Ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանի դիտարկումները
«Այո, կյանքը շարունակվում է, բայց ցավալի է, որ այսպես է շարունակվում, մենք տանջվում ենք, մեր հոգիները պղտորվում են այս ամեն ինչից… Ինչ-որ տեղ մեր պահվածքը վայել չէ հայ ժողովրդի պահվածքին, երբ խոսում ենք դարերից գալու մասին, բայց մեզ հարիր չենք ներկայանում: Ամաչում եմ այս իրավիճակից, մեր երկիրը ներկայացնելուց, տարբեր ելույթներից: Վերջիվերջո պետք է հասկանանք` ով ենք մենք: Մենք կորցնում ենք մեր արժեքները, դիմագիծը… Այդպես էլ չհասկացանք` ով է մեր բարեկամը, ով է մեր ընկերը, ու որն է պատճառը, որ վերջում միշտ բոլորը մեզ դավաճանում են: Այս ամենը շատ ցավալի է»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը:
Նրա ձեւակերպմամբ. «Պետք է մտածել այն մասին, թե ինչ անես, որ ժողովուրդը սիրի իր հայրենիքը, վերջիվերջո հասկանանք, թե ինչ ենք ուզում այս աշխարհից: Ինձ համար, օրինակ, տհաճ են այն տեսարանները, որ փողոցներում երիտասարդները գավառական ձեւով ինչ-որ թխվածքներ են հավաքում առաջնագիծ ուղարկելու համար… Մենք պետությո՞ւն ենք, թե՞ Քրիստոսի արձան դնողներ… Չի կարելի, ես խնդրում եմ ձեզ՝ ժողովուրդ, մարդիկ, մշակույթի գործիչներ, հարուստներ, մի քիչ մտածեք մեր երկրի մասին… Չէ՞ որ օր օրի կորցնում ենք մեր երկիրը, կորցնում ենք մեր այն հեղինակային պատկերը, որն ունեինք աշխարհում: Անհասկանալի է, թե ինչ է կատարվում այսօր, անհասկանալի է ամեն բան` ղեկավարումը, կրթական համակարգի տհաճ փոփոխությունները… Դուք չեք ապրում, մտածում եք, ոնց անեք, որ երկիրը արագ քանդվի, ավելի արագ թուլանա: Մենք չենք կարողանում անել այն, ինչն իրականում անհրաժեշտ է, մենք նստել սպասում ենք, թե ով մեզ կասի՝ գյադեք էս յան, գյադեք էն յան, այսպես չի կարելի: Մեր նման պետությունը պիտի իր հստակ ծրագիրն ունենա, մինչեւ անգամ մեռնելու ծրագիրը: Թե չէ՝ անծրագիր, անիմաստ, աննպատակ, ոնց կլինի էսպես… Տուն-տունի՞կ եք խաղում»:
Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ Փարավոն Միրզոյանի արվեստային ճամփորդությանը: Նա մեկ ամսից ավելի շրջագայել է տարբեր երկրներում: Նկարիչն ասում է` արվեստագետը պետք է անպայման լինի ուրիշ երկրներում, «աչքը մաքրի», ուսումնասիրի, սովորի:
Կարդացեք նաև
Փարավոն Միրզոյանն այս ընթացքում եղել է հյուսիսային Իտալիայում, Լեհաստանում եւ Լիտվայում, Գդանսկի համալսարանի պրոֆեսորների հետ է ծանոթացել, այնտեղ բացվել է իր աշխատանքների փոքր ցուցահանդեսը, որը ձեւաչափով հայ նկարչի հետ հանդիպում էր: Նա անդրադարձավ նաեւ Գագիկ Պարսամյանի հիմնադրած Գդանսկի հայկական մշակույթի կենտրոնին, որն ուղղակի ծաղկում է, եւ այդ կենտրոնի գործունեության արդյունքում լեհերը հետաքրքրված են հայկական մշակույթով: Փարավոն Միրզոյանը Լիտվայում էլ մասնակցել է միջազգային սիմպոզիումի, նոր կապեր ձեռք բերել: «Աշխարհը շնչում է, իսկ մենք հազիվ ենք գոյատեւում, դրա համար մտածել է պետք: Եկա Երեւան ու էլի տխրեցի, նման իրավիճակ, պատերազմ: Քայլում եմ Երեւանով, տարբեր ազգի ներկայացուցիչների եմ հանդիպում, շատ լավ է, որ Սարյան փողոցում մայթը փակել են, ռեստորաններ են սարքել… Բայց հետո՞, քայլելու տեղ չկա, տհաճ է, երբ տեսնում ես, թե ոնց են մեքենա վարում, ինչ երաժշտություն են հնչեցնում… Լավ, քաղաքը տեր չունի՞, քաղաքապետարան ու թաղապետարան գոյություն չունի՞, որ մեքենաները չգիտես ինչ ձայնային հաճույքներով եւ ինչ արագությամբ են անցնում Սարյան, Թումանյան, Մոսկովյան փողոցներով, Թումանյանի տուն-թանգարանի մոտով, ամոթ է ախր»,-նեղսրտում է մեր զրուցակիցը:
Փարավոն Միրզոյանից ճշտեցինք, որ պատրաստվում է ցուցահանդեսի, որը մի քանի տարի է՝ ձգձգվում է քովիդի, պատերազմի եւ տարբեր պատճառներով: Նոր աշխատանքներ էլ է ստեղծել եւ հույս ունի, որ ի վերջո Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրինության հետ պայմանավորվածությամբ, այն կկայանա տարվա վերջին: Դա անհատական ցուցահանդես է, որը կներկայացնի Փարավոն Միրզոյանի արվեստը համապարփակ ձեւով` գեղանկարներից մինչեւ քանդակ ու պաստելով արված աշխատանքներ: Ի դեպ, մեզ հետ զրույցում ճանաչված նկարիչն ասաց, որ պատրաստ է իր որոշ աշխատանքներ վաճառել եւ գումարն ուղղել բանակին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները` հեղինակի
«Առավոտ» օրաթերթ
16.09.2022