ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Հայաստանում է:
Ազգային-ժողովրդավարական բեւեռի ներկայացուցիչները ողջույնի հավաք էին կազմակերպել Զվարթնոց օդանավակայանի ճանապարհին՝ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դրոշներով ու «Thank you, America» ցուցանակներով երախտագիտություն հայտնելու Ադրբեջանի սանձազերծած պատերազմը ԱՄՆ միջնորդությամբ դադարեցնելու համար:
ԱԺԲ անդամ Գարեգին Չուքասզյանն ասաց. «Բայդենի ադմինիստրացիայի հայտնվելուց հետո այն քայլերը, որ ԱՄՆ-ն ձեռնարկել է, սկսած՝ ապրիլի 24-ի Ցեղասպանության ճանաչումից, դրանից հետո էլ քայլ առ քայլ դրված էր խնդիր եւ ԱՄՆ-ում 2020-ի պատերազմից հետո նոյեմբեր ամսից սկսած որոշում կար, որ պետք է ճշտեին քաղաքականությունը, խնդիր էր դրվել Բայդենի կողմից՝ Հարավային Կովկասում, թե ինչ ռազմավարություն պետք է ունենա ԱՄՆ-ն: Մեկուկես տարի անց, շուրջ երկու տարի, մենք նկատեցինք օգոստոս ամսին նշանակում եղավ, դրան նախորդեցին բարձրաստիճան պաշտոնյաների այցեր Հայաստան: Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը ժամանեց ամռանը, աննախադեպ բան էր, նաեւ Բլինքենի տեղակալը, օգնականը, որը տեղակալի պաշտոն ունեցող է, կարելի է ասել, շատ բարձր պաշտոնյայի նշանակեցին Հարավային Կովկասում բանակցությունների գծով ավագ օգնական ու այսօրվա այցելությունը այդ շարքի մեջ է, ու արդեն շատ ավելի բարձրաստիճան այցելություն է: Ու հասկանալի է, որ այն բոլոր պնդումները, թե ՀՀ-ն ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում ԱՄՆ-ի եւ արեւմուտքի համար, ակնհայտորեն ցույց է տալիս այսպիսի անձանց այցելությունը, որ սխալվում էին»:
Կարդացեք նաև
Տեսնելով, որ Նենսի Փելոսիին ուղեկցող ավտոշարասյունն է մոտենում արդեն, հավաքի մասնակիցները կազմ կանգնեցին այնպես, որ այդ սպասումը Կարո Եղնուկյանին հիշեցրեց հայտնի ֆիլմը, նա կատակեց. «Հարսնացուն Հյուսիսից»: Այնպես էին կազմակերպել, որ երկու երեխաներ՝ հայկական տարազով, ԱՄՆ դրոշով ու Եռագույնով, աղ ու հացով պետք է դիմավորեին տիկին Փելոսիին: Հավաքի մասնակիցները ժամանակ առ ժամանակ երեխաներին ուղղորդում էին ինչպես կանգնեն, որ տիկին Փելոսին անպայման տեսնի, նկատի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ