Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսագետ. «Տնտեսական վնասները, մեծ հաշվով, էական են»․ «Փաստ»

Սեպտեմբեր 17,2022 08:52

Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով դրամի արժեզրկման միտումներ են նկատվում, մինչդեռ վերջին շրջանում, մինչ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները, հակառակ գործընթացն էր: Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով, դոլար-դրամ փոխարժեքը մշտապես կախված է եղել ոչ միայն տնտեսական գործոններից, այլև քաղաքական, ռազմական իրադարձություններից:

«Ինչպես 2016, 2020 թվականներին, այնպես էլ հիմա դրամի փոխարժեքը տատանվում է՝ այս դեպքում ևս պայմանավորված անվտանգային գործոնով: Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով մեր երկիրը գտնվում է որոշակի բացասական ազդեցության տակ, որն արտահայտվում է նաև տնտեսական ոլորտում: Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը մեծ վնաս է հասցրել ՀՀ քաղաքացիական ենթակառուցվածքներին, որոնք ապահովում են մեր տնտեսության կայունությունը, տնտեսական զարգացումը, ապա տրամաբանական է, որ այդ հանգամանքը պետք է արտահայտվի նաև դոլար-դրամ փոխարժեքի վրա: Նշվածից պետք է հետևություններ անեն նաև այն միջազգային ընկերությունները, որոնք այստեղ ևս հետաքրքրություններ ունեն: Մասնավորապես, հիշեցնեմ Ջերմուկի մոտ գտնվող Ամուլսարի ներդրումային խոշոր նախագծի մասին, որն իրականացվել է ամերիկյան, կանադական կապիտալի կողմից, և հիմա այդ կապիտալը գտնվում է ռազմական գործողությունների թատերաբեմում: Այս տնտեսական վնասները, մեծ հաշվով, ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, ընկերություններին, այլև օտարերկրացիներին են առնչվելու: Ամերիկյան կազմակերպությունը, որը տնօրինում է նշված նախագիծը, պետք է հետևություններ անի, անշուշտ, հայց ներկայացնի Ադրբեջանի դեմ՝ որպես իր գույքին վնասող կողմ»,-«Փաստի» հետ զրույցում ասել է տնտեսագետը:

Նրա խոսքով, ռազմական գործողությունների հետևանքով հասցված վնասներից զատ կան նաև որոշակի բացասական սպասումներ. «Երկրի անկայունության պայմաններում օտարերկրացիները նախընտրում են իրենց գումարները վերածել արտարժույթի՝ վտանգի դեպքում երկրից արագ դուրս հանելու նպատակով: Այս սպառնալիքը կա: Ներդրողները, նաև ֆիզիկական անձինք իրենց համար, այսպես ասած, որոշակի ֆինանսական բարձիկներ են ստեղծում՝ վտանգի դեպքում արագ դուրս գալու կամ քիչ կորցնելու նպատակով: Այս երևույթը իր հերթին է ազդում դոլար-դրամ փոխարժեքի բարձրացման վրա: Ռազմական գործողությունները կարող են հանգեցնել նաև տուրիստական հոսքերի նվազմանը կամ ընդհանրապես դադարեցմանը, մասնավորապես, Ռուսաստանից, որի քաղաքացիները մարտից այստեղ են»:

Սուրեն Պարսյանի դիտարկմամբ, ռազմական գործողությունները նաև ծախսեր են ենթադրում, և կառավարությունը մեծ քանակությամբ դրամ է ծախսում, ինչն իր ազդեցությունը կարող է թողնել շուկայի վրա: «Մեր վնասները, մեծ հաշվով, էական են՝ հաշվի առնելով, որ ռազմական գործողությունների արդյունքում, բացի մարդկային կորուստներից, կորցրել ենք նաև տարածքներ, որոնք ոչ միայն ռազմավարական, այլև տնտեսական նշանակություն ունեին: Այդ հողատարածքներն օգտագործվում էին գյուղատնտեսության, մասնավորապես, անասնապահության նպատակով, և այս առումով բացասական ազդեցություն ևս կարող է լինել: Ընդհանուր առմամբ, այդ կորուստները կամ բացասական սպասումները հետագայում կմեղմվեն, թե ոչ, կախված է նաև կառավարության քայլերից, մասնավորապես՝ դրական ազդակներ փոխանցելու, երաշխիքներ տրամադրելու ու տնտեսության մեջ կայունություն ապահովելու կարողությունից»,-հավելեց մեր զրուցակիցը:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930