որտեղ փողոց տեսնես, սաղ ժողովուրդը դրսում ա։ Ի՞նչ անեք, էդ ա»։ 

Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանին խնդրեցինք մեկնաբանել քաղաքացու հայտարարությանը, թե իր տունը թալանել են. «Հստակ չեմ կարող ասել։ Բնակիչը այդպես է ասում, բայց մենք գյուղով պտտվում ենք անծանոթ մարդկանց կամ նման դեպք չենք արձանագրել։ Բայց հնարավոր է, չեմ բացառում. բնակիչն է ասում»։ 

Հիշեցնենք, որ Սևակ Խաչատրյանը անդրադարձել էր նաև բնակիչների՝ փողոցում և մեքենաներում քնելու խնդրին. «Բոլորին առաջարկել ենք տարածք, որտեղ կարող են մնալ, ուղղակի կարող է Մարտունիում է՝ հեռու է, չեն ուզում գնալ, որովհետև էստեղ անասունն է։ Իսկ Վարդենիսում բոլորին չենք կարողացել տեղավորել։ Բայց ունենք տեղեր Մարտունիում, Երևանում»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930