Շրջակա միջավայի նախարարությունը փաստահավաք աշխատանքներից հետո նախարար Հակոբ Սիմիդյանի անունից համապատասխան գրությամբ դիմել է դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ ևս մեկ անգամ նրանց ուշադրությունը հրավիրելու ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի արդյունքում բնապահպանական աղետների առաջացման իրական վտանգի վրա։
Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանով առաջացած հրդեհները մեծ վնաս են հասցրել Վայոց ձորի մարզի «Ջերմուկ» անտառային տնտեսությանը։ Տվյալ տարածքում անտառային հրդեհները զգալի վնաս են հասցրել 10 հա անտառածածկ տարածքի կենսաբազմազանությանը, ներառյալ էնդեմիկ բուսական և կենդանական աշխարհը` հանգեցնելով հողերի դեգրադացմանը: Այս տարածքներում աճող բույսերը (գիհի կազակական, տանձի մի քանի տեսակներ և այլն) և ապրող կենդանիներ (հայկական մուֆլոն, բեզոարյան այծ, գորշ արջ և այլն) գրանցված են Կարմիր գրքում:
Ջերմուկը ունի հարուստ էկոհամակարգ (կաղնիներ, գիհիներ, սոճիներ), որոնք նույնպես վտանգված են, քանի որ անտառային հրդեհները վնասում են բույսերի և կենդանիների առանձնահատուկ տեսակները:
Թիրախավորած տարածքները կարևոր են կենսաբազմազանության պահպանության առումով: Այդ տարածքները հարուստ են էնդեմիկ և վերացման վտանգի տակ գտնվող տեսակներով, որոնց նշանակությունը կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար:
Գեղարքունիքի, Սյունիքի ու Վայոց ձորի մարզերի Ադրբեջանի թիրախավորած տարածքներում կան բնության հատուկ պահպանվող տարածքներ: Դրանք ինչպես ՀՀ կարմիր գրքում, այնպես էլ Բնապահպանական միջազգային միության (IUCN) վտանգված տեսակների Կարմիր ցուցակում ներառված բույսերի ու կենդանիների (հայկական մուֆլոն, բեզուարյան այծ, գորշ արջ, հարավկովկասյան ընձառյուծ և այլն) ապրելվայրն են, կարևոր միջանցք են այդ տեսակների միջգրացիայի համար։
Նման գործողությունները միանշանակ վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի համար՝ էապես ազդելով միջազգային բնապահպանական պայմանագրերով և կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների կատարման արդյունավետության վրա:
Բարձր գնահատելով միջազգային գործընկերների աջակցությունը, Շրջակա միջավայրի նախարարությունն անկնկալում է գործուն միջամտություն՝ կանխելու էկոհամակարգային ռեսուրսների վրա ճնշումների սրումը և երկարաձգումը։
ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ