Երբ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասում է, թե իրենց (Փաշինյանի եւ ընկերների) ակնկալիքները ՀԱՊԿ-ից այլ էին, նա կամ խորամանկում է, կամ հեռատես չէ:
Ցանկացած հայ ենթասպա-պայմանագրային եւ համատեղության կարգով նաեւ՝ տաքսիստ-աշխարհաքաղաքական վերլուծաբան կասի, որ նույնիսկ այդ կազմակերպության լավագույն տարիներին՝ մինչեւ 2014 թվականը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը ոչ մի բանի դիմաց իրենց ԶՈՒ-ն չէին ուղարկի դիմակայելու Թուրքիայի հետ Ադրբեջանի ագրեսիային:
Եթե ինչ-որ մեկը նույնիսկ երազում էր, թե Ռուսաստան-Բելառուս միութենական երկիրը (այսուհետեւ՝ ՌոԲել) համաձայն պայմանագրի 4-րդ կետի, տարածաշրջան օպերատիվ արձագանքման կոլեկտիվ ուժեր կուղարկի, ապա նա պետք է այդ մտքին հրաժեշտ տված լիներ 44-օրյա պատերազմի ժամանակ: Չէ՞ որ այն ժամանակ ագրեսորները հարվածներ հասցնում էին նաեւ ՀՀ տարածքին: Մեկը՝ բոլորի, բոլորը՝ մեկի համար հրացանակիրների սկզբունքը այն ժամանակ չաշխատեց:
Ավելին, անգամ երբ ՀՀ օդային տարածքում, Արցախում մարտական գործողությունների գոտուց դուրս, ռուսական Ми-24 հարվածային ուղղաթիռ խոցվեց (9 նոյեմբերի 2020 թ.), ՌԴ երկու զինծառայող զոհվեց, մեկը ծանր վիրավորվեց, ՌոԲելը ոչ զարմանալի զսպվածություն հանդես բերեց, թե առաջին անգամ չէ. թուրքերը նաեւ ՌԴ ՌՏՈւ СУ-24 են խոցել Սիրիայում (24 նոյեմբերի 2015 թ.), օրը ցերեկով դեսպանին են գնդակահարել (19 դեկտեմբերի 2016 թ.) եւ այդ ամենը, կարելի է ասել, մարսել են:
Կարդացեք նաև
Այստեղ ճիշտ ժամանակն է հարցնելու. որո՞նք են այդպիսի զսպվածության պատճառները: Ես չեմ բացի Թուրքիայի հետ Ռուսաստանի բոլոր շահերի վերլուծությունը: Առավել եւս որ դրանք, ինչպես երբեք, ակնհայտ են հիմա նրանց հարաբերություններում: Այս տարվա փետրվարի 24-ից հետո երազել, որ ՌոԲելը պատերազմի մեջ կմտնի ադրբեջանա-թուրքական տանդեմի դեմ, կարող է միայն Արմեն Գրիգորյանի ուկրաինացի գործընկերը, լուգանսկցի անասնաբույժ Դանիլովը:
Ես շատ բան կտայի՝ ՀԱՊԿ-ի վերջին նիստի սղագրությունը թերթելու համար, որը նախագահում էր Փաշինյանը: Սակայն առանց դրա էլ պարզ է. ինչպես 2020 թվականին, ՀՀ ղեկավարությունը չի պատերազմ հայտարարել ու երկրում ռազմական դրություն չի մտցվել: Այսինքն, արվել է ամեն բան, որպեսզի ագրեսիան ձեւակերպվի որպես «սահմանային միջադեպ», ինչը ՀԱՊԿ-ին, իմա՝ Ռուսաստանին, հնարավորություն է տալիս սահմանափակվել հրադադարի հաստատման քաղաքական-դիվանագիտական գործիքակազմով, խուսափել «երկրորդ ճակատ» բացելու թակարդից: Ուրեմն, ինչո՞ւ է խորամանկում ՀՀ ԱԽ քարտուղարը:
Այս ամենը նշանակո՞ւմ է, արդյոք, որ ՀՀ-ն պետք է «ամուսնալուծվի եւ օրիորդական ազգանունը վերցնի»: Ոչ, իհարկե: Այդպիսի հիմարություն կարող են շրջանառել միայն խզմալյաններն ու սասնածռերը: Պարզ է, որ այս խառնաշփոթում արագ հավաքական Արեւմուտքի ճամբար փախչել չի հաջողվի, որքան էլ դա խոստանա Արա Պապյանը: Բացի դա, հավաքական Արեւմուտքը իր շահերն ունի Ադրբեջանում: Եվ ձմռան մոտենալու հետ դրա պահանջարկը մեծանում է:
Ի՞նչ անել այդ դեպքում: Այն ամենը, ինչ չեն արել, չեն պատրաստվում եւ չեն կարող անել Փաշինյանն ու իր ընկերները. պատրաստվել պատերազմի, այլապես այն կլինի անխուսափելի եւ կարճատեւ: Եվ այդ ժամանակ, ժողովուրդ ջան, Փաշինյանը կստորագրի ամեն բան, անգամ երկրորդ Ալեքսանդրապոլի պայմանագիրը, իսկ համաշխարհային հանրությունը միայն «խորը մտահոգություն» կհայտնի:
Արթուր ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Բոստոնի CMPartners ընկերության բանակցությունների հարցերով ավագ խորհրդատու