Լրահոս
Օրվա լրահոսը

Ակների բնակիչ. Քանի օր է` կռիվ է, բայց մենք աշխատում ենք, որ երեխեքին պահենք

Սեպտեմբեր 17,2022 21:37

Աննա Սարգսյանը իր երկու երեխաների հետ վարձով բնակվում է Սյունիքի մարզի Ակներ գյուղում։ Նա Aravot.am-ին պատմեց, որ մի քանի հարևանով այժմ բնակվում են հարևաններից մեկի նկուղում, քանի որ իրենց նկուղը հարմար չէ որպես ապաստարան օգտագործել։ Հարևանի նկուղը, ճիշտ է, պատուհաններ ունի, բայց բնակիչները փեթակներ են շարել պատուհանների առջև։ 

«Ահավոր դմփոց, ահավոր ձայներ էին։ Հարևանին զանգեցի ասացի՝ լսո՞ւմ եք էս ձեները, ասում ա՝ հա։ Մեկ էլ տեսնեմ՝ քույրս զանգում ա։ Քույրս ասաց՝ Աննա, զգուշացի, կռիվ ա։ Որ տեսանք՝ կռիվ ա, արդեն ինչ ունենք-չունենք հավաքեցինք եկանք հարևանիս տուն։ Չորս ընտանիքներով հավաքվել ենք մի տեղ»,- պատմում է Աննան։

Նրա խոսքով՝ երեխաները վախից չեն կարողանում քնել. «Երեխեքս ահավոր վախեցել են։ Մեր ներքևի հարևանի տղան, երկրորդ դասարանի տղա է պուճուր, ամեն րոպե լացում ա։ Ինչքան էլ ասում ենք՝ բան չի լինելու, ամեն դմփոցից ինքը լացում ա։ Ահավոր վիճակ ա, չգիտենք՝ ինչ անենք»։ 

Աննան պատմում է, որ փորձում են երեխաներին համոզել, թե բան չկա, ամեն ինչ նորմալ է, սակայն երեխաները չեն հավատում մեծերի խոսքերին. «Երեխքը, ճիշտն ասած, մեզանից լավ գիտեն, թե ինչ ա կատարվում։ Հիմիկվա երեխեքին էլ կասե՞ս՝ ինչ ա եղել, իրենք ամեն ինչ գիտեն։ Որ ասում ես՝ բան չկա, ինչ-որ մի տեղ աշխատում են, խփում են, ոչ մի բան չեն ուզում հավատան։ Ասում են՝ մեզ խափում եք»։

Հարևանները, սակայն, չեն շտապում լքել ապաստարանը, քանի դեռ իրավիճակը պարզ չէ։ Ապաստարանում քնում են գետնին՝ ամեն մեկը իր տնից անկողնային պարագաներ են բերել։ Սակայն նկուղը խոնավ է, և ստիպված են ամեն օր դուրս հանել անկողնային պարագաները, որ չորանան. «44-օրյայի ժամանակ էդքան չենք վախեցել, ինչքան հիմա։ Մեր գլխին են, է՜, մեր վերևն են։ Եթե ուզեն խփել, միանգամից էստեղ ա։ Որտե՞ղ գնամ։ Ինչ ունեմ-չունեմ էս ա։ Թողեմ ո՞ւր գնամ։ Հնարավորություն էլ չունեմ, որ ասես վերցնեմ գնամ էստեղից»։ 

Չնայած՝ իրավիճակին Աննան շարունակում է աշխատել. «Գյուղում պանիր ենք մշակում։ Քանի օր է` կռիվ է, բայց մենք պանիր ենք մշակում, աշխատում ենք, որ մի երկու կոպեկ վերցնենք, որ մեր երեխեքին պահենք»։ 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930