Լրահոս
Օրվա լրահոսը

Կազմակերպել Հայկական համազգային ճակատ՝ որպես Արցախի խաղաղության, զարգացման եւ անվտանգության ապահովման երաշխավոր․ ԱԳՄ

Սեպտեմբեր 17,2022 11:24

Ինչո՞ւ այսպես եղավ։ Պատասխանը հստակ է՝ որովհետեւ կորցրինք մեր միա­բանությունը։ Ութսունութ թվականին ազգային ժողովրդական շարժումն ուղղորդվում էր «Կռունկի» կողմից, կազմակերպություն, որ միաբա­նեց ժողովրդին մեկ նպա­տա­կի շուրջ, այն է՝ ազատության ու անկախության հասնել։ Խտրա­կան ու ազգայնամոլա­կան վերաբեր­մունքն ազերական վերնախա­վի կող­մից դար­ձել էր անհանդուրժելի:

Մոսկ­վան, ավելի ճիշտ՝ Գորբաչովը, հայտարարել էր, որ ազգային հարցը «մեր երկրում լուծված չէ»։ Ի հաստատում դրա, Կրեմլում ազգային բաժնի ղեկա­վար Միխայ­լո­վը բանագնաց պատվիրակներիս հարցին՝ հույս պահե՞նք, կլուծվի՞, արդ­յոք, Լեռնային Ղարաբա­ղի խնդիրը, ուղղակի պատասխանել է մի քանի բառով, հա­կիրճ եւ կոնկրետ. «Իհարկե, ոչ թե հույս, այլ վարդագույն հույս կա, այլա­պես կուսակցու­թյան Կենտկոմում ազգային բաժին ստեղծելն իմաստ չէր ունե­նա»։

Եվ որերորդ անգամ ռուսական իշխանությունները մեր ժողովրդի նկատմամբ խիստ անարդար ու իրենց «վարդագույն խոստումներին» տեր չեղան, իրենց շահե­րի ետեւից գնացին, այդպես էր եւ եղեռնական տասնհինգին, եւ Արեւմտյան Հայաս­տա­նը զիջելու, եւ Նախիջեւանն ու Լեռնային Ղարաբաղը նորաստեղծ Ադրբեջանին բռնակցելու գործում։

Անարդարությունը շարունակվում է իր սեւ արշավը։ Բայց, այդուամենայնիվ, ութ­սու­­նա­կան­նե­­րին ու իննսունականներին Արցախյան շարժումն անուրանալի հա­մազ­գա­­յին ձեռքբերումներ արձանագրեց։ Մեր շարժումը, շեշտեմ, որեւէ ժողովր­դի դեմ չէ, մենք մեր ազատության համար էինք ձայն բարձրացրել։ Միասնական մի ժողովուրդ, որ ղեկավարվում էր «Կռունկ» կոմիտեի կողմից։ Մեկ «Կռունկ»՝ մեկ ժողո­վուրդ։ Իսկ հիմա՞։ Քանի կուսակցություն կա, ժողովուրդը բաժանված է այնքան իրարամերժ մասերի։ Բազմակարծության անվան տակ քողարկված է ընդամենը մի «կարծիք», որը պաշտոնամոլությունից դենը չի անցնում, ցավոք։ Աշխար­հի ամենահզոր պետությունը՝ ԱՄՆ-ն, ընդամենը երկու կուսակցություն ունի։ Իսկ մե՞նք… Վերած­վել ենք ազգը պառա­կտող խմբերի։ Անմիաբանություն․ ահա ամենամեղսագույն դավաճանությունը մեր երկրին։

Ստեփանակերտում վերջերս անկախության հռչակմանը նվիրված միտինգ արեցին խորհրդարանական ուժերը։ Վերածննդի հրապարակում հավաքված հասարակությունը չափազանց տխուր, անհավես ու, մեղմ ասած, անոգեւորվա­ծության մեջ էր։ Արդի ծանր իրավիճակի համար առաջին պատասխանատուն հենց կառավարման համակարգի անկատար լինելն է։ Մեղավոր ենք բոլորս, ազգովի։ Առանձնապես եւ առաջին հերթին՝ խորհրդարանականները, ղեկավարությունը։ Ի՞նչ միտինգ։ Ուզում ենք ասել՝ « Ժողովուրդ, քեզ հետ ե՞նք»։ Այդ ժողովուրդը պիտի պահանջատեր լինի, իսկ իշխանություն­ները՝ պատասխանատու ժողովրդի առաջ։ Արցախի բանագնացնե­րը պիտի այժմ, երբ կարծես թե մեծ տերություններում /ԱՄՆ, Ֆրան­սիա/ նպաստավոր ելակետեր ու մոտեցումներ կան, դրսից տուն չգան։

Միջազգային հանրության լոզունգներն ու գույնզգույն խոսքակոչերը, ոչ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի անսեռ գործունեությունը ոչինչ չտվին մեզ, դժբախտաբար։ Կատարյալ երկդիմություն է։ Անարդարություն։ Երեսուն տարիները մսխվեցին։ Վերջնարդյունք չկա։ Գոնե հիմա ճանաչեն Արցախի անկախությունը։ Եվ դա կլինի հարցի արդարացի լուծում, աղետների վերջը։ Բայց բոլշեւիկյան Ռուսաստանի կողմից «եփված ճաշը» մինչեւ հիմա մատուցվում է մեզ։ Ռուսաստանը, որի վրա բացարձակապես չպետք է հույս դնել, իրավաբանորեն մեր դաշնակիցն է, բայց փաստորեն դաշնակցում է Թուրքիայի հետ։ Միշտ այդպես է եղել։ Մեր դեմ։ Եթե Մինսկի խումբն իր գործն աներ ազնվորեն, այսքան աղետներ չէին լինի։ Անգամ Հայաստանի Հանրապետությունը չճանաչեց Արցախի անկախությունը։ Ահավոր է քաղցր-մեղցր խոսել անվերջ ժողովրդի սրտով, եթե խոսողի ձեռքերը ժողովրդի ձեռքով չեն գործում։ Հզոր լինելը մեզ այլևս չի բավարարում, մենք գոյատևելու համար պարտավոր ենք գերհզոր լինել՝ թե մայր Հայաստանում, թե Արցախում։ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արդարակամ վերաբերմունքը գործի չենք վերածում։
Արցախն, ի վերջո, պիտի դառնա բանակցային կողմ։

Հայ իրականությունը ճգնաժամի է հասել ամբոխավարության, «ժողովրդավա­րու­­թյան», բազմահասցե «գործարարու­թյան» ու պարգեւավճարների զավակների կողմից։ Որ այնքան զոհեր ենք տվել, հայրենի հող, սուրբ տարածքներ, ծննդավայր ենք կորցրել, դա անասելի մեծ ցավ ու ողբերգություն է մեզ համար, բայց ահավոր է եւ այն, որ մարդու մեջ մարդն ենք կորցրել, մեր ներսի արժեհամակարգը։ Եթե ներկայի, առավել ևս՝ ապագայի հետ սնուցող երակներ չի ունենում, նեխում է և անցյալը՝ անգամ հերոսական լինելու դեպքում։
Իրատեսական ինչ ելք կարող է լինել։

Առաջարկությունների մեջ առանձնացնում եմ երկուսը․
Ա. Ստեղծել Արցախի անվտանգ զարգացման ծրագիր, համախմբել, միաբա­նել ժողովրդին փրկության այդ Ծրագրի իրականացման շուրջ։
Բ. Կազմակերպել Հայկական համազգային ճակատ՝ որպես Արցախի խաղաղու­թյան, զարգացման եւ անվտանգության ապահովման երաշխավոր։

Նախկինում շարժման ծիրից դուրս եկողին հրապարակը, որ համերաշխության ծով էր, արժանի դաս էր տալիս։ Ավելի վաղ՝ հնադարում, սուտ խոսողի լեզուն հրապարակայնորեն կտրում էին։ Այն «ժողովրդավարությունը», որ մեզանում վերածվել է բազմակուսակցության, կործանիչ է։ Այնքան են շատացել կուսակ­ցություն­ները, որ քիչ է մնում ՍՄԿԿ-ին փառք տալ։

Մեր ժամանակի քերթության իմաստուններից մեկը՝ Համո Սահյանը, գտնում էր, որ երկրի թագավոր ու բանաստեղծ լինելը պիտի անձնազոհություն լինի։ Այսօր «ժողովրդավար» ու սուտասան փանջունիների կողմից զոհվում է ժողովուրդը։ Ահավոր է ու անկուշտ, ցոփ ու շռայլ, «բազմահասցե գործարարությունը», որի «հեղինակները» չեն գիտակցում, որ կորցնում են եւ երկիր, եւ ժողովուրդ, եւ հայրենիք, եւ ամեն ինչ։ Դժբախտաբար, դա հատուկ է հայոց անկախության շրջանի հերոսի վեղար հագած մեր «իշխաններին»։ Մեր անբան խոսքաններին։ Սա իմ կարծիքն է։ Բացառություն կարող է լինել, դեմ չեմ: Ժամանակին, երբ Անդրանիկ Զորավարն, իր քաջերի հետ փակված Առաքելոց վանքում, կենաց եւ մահու պայքար էր մղում ազգի փրկության համար, փամփուշտ անգամ չէր ստանում այն մեծահարուստ «հայերից», որոնց տուն-ապարանք-դղյակներն այժմ Էրդողանի համար թագավորական նստավայրեր են։

Ամոթ բոլորիս, որ մեր ձեռքով մեզ այս օրին ենք հասցրել։ Կամ միասին ինքներս մեզ կփրկենք, կամ միասին վերջնականապես կկործանվենք։ Միասին։
Արժանի լինենք մեր սուրբ նահատակների հիշատակին, նախ եւ առաջ՝ գործով։ Գործով ու կրկին գործով։

Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ 

ԱՐՑԱԽԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930