Սոֆի Դերվոն ցավում է, որ իր այցը համընկավ պատերազմի հետ
Բոլոր ժամանակներում նվագախմբերի դիրիժորական վահանակի առջեւ կանանց հայտնվելը երեւույթ է ընկալվել, էլ չխոսենք օպերաներ ղեկավարելու մասին։ Երեւանի 90-ամյա ազգային օպերային թատրոնում օրերս երկրորդ դեպքն էր, որ ներկայացումը ղեկավարում էր կին դիրիժոր՝ Բիզեի «Կարմենը» ղեկավարեց ֆրանսիացի Սոֆի Դերվոն։ Իսկ առաջին անգամ 1990-ականներին Տիգրանյանի «Անուշը» եւ Դոնիցետիի «Պողիկտոսը» ղեկավարել է մեր հայրենակիցը՝ ծնունդով Թուրքիայից, ֆրանսաբնակ Նվարդ Անդրեասյանը։ Իհարկե, «Կարմենում» գլխավոր դերերգերով հանդես էին գալիս հանդիսատեսի կողմից սիրված ու սպասված մեներգիչներ Գրետա Բագիյանը, Հովհաննես Այվազյանը, Գեւորգ Հակոբյանը, Հայկ Տիգրանյանը, բայց արդարության դեմ չմեղանչելու համար նշենք, որ լեփ-լեցուն դահլիճն այս անգամ կարծես ապահովել էր հյուրախաղորդ դիրիժորը։ Հանդիսատեսի գնահատականն էլ ներկայացման ավարտին հնչած ծափահարություններն ու բրավոներն էին։
«Առավոտը», վստահ ենք՝ նաեւ պրոֆեսիոնալ հանդիսատեսը, մտաբերեց դիրիժորին, որը ոչ վաղ անցյալում մասնակցել է Հայաստանում իր ձեւաչափով դեռեւս միակ՝ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնին (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան, տնօրեն՝ Շմավոն Գրիգորյան) որպես ֆագոտահար եւ դիրիժոր։ Նշենք, որ փառատոնային համերգներն անցկացվում էին նաեւ մարզերում՝ Գյումրիում, Մայր աթոռ սուրբ Էջմիածնի հոգեւոր ճեմարանի դահլիճում եւ այլն։
Մեզ հետ զրույցում Սոֆի Դերվոն նշեց, որ որպես դիրիժոր ինքն առաջին անգամ ղեկավարել է Հայաստանի պետական կամերային նվագախումբը 2019թ., հենց հիշյալ փառատոնի շրջանակներում։ Հիշեց նաեւ, որ այդ փառատոնի օրերին դուետով հանդես է եկել ֆագոտահար Շմավոն Գրիգորյանի հետ՝ մեր կամերայինի ընկերակցությամբ, մտաբերեց նաեւ, որ հայ ֆագոտահարին տարիներ առաջ հանդիպել է Բեռլինի ֆիլհարմոնիկի Wind festival-ի օրերին։ «Ոչ մեծ թվով, սակայն մեկ-երկու հայ երաժիշտ ընկերներ ունեմ։ Թեեւ հասկանալի պատճառով, օրինակ՝ Շմավոնի հետ ոչ հաճախ ենք հանդիպում, բայց նամակագրական կապի միջոցով տեղեկանում ենք միմյանց ստեղծագործական գործունեությանը, կիսվում խորհուրդներով, հարկ եղած դեպքում՝ ձեռք մեկնում, աջակցում։ Ուրախ եմ, որ այսօր Շմավոնը Երեւանի օպերային թատրոնի գլխավոր խորհրդական-գլխավոր պրոդյուսերն է եւ հենց իր նախաձեռնությամբ ու հրավերով ձեր թատրոնում ղեկավարեցի «Կարմենը»։ Ընդ որում, առաջին անգամ էի օպերա ղեկավարում»,- հայտնեց մեր զրուցակիցը։
Դիտարկմանը՝ փաստորեն իբրեւ ֆագոտահար ավելի քան 15 տարվա բուռն գործունեություն ծավալած երաժիշտը իր դեբյուտը՝ որպես նվագախմբի եւ օպերային դիրիժոր, ունեցավ Երեւանում, Սոֆի Դերվոյի պատասխանը հակիրճ էր. փաստորեն՝ այո։ «Այցս համընկավ պատերազմական գործողությունների սկսման հետ։ Ցավալի է այդ ամենը։ Իմ երկրի նախագահն էլ առաջինը հանդես եկավ պատերազմը դադարեցնելու կոչով։ Հասկանում եմ ձեր ժողովրդի հոգեվիճակը, հասկանում եմ թատրոնի արտիստներին, որոնց իսկապես շատ սիրեցի։ Ափսոս, որ այսպես եղավ։ Նույնիսկ մտածում էի ներկայացման չեղարկման մասին, թեպետ չէի բարձրաձայնում։ Բայց ի պատիվ թատրոնի ղեկավարության, ներկայացումը կայացավ։ Այո, պատմությունից գիտենք, որ նման իրավիճակներում, հատկապես քաղաքակիրթ երկրներում, երբ պատերազմները տարիներով են ձգվել, մշակութային միջոցառումները չեն չեղարկվել, ավելին՝ արտիստները մեկնել են ռազմաճակատ՝ իրենց արվեստով բարձրացնելով զինվորների ոգին, կարծես ոգեշնչելով նրանց…»,- ասաց երաժիշտը։
Դիտարկմանը՝ դեռեւս շարունակվող ռուս-ուկրաինական պատերազմի օրերին թեեւ այդ երկրների «խաղաղ» քաղաքներում, ճիշտ է, չեն չեղարկվում մշակութային միջոցառումները, բայց այլ պատկերի ենք հանդիպում, տեսեք՝ եվրոպական երկրները ոչ միայն արգելեցին ռուս արտիստների հյուրախաղերը, այլեւ արգելեցին իրենց մոտ ռուս ազգի աշխարհահռչակ հեղինակների, այդ թվում՝ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Դուք կատեգորիկ եք ասում, թե արգելել են, օրինակ՝ ուզեն թե չուզեն, Չայկովսկին, Ռախմանինովը, Շոստակովիչը եւ մյուս կոմպոզիտորները ոչ միայն անվանի են, այլեւ վաղուց նրանք համաշխարհային արժեք են եւ վստահ եմ, որ ժամանակավոր դադարից հետո, երբ կավարտվի պատերազմը, նրանց գործերը դարձյալ կհնչեն»։
Ժամանակին մենք անդրադարձել էինք Ալեքսանդր Հարությունյանի փողային գործիքների փառատոնին, ներկայացրել նաեւ Սոֆի Դերվոյին իբրեւ ֆագոտահար։ Հիշեցնենք, որ նա հանդես է եկել հեղինակավոր համերգասրահներում, այդ թվում՝ Փարիզի, Բեռլինի ֆիլհարմոնիաներում, Քառնեգի հոլլում, Լոնդոնի թագավորական Ալբերտ հոլլում՝ հայտնի նվագախմբերի հետ, նաեւ կամերային ծրագրերում։ Ֆագոտահարը ներկայումս Վիեննայի ֆիլհարմոնիկի եւ օպերային թատրոնի մենակատար է, դասավանդում է Վիեննայի երաժշտության եւ արվեստի համալսարանում, վարպետության դասեր վարում աշխարհի հայտնի կոնսերվատորիաներում։ Մի կարեւոր հավելում. Սոֆի Դերվոն ուսանել է Վերսալի կոնսերվատորիայում, վերապատրաստվել Լիոնի ազգային բարձրագույն երաժշտական կոնսերվատորիայում եւ Բեռլինի Հանս Էյսլերի երաժշտական ակադեմիայում։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ օրերս կթողարկվի իր ու գործընկերների հետ համատեղ թվով երրորդ CD-ն։ Եվրոպական մամուլից էլ տեղեկացանք, որ Սոֆի Դերվոյի ու դաշնակահար Սելիմ Մազարիի կամերային ալբոմը արժանացել է մամուլի բարձր գնահատականին եւ ստացել գերմանական ձայնագրության քննադատների մրցանակը։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.09.2022