Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ականատես ենք լինում Կովկասի ընդունում-հանձնում գործընթացին». ԱԺԲ-ն հայտարարեց, որ սկսում են ազգային-ազատագրական պայքարի վերջին հաղթական փուլը

Սեպտեմբեր 17,2022 21:06

«Ստացվեց մեր հավաքն այնքանով, որ տիկին Փելոսին համոզվեց, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր հավատում են ԱՄՆ-ին, վստահում են ԱՄՆ-ին եւ լի են վճռականությամբ՝ ապագաղութացնելու մեր երկիրը»,- այսօր ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցի կապակցությամբ կազմակերպված ողջույնի հավաքին ասաց ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանը:

Հիշեցնենք, որ ԱԺԲ անդամները հավաք էին կազմակերպել Զվարթնոց օդանավակայանի ճանապարհին՝ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դրոշներով ու «Thank you, America» ցուցանակներով երախտագիտություն հայտնելու Ադրբեջանի սանձազերծած պատերազմը ԱՄՆ միջնորդությամբ դադարեցնելու համար:

Վահե Գասպարյանն ասաց. «Սա իրոք պատմական իրադարձություն է՝ առանց որեւէ չափազանցության, որովհետեւ Հայաստանի պատմության, առավել եւս վերջին 30 տարիների ընթացքում նման բարձրաստիճան այց չի եղել, առավել եւս, որ դա տեղի է ուենում վերջին ռուս-թուրք-ադրբեջանական ագրեսիայից հետո: Այնպես, ինչպես տիկին Փելոսին իր համարձակ եւ վճռական այցով Չինաստանին զգուշացրեց Թայվանի հարցում, այնպես էլ հիմա ՌԴ-ին, Թուրքիային եւ Ադրբեջանին է զգուշացնում՝ Հայաստանի հարցում: Սա իմ ենթադրությունը չի: Ինքը՝ խոսնակը, այցից ժամեր առաջ Թվիթերում գրառում է արել՝ ասելով, որ սա սիմվոլրիկ այց է ու այս այցը կոչված է ցույց տալ ԱՄՆ-ի վճռականությունը՝ կանգնելու Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության հարցի սատարմանը: Այնպես որ, սա իրոք բեկումնային իրադարձություն է ու կարծում եմ, որ մենք ականատես ենք լինում Կովկասի ընդունում-հանձնում գործընթացին: ՌԴ-ն թուլացող կայսրություն է, ստիպված է հեռանալ Կովկասից:  Ինչպես արյունով եկել է, այնպես էլ արյունով գնում է, իսկ այդ վակուումը լրացնելու է ոչ թե Արեւմուտքը, այլ թուրքը»:

Ըստ նրա, ՀՀ իշխանությունները պատրաստ են ցանկացած դիրքորոշում փոխել՝ հանուն սեփական պաշտոնի, բայց ԱՄՆ-ն որեւէ պատրանքներ չունի Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ, հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանն ու Հայաստանը տարբեր բաներ են. «Հայաստանն է որոշելու իր իշխանությունը եւ եթե մինչ այս դա որոշվում էր Կրեմլում, Ամերիկան, վստահ եմ հարգելու է հայ ժողովրդի ընտրությունը»:

Իր ելույթում Վահե Գասպարյանը հայտարարեց. «Հայ ժողովուրդը այլեւս կատարել է իր ընտրությունը՝ Ռուսաստանը հեռանում է, ԱՄՆ-ն գալիս է: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, քաջ գիտակցելով պետության ու ազգի առաջ կանգնած ծայրագույն մարտահրավերները՝ կոչ ենք անում ողջ բնակչությանը ակտիվ մասնակցություն բերել սեպտեմբերի 21-ին ժամը 16-ին հրավիրված հանրահավաքին: Հանրահավաքի օրակարգի գլխավոր հարցերն են՝ ժողովրդի ինքնապաշտպանության կազմակերպման անհրաժեշտությունը, ՀԱՊԿ կոչվող մեռելային, ավելին՝ թշնամական կառույցի անդամությունից անհապաղ հրաժարվելու անհետաձգելիությունը, միջազգային լեգիտիմ մանդատի ուժով բազմազգ խաղաղապահ ուժերի տեղակայումը հայ-ադրբեջանական բախման բոլոր հատվածներում»:

Նա հայտարարեց, որ սկսում են ազգային-ազատագրական պայքարի վերջին հաղթական փուլը: «ԱՄՆ-ն անցել է գործուն քայլերի՝ Հայաստանին օգնելու հարցում ու վերջին զինադադարը հնարավոր դարձավ կոլեկտիվ Արեւմուտքի, առաջին հերթին ԱՄՆ-ի ջանքերի շնորհիվ: Բայց այդ ջանքերը այնքան էլ օգտակար չեն լինի, եթե մենք, որպես ժողովուրդ, չսեղմենք Արեւմուտքի կողմից մեզ մեկնած ձեռքը: Մենք դա պարտավոր ենք անել՝ հանուն գալիս սերունդների ու հանուն մեր զոհված տղաների վառ հիշատակի: Սեպտեմբերի 21-ին չի ներվելու որեւէ գիտակից հայի բացակայությունը: Հաշված շաբաթներ անց Առաջին հանրապետությունը վերածնվելու է: Սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության օրը, ավելի ճիշտ՝ հանրաքվեի օրը, որովհետեւ Տեր-Պետրոսյանը որոշեց, որ հայ ժողովուրդը հանրաքվեով պիտի դուրս գա իրեն օկուպացրած երկրից, մենք այդ օրը ցույց կտանք, որ օկուպացրած երկրի կազմից դուրս են գալիս ոչ թե հանրաքվեով, այլ ազգային-ազատագրական պայքարով ու ապագաղութացնելով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930