Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանն այս օպերացիան անում է Ռուսաստանի ակնհայտ հանդուրժողականությամբ ու թերեւս թույլտվությամբ ու խրախուսանքով». «Առերեսում»

Սեպտեմբեր 17,2022 22:00

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ ԱՄՆ-ում ՀՀ նախկին փոխդեսպան, իրավաբան Արմեն Խարազյանը Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ-ից) դուրս գալու եւ ԱՄՆ-ից ռազմական օժանդակություն ստանալու կողմնակից է: Ուստի նրա հետ զրույցում հիմնականում մեջբերում էինք այն հակափաստարկները, որոնք ներկայացնում են նման կտրուկ շրջադարձից ձեռնպահ մնալու խորհուրդ տվողները:

Նախ՝ հակափաստարկ կա, որ ՀԱՊԿ-ից դուրս գալը ոչ պակաս անվտանգային ռիսկեր է առաջացնելու մեզ համար: Արմեն Խարազյանն այս առնչությամբ նշեց. «Երկու դեպքում էլ կան ռիսկեր՝ թե դուրս գալու, թե դուրս չգալու: Դուրս չգալու ռիսկը երբեմն կարող է արտահայտվել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ՀՀ վերահսկողության կորստով»: Հավելմանը՝ նաեւ Արցախի կորստով, արձագանքեց. «Ճիշտն ասած, ինձ համար դժվար է Արցախի կորուստը համարել վերջնական եւ անվերադարձ»: Ենթադրությանն ի պատասխան, որ ՀԱՊԿ-ից դուրս գալը հաստատ վերջնական կդարձնի Արցախի կորուստը՝ նշեց. «Դժվար է ասել, քանի որ ՀԱՊԿ-ն ինքը դիսֆունկցիոնալ մեխանիզմ է: Այն գործարկվում է միայն Ռուսաստանի ցանկությամբ ու քաղաքական կամքով: Եվ ես չեմ տեսել ՀԱՊԿ-ի գործարկման որեւէ տրամաբանական դեպք, բացի վերջերս Ղազախստանում տեղի ունեցած՝ իր մեջ ռացիոնալի մեջ շատ հարցեր առաջացնող միջադեպից: ՀԱՊԿ-ն ընդհանուր առմամբ եղել է ռուսական պրոպագանդիստական շրջանակ՝ Արեւմուտքին ցույց տալու, որ ի պատասխան ՆԱՏՕ-ի՝ Ռուսաստանը կարող է իր շուրջ բերել երկրներ»:

Մյուս հակափաստարկն է, որ հայ զինվորն այսօր պաշտպանում է Հայաստանը հենց Ռուսաստանի, այլ ոչ ՆԱՏՕ-ի տված զենքով: «Հայաստանը ՆԱՏՕ-ից, գիտենք, որ զենք չի ստանում: Եվ եթե Ռուսաստանից ստանում է որեւէ զենք՝ մենք տեսել ենք, որ այն չի ապահովում ՀՀ առջեւ կանգնած խնդիրների լուծումը»,- ասաց պրն Խարազյանը:

Նա արձագանքեց նաեւ մեկ այլ հակափաստարկի, որ Հայաստանի սպառնալիքը Ադրբեջանն ու Թուրքիան են, իսկ վերջինս հենց ՆԱՏՕ-ի անդամ է, այլ ոչ ՀԱՊԿ-ի: Համաձայնելով, որ Հայաստանի առջեւ ծառացած սպառնալիքները բխում են այդ երկու երկրներից՝ ԱՄՆ-ում ՀՀ նախկին փոխդեսպանն ասաց. «Սակայն Հայաստանի առջեւ նաեւ կա սպառնալիք Ռուսաստանի կողմից՝ հայոց պետականությանը… Իրենց սահմանների շուրջ գոյություն ունեցող որեւէ երկրի անկախությունը Ռուսաստանն ընկալում է իբրեւ մարտահրավեր իր ամբողջականությանն ու միջազգային ասպարեզում իր դիրքին: Եվ ձգտում է այդ երկրի անկախությունը ճնշել: Դրա դրսեւորումները տեսնում ենք բալթյան պետությունների նկատմամբ, այսօր Ուկրաինայում եւ այլն»:

Կա նաեւ տեսակետ, որը հնչեցրել էր Սթենֆորդի համալսարանի միջազգային հարաբերությունների դոկտոր Արթուր Խաչիկյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի հարձակումներից պաշտպանվելու հարցում անիմաստ է Հայաստանի կողմից միջազգային տարբեր կառույցներին խնդրանքներով դիմելն ու որևէ բանի՝ բացի անատամ հայտարարություններից, սպասելը, որովհետև ակնհայտ է, եթե այդ միջազգային կառույցները ցանկանային օգնել Հայաստանին կամ Արցախին, ապա կանեին Ուկրաինայի համար արածի գոնե մեկ տոկոսը։ «Միանգամայն համաձայն չեմ,- ասաց ԱՄՆ-ում ՀՀ նախկին փոխդեսպանը:- Ուկրաինային այսօր տրվող միջազգային օժանդակությունը հատկապես ՆԱՏՕ-ից, ԱՄՆ-ից եւ մյուս երկրներից տեղի է ունենում, որովհետեւ Ուկրաինան կռվում է իր անկախության եւ տարածքային ամբողջականության համար»: Առարկությանը, թե այդ օժանդակությունը տրվում է այն պատճառով, քանի որ կռիվը Ռուսաստանի դեմ է՝ Արմեն Խարազյանը մասնավորապես արձագանքեց. «Ռուսաստանի դեմ կռվելը շատ ավելի բարդ խնդիր է, քան Ադրբեջանի դեմ կռվելը: Եվ եթե Հայաստանը ցանկանար Ադրբեջանի դեմ կռվել՝ ունենալով ամենաարդիական զենքը, ՀՀ-ն կարող էր այդ զենքը խնդրել եւ զենքի ստացման համար ներկայացվող պահանջները բավարարելու դեպքում՝ ստանալ այն: Այդ պահանջներն իրականում իրավակարգավորիչ մի շարք խնդիրներ են, որոնց լուծման համար Հայաստանը պարտավոր է քայլեր ձեռնարկել»:

Հնչած հարցադրմանը, թե ինչպե՞ս է ստացվում, որ միջազգային հանրությունն ողջունում էր հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական երկխոսությունն ու տարածաշրջանային խաղաղությանն ուղղված ջանքերը, բայց աշխարհի աչքի առաջ Ալիեւը հանդգնեց հերթական ռազմական գործողությունները սկսել՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Ադրբեջանն այս օպերացիան անում է Ռուսաստանի ակնհայտ հանդուրժողականությամբ ու կասեմ նաեւ՝ թերեւս թույլտվությամբ ու խրախուսանքով: Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ կա փոխըմբռնում այս գործության նպատակների մասին»:

Իսկ արդյոք տեղի ունեցածը ձախողո՞ւմ չէր գործող իշխանության քաղաքականության, թե ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԵՄ-ի մասնակցությունը երաշխավորում է ՀՀ քաղաքական անվտանգությունը՝ պատասխանեց. «Այդ երկրների մասնակցության մասին Հայաստանը լուրջ խոսակցություն էլ չի վարել այդ երկրների հետ: Հայաստանը չի ցանկանում Ռուսաստանից բացի՝ որեւէ այլ կարգի ռազմական ներկայություն այս տարածաշրջանում: Եվ չի ցանկանում տեսնել ռուսական առաջատարությունից բացի՝ որեւէ այլ կարգի առաջատարություն»:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930