«Ես՝ որպես ակտիվ քաղաքացի, մեդիափորձագետ՝ տեղյակ չեմ, օրինակ, Ջերմուկի ուղղությամբ ինչ նահանջ է եղել, ուր են մինչև հասել հայկական զորքերը, որտեղ են կանգնած։ Համոզված եմ՝ դա որևէ վնաս մեզ չի կարող տալ, եթե քարտեզի վրա ՊՆ-ն ցույց տա, որ թշնամին մեր պաշտպանական առաջնագիծը ճեղքել է կամ մեր զորքերը կարողացել են հակահարված տալ»,- «Մեդիա կենտրոնում» «Ինֆորմացիոն վակուում պատերազմական իրավիճակում․ո՞վ է լցնում այդ վակուումը» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Ըստ նրա՝ այս տեղեկությունը ռազմավարական ծանր հետևանք ունենալ չի կարող․ «Մենք գիտենք, որ այդպիսի տեղեկություն է տարածվում ռուս-ուկրաինական պատերազմում: Դա նաև սթափեցնող նշանակություն ունի, պետք է ասեն, որ ժողովուրդ, մենք այսպիսի ծանր վիճակում ենք, եկեք, փրկեք հայրենիքը»։
Աշոտ Մելիքյանի համոզմամբ՝ տեղեկատվական վակուումի առնչությամբ կրկվում է 44-օրյա պատերազմի ժամանակահատվածի իրավիճակը։ Նա շարունակեց․ «Հասարակությանը չի տրամադրվում բավարար չափով պաշտոնական տեղեկատվություն, այն չափով, որը տեղ չի թողնի կամ շատ փոքր տեղ կարող է թողնել տարատեսական մանիպուլյացիաների և ապատեղեկատվությանը։ Այս ամենը շատ շտապ պետք է փոխել։ Մենք պետք է ունենանք համապատասխան մասնագետներ թշնամու կողմից այդ ապատեղեկատվության քարոզչական հնարքները տարածելու փորձերին հակազդելու և նաև մեր կողմից բավարար տեղեկատվություն հրապարակելու հարցում։ Պետության կողմից դա չի արվում»։
Նրա փաստմամբ՝ պետության պարտականությունն է պատերազմական գործողությունների վերաբերյալ տեղեկություններ տալը, որպեսզի հասարակությունն էլ համարժեք դրսևորի իրեն։ Նա, զուգահեռներ անցկացնելով մայրաքաղաքի և սահմանամերձ բնակավայրերում հասարակական վարքագծի միջև, նշեց․ «Այնտեղ՝ սահմաններին գնում է պատերազմ, իսկ Երևանն ապրում է իր առօրյա կյանքով, իր լիքը սրճարաններով, ռեստորաններով, գիշերային ակումբներով: Եվ դա նաև նրանից է, որ հասարակությունը չի պատկերացնում, թե ինչ տագնապալի, ծանր իրավիճակում ենք գտնվում»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ