Ինչպես տեղեկացրել ենք, սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են նախատեսվում նաեւ Լոռու մարզում:
Մի քանի օր է՝ լուրեր են շրջանառվում, որ «Ապրելու երկիր» կուսակցության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի թեկնածու Կարլեն Վերմիշյանը պատրաստվում է միանալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Լուրի իսկությունը փորձեցինք ճշտել թեկնածուից:
Aravot.am-ի հետ զրույցում Վերմիշյանը հերքեց՝ նշելով, որ այդ մասին ինքը նույնպես լսել է՝ վստահեցնելով, թե դրանք իրականությանը չեն համապատասխանում. «Ես էլ եմ լսել ու չեմ հասկանում, ով է նման ֆեյք լուրեր տարածում: Ես չեմ պատրաստվում միանալ ՔՊ-ին, նմանատիպ ցանկություն չունեմ: Ես ընտրություններին մասնակցում եմ «Ապրելու երկիր» կուսակցությունով, չեմ էլ պատրաստվում մի հատ ուրիշ կուսակցության միանամ կամ ուրիշ կուսակցության հետ համագործակցության գնամ»:
Վերմիշյանը 2018 թվականի հեղափոխությունից հետո եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմում: Նրա կարծիքով՝ հենց դա էլ եղել է պատճառը նման լուրեր տարածելու. «Կուսակցությունից իմ դուրս գալու միակ պատճառն այն է եղել, որ մեր քաղաքական հայացքները տարբեր են եղել: Ես ընդհանրապես ուրիշ ձեւի եմ մտածում, իրենք՝ ուրիշ: Առանց որեւէ մեկս մյուսին վիրավորելու, ես կուսակցությունից դուրս եմ եկել: Իմ քաղաքական հայացքներն իրենց քաղաքական հայացքների հետ չի համապատասխանել ընդհանրապես»,- եզրափակեց թեկնածուն:
Կարդացեք նաև
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ