Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00–ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Պարոնյան փողոցում՝ Կոնդի եկեղեցու դիմաց ծառայություն կատարող ոստիկանության զորքերի ծառայողների ուղղությամբ անհայտ անձը պայթուցիկ է նետել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Մխիթարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:
Պարեկները սահմանազատել են տարածքը, ապա դեպքի վայրի տարբեր հատվածներում հայտնաբերել են 1 հատ ճայթած ինքնաշեն պայթուցիկ և 1 հատ չճայթած ինքնաշեն կանաչ կպչուն ժապավենով փաթաթած պայթուցիկ: Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և ԱԻՆ կինոլոգն ու սակրավորը: Ըստ նախնական տեղեկությունների՝բարեբախտաբար, տուժածներ չկան: Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: