«Առաջին հարվածը եղել է 12:05: Առաջին հարվածից հետո հասկացանք, որ մի բան էն չի, հետո սկսեց անընդհատ հրետակոծությունը»,- սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը այսպես է հիշում Սոթք բնակավայրի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը։
Հիշեցնենք, Սոթքի Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ուղիղ կրակի արդյունքում վնասվել են քաղաքացիների տները, կից կառույցները, համայնքապետարանի շենքը։
Նա պատմում է, որ դրանից հետո բնակիչները, որոնք մեքենաներ ունեին, գյուղից դուրս եկան, այնուհետև եկան և տեղափոխեցին մնացածին։ Եվ մոտավորապես ժամը 4-ին բնակիչների հիմնական հատվածը տեղափոխված էր։ Սևակ Խաչատրյանը նշեց, որ այս պահին կանայք և երեխաները դեռ գյուղում չեն, իսկ տղամարդիկ գալիս են իրենց կովերին կերակրում են և գնում են. «Հիմնական մասը արդեն վերադառնում է։ Այս պահին ընտանիքներ ունենք, որ գիշերները մնում են գյուղում»։
Կարդացեք նաև
Սևակ Խաչատրյանը հայտնեց, որ գյուղը ունի երեք վիրավոր, որոնցից մեկի վիճակը ծանր է։ Նա վիրավորվել է տարհանման ժամանակ։ Իսկ ինչ վերաբերում է հայկական դիրքերին, նա պատասխանեց. «Մեր ուղղությամբ, իմ տեղեկություններով առաջ չեն եկել։ Մենք նույն դիրքում ենք, իրենք էլ իրենց նույն դիրքում են»։
Վերջին երկու օրերին էլ Սևակ Խաչատրյանը գյուղում կրակոցների ձայն չի լսել, ոչ էլ՝ անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) է նկատել։ Գյուղում այս պահին էլեկտրաէներգիա չկա, նա հույս հայտնեց, որ վաղվանից կսկսեն գյուղում էլեկտրաէներգիայի վերականգնման աշխատանքները. «Ամենակարևորն այն է, որ բնակիչների մոտ կա ցանկություն գյուղ վերադառնալու և այստեղ ապրելու։ Դա ամենակարևորն է այս պահին»։
Գյուղի բնակիչները լրագրողներին պատմել էին, որ մեծամասնությունը մնալու տեղ չունի և գիշերում է փողոցներում կամ մեքենաների մեջ։ Սևակ Խաչատրյանը այսպես մեկնաբանեց. «Բոլորին առաջարկել ենք տարածք, որտեղ կարող են մնալ, ուղղակի կարող է Մարտունիում է՝ հեռու է, չեն ուզում գնալ, որովհետև էստեղ անասունն է։ Իսկ Վարդենիսում բոլորին չենք կարողացել տեղավորել։ Բայց ունենք տեղեր Մարտունիում, Երևանում»։
Իսկ հարցին, թե որքա՞ն է ապահով գյուղում գիշերելը՝ պատասխանեց. «Եթե խոսքը թուրքի մասին է, որևէ երաշխիք չկա։ Բայց նաև մեր երաշխիքն այն է, որ մենք պետք է այստեղ ապրենք, որովհետև մեր հետևում մեր զինվորները կանգնած են։ Եթե մենք Սոթքում չապրենք, ինչի՞ համար են մեր տղաները այնտեղ կանգնած»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ