Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի երկօրյա ռազմական ագրեսիան աննախադեպ լայն արձագանք է գտել իրանյան ԶԼՄ-ներում, որոնք, ի տարբերություն 44-օրյա պատերազմի արձագանքների, առավելապես անկողմնակալ են` ներկայացնելով երկու կողմի պաշտոնական տեսակետները։
«Մաշրեղ» գործակալությունը «Նախազգուշացում հայ-իրանական սահմանի փակման մասին եւ միջազգային սահմանների հնարավոր փոփոխություն» վերնագրով հրապարակումն սկսել է Իրանի ռազմաքաղաքական ու հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի Էրդողանին ասած խոսքերով՝ եթե հայ-իրանական սահմանը փակելու քաղաքականություն իրականացվի, Իրանը դեմ է հանդես գալու։ Սա նշանակում է, թե «Մաշրեղը» ճիշտ ուղու վրա է, եւ նոր բախումներ հրահրողը հենց Էրդողանն է, ոչ թե Ադրբեջանի վիլայեթի ղեկավարը։ Ապա հեղինակը շարունակում է, թե Ադրբեջանը, ինչպես միշտ, այս անգամ էլ մեղադրելով Հայաստանին՝ հայտարարում է, թե ընդամենը հակառակորդի սադրանքներին պատասխան քայլ է իրականացրել։ Մինչդեռ, հաշվի առնելով հարձակման մակարդակը՝ հրետանին եւ հարձակողական ԱԹՍ-ները շփման գիծ բերելը, ակնհայտ է դառնում, որ «Բաքուն նախապատրաստվել էր նոր բախումների ու հայ զինվորի կրակելը զուտ պատրվակ էր Բաքվի ծավալապաշտության ու հայ-իրանական սահմանի գրավման համար»։
Հեղինակը, անդրադառնալով 44-օրյա պատերազմին, նշել է, որ թեեւ Թեհրանը կողմերին կոչ էր անում հարցը կարգավորել բանակցություններով, արդարացի էր համարում ԼՂՀ-ից զատ, որի հարցը պետք է լուծվեր բնակչության կամքով, գրավյալ տարածքների վերադարձը, ինչը տեղի ունեցավ, մի բան էլ՝ ավելի։ Իսկ այժմ Ալիեւն Էրդողանի աջակցության խոստումներով ու պահանջով իր հավակնությունների գերին է դարձել, ձգտում է Սյունիքի մարզը գրավել։ «Մաշրեղը» հավելում է, թե սա այն դեպքում, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս շեշտել է, որ եթե Բաքուն նպատակամղված լինի Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխություններ իրականացնել, փոխել միջազգային սահմանները, ապա Թեհրանը մի կողմ կթողնի զսպվածությունը, անկողմնակալությունը եւ անմիջականորեն համապատասխան քայլի կդիմի։ Այնուհետեւ ընդգծել է, թե այս մասին Աստանայի գործընթացի թեհրանյան գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանի հետ հանդիպմանն ասել է հեղափոխության առաջնորդը՝ ուղիղ ու առանց որեւէ հաճոյախոսության։ Հեղինակը նշել է, որ թեեւ ԻԻՀ-ն Ադրբեջանի ժողովրդի հետ կրոնական ու մշակութային ընդհանրություններ ունի, սակայն հետեւողական է նաեւ իր մյուս հարեւանի շահերի հարցում։
Ուստի, հենվելով միջազգային փոխհարաբերությունների սկզբունքների ու օրենքների վրա, տարածաշրջանային եւ միջազգային որեւէ գերտերության կամայականություն չի հանդուրժելու Հարավային Կովկասում։ Հոդվածի հեղինակը, անդրադառնալով Ռայիսի-Փաշինյան հեռախոսազրույցին, նշել է, որ Իրանի նախագահը մեկ անգամ եւս շեշտել է Իրանի հիշյալ դիրքորոշումը։ Նա ընդգծել է, թե Թեհրանն ուշի ուշով հետեւում է զարգացումներին՝ հավելելով, որ Հարավային Կովկասում նոր պատերազմն անընդունելի է, եւ տարաձայնությունները պետք է լուծել բանակցություններով։ Իսկ Իրանի դիրքորոշումը տարածքային ամբողջականության վերաբերյալ ավելի քան հստակ է։ Ռայիսին մատնանշել է նաեւ հեղափոխության առաջնորդի շեշտադրումներն առ այն, թե չպետք է վտանգվի Իրան-Հայաստան ճանապարհը, ապա հավելել, որ Հայաստանի անվտանգությունը խիստ կարեւոր է Իրանի համար։
Կարդացեք նաև
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում