ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Հայաստանում է:
Ազգային-ժողովրդավարական բեւեռի ներկայացուցիչները ողջույնի հավաք էին կազմակերպել Զվարթնոց օդանավակայանի ճանապարհին՝ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դրոշներով ու ցուցանակներով երախտագիտություն հայտնելու Ադրբեջանի սանձազերծած պատերազմը ԱՄՆ միջնորդությամբ դադարեցնելու համար:
Հավաքի մասնակիցները նշում էին, որ թուրքը եւ սպիտակ շորեր հագած ռուսը նույն կողմում են ու մեր միակ փրկությունը ԱՄՆ-ն է բերելու:
Մասնակիցներից մեկն ասաց. «Մեր 18-19 տարեկան տղաներին, որոնք ընդամենը կես տարի, մեկ տարի առաջ են զինակոչվել, անպատրաստ, վատ զինված կանգնեցնում են թուրքական բանակի դիմաց: Ադրբեջանական բանակ գոյություն չունի: Եթե ես ուզում եմ, որ այդ տղաները փրկվեն, այդ փրկությունը գտնվում է Ամերիկայի ձեռքերում: Ոչ մի ռուսի վրա մենք հույս դնել չենք կարող, չենք էլ կարողացել, դա եղել է մոլորություն: Վստահ եմ, որ մեզ միայն ԱՄՆ-ն կարող է օգնել այդ հարցում: Ռուսը հեռանում է եւ եթե այս տարածքը չի լինելու թուրքական, լինելու է միայն ամերիկյան, վե՛րջ»:
Կարդացեք նաև
Մասնակիցների համոզմամբ, տիկին Փելոսիի այցը արդյունք կունենա, եթե մեր իշխանությունները ոչ թե խնդրեն, այլ պարզապես ընդունեն ԱՄՆ-ի օգնությունը: Նրանց խոսքով՝ ՀԱՊԿ-ը ապացուցեց, որ գոյություն չունի, ուստի պետք է փնտրել այլընտրանքային ուղի:
«Այսօր հայ ժողովրդի համար տոն է, եկել ենք դիմավորելու Նենսի Փելոսիին: Այս օրվան շատ ենք սպասել, սա Հայաստանի փրկությունն է: Կարող ենք համարել, որ այսօրվանից Հայաստանը թողնում է ռուսական կեղտոտ համակարգը եւ մտնում է արեւմտյան նորմալ իրավական համակարգ»,- ասաց տիկին Փելոսիին դիմավորող ԱԺԲ հավաքի մասնակիցներից մեկը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ