Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան. Ես հրաժարվում եմ, ընդհանրապես, միջանցքի թեմա քննարկել․ «Հրապարակ»

Սեպտեմբեր 17,2022 10:27

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ իր պաշտոնակից Մուստաֆաեւի վերջին հանդիպումը՝ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով, կայացել է օգոստոսի 30-ին, Մոսկվայում։ Որից հետո պայմանավորվել են, որ հաջորդ հանդիպումն անցկացնեն նոյեմբերին, Բրյուսելում։ Սակայն սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած նոր պատերազմը, ըստ էության, խաթարել է ինչպես այս հանձնաժողովների, այնպես էլ կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբերի շփումները՝ խառնելով պլանները։

Մհեր Գրիգորյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ հանդիպման ժամանակ բովանդակային հարցեր չեն քննարկել՝ քննարկել են կազմակերպչական բնույթի հարցեր՝ իրենց հետագա աշխատանքի եւ հաղորդակցությունների վերաբերյալ։ Եռակողմ հանդիպման մասով եւս այս պահին դեռ որեւէ պայմանավորվածություն չկա։

– Այս պատերազմական գործողությունները խաթարե՞լ են հետագա աշխատանքային շփումների պլանները։

– Այս պահին դեռեւս խաղաղության օրակարգը փակ չէ, եւ ես նման գնահատական չէի տա, տեսնենք՝ ոնց կզարգանան իրադարձությունները։ Ամեն դեպքում, իհարկե, մեր ցանկությունն ու նպատակն է՝ բոլոր խնդիրները լուծել քաղաքակիրթ, դիվանագիտական եւ քաղաքական երկխոսության միջոցով։

– Իսկ որեւէ փաստաթուղթ պատրաստվո՞ւմ է ստորագրել Փաշինյանը, որի մասին ակնարկեց Ազգային ժողովում։

– Ոչ։

– Այդ դեպքում ի՞նչ էր նշանակում նրա ելույթը, ինչո՞ւ ասաց, որ կարող է ստորագրել փաստաթուղթ, որի համար իրեն «դավաճան» կանվանեն, կքննադատեն։

– Ես կարծում եմ՝ իր ելույթն ավելի քան պարզ էր ու մանրամասն եւ մեկնաբանելու կարիք չունի։

– Ցավոք սրտի, պարզ չէ, նրա ամեն ելույթից հետո նոր հարցեր են առաջանում, եւ այդ ելույթները միշտ ինչ-որ տարակարծությունների առիթ են տալիս, դրա համար է մեզ մոտ հարց առաջացել՝ ի՞նչ էր պատրաստվում ստորագրել։

– Ես կարծում եմ՝ այն թեզերը, որոնք հիմա շրջանառվում են, մտացածին են։

– Ադրբեջանը պարտադրո՞ւմ է մեզ նման փաստաթուղթ ստորագրել։

– Ես հարցը լավ չեմ հասկանում, անկեղծ ասած, թե ինչ նկատի ունեք։ Իսկապես, այդ հարցին շատ դժվար է պատասխանելը։

– Ես նկատի ունեմ՝ ադրբեջանցիների հետ որ շփվում եք, պաշտոնական մակարդակով իրենք մեզ ի՞նչ են ասում, պարտադրո՞ւմ են ստորագրել «խաղաղության պայմանագիր» կոչվող փաստաթուղթ եւ ի՞նչ պայմաններով են ուզում ստորագրել այն։

– Վստահեցնում եմ, որ պաշտոնական շփումներում եւ, ընդհանրապես, շփումներից հետո ամբողջ տեղեկատվությունը հրապարակվում է, եւ որեւէ այլ հարց կամ որեւէ այլ դրույթ չի քննարկվում, որովհետեւ դա ուղղակի անհնարին է։ Պայմանավորվածությունները, որոնք պետք է ձեռք բերվեն կամ ձեռք չեն բերվի, չեն կարող քննարկվել ոչ հրապարակային տիրույթում։ Դա պրիմիտիվ վերաբերմունք է հարցերին, երբ որ պնդում են, որ կան պայմանավորվածություններ եւ կան հարցեր, որոնք քննարկում են կոնֆիդենցիալ։ Ինչպե՞ս է հնարավոր ապաշրջափակումը կամ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերի շուրջ պայմանավորվածությունները ձեռք բերել կոնֆիդենցիալ։ Դա անհնար է ուղղակի։

– Բայց հրապարակային ինֆորմացիայից էլ շատ բան պարզ չէ, մենք չենք հասկանում՝ թշնամին ինչ է ուզում, մենք ինչ ենք ուզում։

– Հրապարակային շատ բան եթե պարզ չէ, դա նշանակում է, որ բանակցությունների կամ շփումների ընթացքում ավելի խորը պայմանավորվածություններ կամ ավելի դետալիզացված պայմանավորվածություններ գոյություն չունեն, այդքան մի բան։

– Մի հարց էլ՝ միջանցքի մասով․ Ձեր կողմից կա՞ հստակ ընկալում առ այն, որ Ադրբեջանը մեզնից պահանջում է միջանցք՝ կլինի դա Սյունիքով, Վայոց Ձորով կամ որեւէ այլ հատվածով։

– Ես խնդրում եմ, էլի, կատեգորիկ խնդրում եմ, որովհետեւ բազմիցս դրա մասին խոսել եմ՝ ես հրաժարվում եմ, ընդհանրապես, միջանցքի թեմա քննարկել՝ ընդհանրապես։ Չի լինելու նման բան, եւ չեմ քննարկելու այլեւս։

– Ես ոչ թե Ձեզ եմ խնդրում՝ քննարկեք, այլ Ադրբեջանը դա պահանջում է, ու մենք տեսնում ենք դա հրապարակային։

– Ինձ համար դա նշանակություն չունի, միջանցք չի լինելու, եւ վերջ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930