Լրահոս
Օրվա լրահոսը

Թույլատրվում է վարույթն իրականացնել մեղադրյալի բացակայությամբ, բայց ինչպես

Սեպտեմբեր 17,2022 13:00

ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը 2021 թվականի հունիսի 30-ին լրացվել է «Մեղադրյալի բացակայությամբ իրականացվող վարույթը» վերտառությամբ 9.2 բաժնով, որով թույլատրվում է վարույթն իրականացնել մեղադրյալի բացակայությամբ այն դեպքում, երբ նա խուսափում է քրեական վարույթին մասնակցելուց:

«Առավոտի» իրավական էջը ներկայացնում է «Դատական իշխանություն» ամսագրում լույս տեսած իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի ասիստենտ, Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի եւ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրոս, Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնական Լեւոն Պետրոսյանի «Քրեական գործերով հեռակա վարույթի կիրառության հետ կապված որոշ հիմնախնդիրներ» գիտական հոդվածից այն հատվածը, որը վերաբերում է միջազգային դատական պրակտիկային:

…Սահմանադրությանն ու քրեադատավարական օրենսդրությանը համահունչ` քրեական օրենսգիրքը նույնպես արգելում է նոր ընդունված եւ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքի հետադարձ կիրառությունը: Այլ կերպ ասած՝ նոր ընդունված քրեական օրենքը, որը պատիժ է նախատեսում (հանցավորություն է սահմանում) այնպիսի արարքի համար, որը նախկինում դուրս էր քրեաիրավական գործողության շրջանակներից, առավել խիստ պատիժ է նախատեսում կոնկրետ հանցավոր արարքի համար կամ այլ կերպ վատթարացնում է անձի վիճակը (օրինակ՝ երկարացվում են դատվածության մարման կամ քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետները, խստացվում են պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու պայմանները եւ այլն), չի կարող տարածվել մինչ այդ հանցանք կատարած անձի նկատմամբ: Վերոգրյալի հաշվառմամբ կարելի է արձանագրել, որ մեղադրյալի նկատմամբ հեռակա կարգով իրականացվող դատական քննության դրույթների կիրառությունը՝ դատական քննության ընդհանուր կարգի համեմատությամբ, քրեական եւ քրեադատավարական առումով որոշակիորեն վատթարացնում է վերջինի իրավական վիճակը: Բանն այն է, որ հեռակա կարգով դատական քննության կիրառման դեպքում ամբաստանյալը զրկվում է իր անձից անբաժանելի իրավունքներն իրացնելու հնարավորությունից: Իսկ այդպիսի իրավունքներ են համարվում ցուցմունք տալը, իր դեմ վկայած անձանց հակընդդեմ հարցման ենթարկելը, առաջադրված մեղադրանքի առնչությամբ դիրքորոշում արտահայտելը եւ այլն:

…Մինչդեռ մոտեցումն այլ է միջազգային իրավական պրակտիկայում, ինչպես նաեւ օտարերկրյա պետությունների համապատասխան իրավական ակտերում: Մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ ՄԻԵԴ) «Սեժդովիչն ընդդեմ Իտալիայի գործով» արտահայտել է այն դիրքորոշումը, որ թեեւ մեղադրյալի բացակայությամբ անցկացված վարույթն ինքնին չի հակասում Կոնվենցիայի 6-րդ հոդվածին, արդարադատության իրականացումից հրաժարում, այնուամենայնիվ, առկա է, եթե «in absentia» դատապարտված անձին հնարավորություն չի տրվում հետագայում իրեն մեղսագրված արարքների փաստերի եւ իրավական բովանդակության վերաբերյալ թարմ քննություն ստանալ դատարանի կողմից՝ լսված լինելու իրավունքի երաշխավորմամբ, եթե չի հաստատվում, որ մեղադրյալը հրաժարվել է իր պաշտպանությունն անձամբ իրականացնելու իրավունքից կամ մտադրություն է ունեցել խուսափելու քննությունից: «Ստոիչկովն ընդդեմ Բուլղարիայի գործով» որոշմամբ ՄԻԵԴ-ը նշել է, որ մեղադրյալի՝ դատական նիստերի դահլիճում ներկա լինելու իրավունքն առաջին ատյանում կամ բողոքարկման ժամանակ համարվում է 6-րդ հոդվածի էական պահանջներից մեկը: Իսկ «Սանադերն ընդդեմ Խորվաթիայի գործով» ՄԻԵԴ-ը գտել է, որ եթե հեռակա դատաքննությամբ դատվող անձը չի իմացել իր քրեական հետապնդման եւ իրեն առաջադրված մեղադրանքների մասին կամ փորձել է խուսափել դատավարությունից կամ միանշանակ հրաժարվել է իր իրավունքից, ապա նրա վրա դրված պարտականությունը՝ ներկայանալու ներպետական դատարաններին եւ տրամադրելու իր մշտական բնակության հասցեն, անհամաչափ սահմանափակում է։ Դա այդպես է հատկապես այն պատճառով, որ եթե ամբաստանյալը հայտնվեր հայրենի իշխանությունների իրավասության տակ, նա կզրկվեր ազատությունից՝ հեռակա դատապարտման հիմքով:

Այս առնչությամբ չի կարող խոսք լինել այն մասին, որ մեղադրյալը պարտավոր է հրաժարվել իր ազատությունից, որպեսզի ապահովվի իր արդար դատաքննության իրավունքը՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածին համապատասխանող պայմաններում: Մեղադրյալի կողմից երկրորդ վարույթին մասնակցելու հնարավորության համար նրա կողմից իր ազատությունից հրաժարվելու հարցը չի կարող քննարկման առարկա դառնալ։ ՄԻԵԴ-ն, այնուամենայնիվ, արձանագրել է, որ թարմացված վարույթում մեղադրյալի մասնակցությունն ապահովելու համար կարող է կիրառվել կալանք կամ ներպետական օրենսդրությամբ նախատեսված այլ խափանման միջոց, եթե դա հիմնված է այլ իրավական հիմքի, այն է՝ հանցանքը կատարած լինելու հիմավոր կասկածի եւ կալանքի համար բավարար եւ վերաբերելի պատճառների առկայության վրա:

Նախադեպային նշանակություն ունեցող մեջբերված դատական ակտերի համալիր վերլուծությունը վկայում է, որ առանց մեղադրյալի մասնակցության նրա վերաբերյալ դատաքննության անցկացումն ինքնին անհամատեղելի չէ «Մարդու իրավունքների եւ հիմարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված արդար դատաքննության իրավունքի հետ՝ պայմանով, որ հայտնաբերվելու կամ ներկայանալու դեպքում անձն ունենալու է լսված լինելու իրավունքով երաշխավորված կրկնակի դատաքննության իրավունք: Ընդ որում, այդ իրավունքի իրացմանը զուգահեռ անձին ազատությունից զրկելը պարտադիր պայման չէ, սակայն, այնուամենայնիվ, վերջինի նկատմամբ կարող է ընտրվել ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոց՝ անհրաժեշտության եւ հիմավոր կասկածի ու կալանավորման հիմքերի միաժամանակյա առկայության դեպքում: Հեռակա վարույթին անդրադարձ կատարել է նաեւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն, որը պատասխանատու է «Քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների միջազգային խարտիա»-ով սահմանված իրավունքների իմպլեմենտացիայի համար։ Այսպես՝ «Մալեկին ընդդեմ Իտալիայի գործով» կոմիտեն արձանագրել է, որ անձի դատապարտումը նրա բացակայությամբ կարող է համատեղելի լինել արդար դատաքննության իրավունքի հետ միայն այն դեպքում, եթե պետությունը պատշաճ կերպով ծանուցել է անձին իր նկատմամբ քննվող գործի եւ առաջադրված մեղադրանքների վերաբերյալ։

Պետությունը չի կարող պարզապես ենթադրել, որ անձի պաշտպանը նրան այդ մասին տեղեկացնելու է։ Անձի բացակայությամբ նրան դատապարտումը համարվում է վերջինի արդար դատաքննության իրավունքի ոտնահարում, եթե պետությունը չի ապացուցում, որ ջանասիրաբար կատարել է անձին ծանուցելու իր պարտականությունը։ Անձի իրավունքի խախտումը կարող է շտկված համարվել, եթե պետությունը վերսկսում է գործի քննությունն անձի հայտնվելուց հետո։ Նույնանման դիտարկումներ կոմիտեն կայացրել է նաեւ «Բելգիայի առնչությամբ Մբենգեն ընդդեմ Զաիրեի գործով»։ Մարդու իրավունքների կոմիտեն ավելացրել է, որ անձի բացակայությամբ վարույթը համատեղելի է խարտիայի հետ, միայն եթե վարույթի ընթացքում մեղադրյալին տրվել են ընթացքի վերաբերյալ բոլոր ծանուցումները, եւ ապահովվել են բոլոր երաշխիքները` վերջինի կողմից իր պաշտպանությունը պատշաճ կազմակերպելու համար։ ԱՄՆ գերագույն դատարանը պարբերաբար քննարկման առարկա է դարձրել մեղադրյալի բացակայությամբ վերջինին դատապարտելու հարցը։ ԱՄՆ քրեական դատավարության դաշնային կանոնների 43-րդ կանոնը սահմանում է, որ ամբաստանյալի ներկայությունը պարտադիր է դատավարության բոլոր առանցքային փուլերում։

Մեկնաբանելով այս կանոնը` Գերագույն դատարանը «Քրոսբին ընդդեմ Միացյալ Նահանգների գործով» հանգել է այն եզրակացության, որ կանոնով սահմանված բացառությունները, որոնք հնարավորություն են տալիս մեղադրյալին դատապարտել իր բացակայությամբ, երբ վերջինը կամովին եւ գիտակցաբար հրաժարվել է վարույթին մասնակցելու իր իրավունքից, չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ մեղադրյալն ի սկզբանե ներկա չէ վարույթին։ Դատարանը, վերլուծելով ընդհանուր իրավունքը եւ մինչ այդ ստեղծված նախադեպերը, նշել է, որ ընդհանուր իրավունքի հանրաճանաչ կանոնը թույլ չի տալիս անձին դատապարտել առանց նրա մասնակցության։ Ատենակալները պետք է հնարավորություն ունենան լսելու անձի պաշտպանությունը։ Այն դեպքերում, երբ այս իրավունքը չի երաշխավորվում, դատավճիռը չի կարող ի կատար ածվել։

Լուրջ հանցանքների դեպքում մեղադրյալի` իր գործի քննությանը անձամբ ներկա լինելու իրավունքն անքակտելի է, եւ հրաժարում այդ իրավունքից չի թույլատրվում։ Այն սահմանափակ դեպքերում, երբ անձը դատապարտվում է թեթեւ հանցագործության համար, եւ նա կամովին ու գիտակցաբար հրաժարվում է ներկայանալ դատարանին այն պայմաններում, երբ նրա ներկայությունը դատավարության սկզբնական փուլերում ապահովվել է, դատարանը կարող է շարունակել գործի քննությունը եւ համարել, որ մեղադրյալը ներկա է։ Ներկայանալուց կամովին եւ գիտակցաբար հրաժարվելու վերաբերյալ յուրաքանչյուր կասկած մեկնաբանվում է ի վնաս հրաժարման։ Ի վերջո, դատարանը նշել է, որ կա էական տարբերություն գործերի միջեւ, երբ մեղադրյալը փախուստի է դիմում գործը դատարանում քննելուց առաջ, եւ երբ փախուստը տեղի է ունենում գործի դատական քննության ընթացքում։ Առաջին դեպքում հեռակա վարույթի կիրառումը իրավաչափ չէ, մինչդեռ երկրորդ դեպքում այն կարող է կիրառվել, եթե առկա են մյուս նախապայմանները։ Չեխիայի քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` հեռակա վարույթին առնչվող նորմերին գրեթե նույնական կարգավորումներ այն տարբերությամբ, որ վարույթի ընթացքում հայտնված մեղադրյալը կարող է պահանջել իր բացակայությամբ հետազոտված ապացույցների կրկնակի հետազոտում եւ գնահատում, իսկ դատավճիռը կայացվելուց հետո հայտնված անձը կարող է պահանջել նոր վարույթ` ակտը ստանալուց 8 օրվա ընթացքում։ Վրաստանի քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 3-րդ մասն ամբաստանյալին հեռակա վարույթի շրջանակներում կայացված դատավճռի բողոքարկման հնարավորություն է ընձեռում՝ անկախ այն հանգամանքից, թե անձը երբ է հայտնաբերվել կամ ներկայացել՝ առանց կոնկրետ հիմքի սահմանման:

Վերոգրյալից հետեւում է, որ միջազգային իրավական մոտեցման համաձայն՝ հեռակա վարույթի կիրառության դեպքում հանցանք կատարած անձն ամբողջությամբ չի զրկվում իր ներկայությամբ իր վերաբերյալ քրեական գործի վերստին քննության հնարավորությունից, մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը նման ընթացակարգ հանցանք կատարած անձի համար, ըստ էության, չի նախատեսում:

Այսինքն, ի տարբերություն միջազգային իրավական մոտեցման՝ ՀՀ ներպետական կարգավորումները մեղադրյալի հայտնվելու դեպքում վերջինի համար չեն երաշխավորում իր իսկ մասնակցությամբ քրեական գործի կրկին քննությունը (լսված լինելու իրավունքի ապահովումը, իր ներկայությամբ ապացույցների հետազոտումն ու գնահատումը եւ այլն), բացառությամբ այն դեպքի, երբ հեռակա վարույթ է իրականացվել նման վարույթի կիրառությունը բացառող հիմքերից որեւէ մեկի առկայության հանգամանքներում: Նման պայմաններում հեռակա վարույթի կիրառումն ինչպես արդար դատաքննության իրավունքի տարրերի, այնպես էլ բողոքարկման իրավունքի իրացման համատեքստում, ըստ էության, սահմանափակում է ամբաստանյալի իրավունքները:

Այնուամենայնիվ, հարկ է նկատել, որ հեռակա վարույթի ներկայիս կարգավորումները կարող էին ավելի քիչ խնդիրներ առաջացնել, եթե վատթարացնող նորմի հետադարձ կիրառությունը գտնվեր վարույթն իրականացնող մարմնի հայեցողության լուսանցքում: Նման դատողության հիմքում ընկած է այն հանգամանքը, որ թեեւ ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված կամ արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույցի օգտագործումն արգելվում է, ՀՀ քրեական դատավարության 105-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ մեղադրանքի կողմի թույլ տված քրեադատավարական օրենքի պահանջների խախտման հետեւանքով ապացուցողական նշանակությունը կորցնելու ենթակա նյութը պաշտպանության կողմի միջնորդությամբ կարող է թույլատրվել որպես ապացույց: Հեռակա վարույթի վերաբերյալ դրույթների հետադարձ կիրառության հարցում, սակայն, նման հնարավորությունը բացակայում է։

Ամփոփելով կարելի է նշել, որ թեեւ հեռակա վարույթի նախատեսումը կարող է շատ դեպքերում սպասարկել արդարադատության շահերը, սակայն դրա հետադարձ կիրառումը, առերեւույթ, հնարավոր չէ ՀՀ Սահմանադրության եւ քրեական օրենսդրության կարգավորումների համատեքստում։ Բացի այդ, հաշվի առնելով նախատեսված կարգավորումների հնարավոր թերությունները` դրանց կիրառումը ներկայիս խմբագրությամբ կարող է ոտնահարել մեղադրյալի արդար դատաքննության իրավունքը` առնվազն միջազգային պրակտիկայով սահմանված չափանիշների տեսանկյունից։

«Առավոտ» օրաթերթ
16.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930