«Ես մեծ հույս ունեմ, որ եթե նույնիսկ զոհվածների ցուցակը չի հրապարակվում լայն հանրության համար, այնուամենայնիվ, հարազատների, ընտանիքի անդամների հետ համապատասխան ինստիտուտների կողմից կապն ապահովված է»,- «Մեդիա կենտրոնում» «Ինֆորմացիոն վակուում պատերազմական իրավիճակում․ ո՞վ է լցնում այդ վակուումը» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ նշեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանը։
Ըստ նրա՝ եթե այդ կապն ապահովված է, ապա կարող ենք համարել, որ թիվն արդեն իր մեջ պարունակում է բավականին մեծ տեղեկություն։
Ըստ նրա՝ տեղեկատվական դաշտում ոչ թե վակուում կա, այլ աղմուկ։ Նա պարզաբանեց․ «Որտեղի՞ց է գալիս վակուումն ու աղմուկը, պետք է տարբերակենք: Ոչ թե վակուում է կառավարական շրջանակների կողմից, այլ ստրատեգիկ կոմունիկացիոն լուրջ բաց, երբ կառավարությունը հարկ չի համարում իր ժողովրդի հետ խոսելով՝ տալ բոլոր մանրամասնությունները: Ժամանակ առ ժամանակ պետք է տարբերակել՝ որ խմբին ինչպես կարելի է հաղորդել տեղեկատվություն։ Ամեն պատերազմի սրացման պահին մենք հանկարծակի իրավիճակի առաջ ենք կանգնում, երբ կատարվում է մի բան, որը կարծես անսպասելի է, բայց պարզ է, որ սրանք անսպասելի հետևանքներ չեն»։
Անդրադառնալով հանրության շրջանում քննարկվող այն հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստաթուղթ ստորագրել է, չի ստորագրել, պատրաստվում է ստորագրել, թե՝ ոչ, Նունե Սարգսյանն ասաց․ «Կա փաստաթուղթ, չկա փաստաթուղթ, ստորագրել է, թե՝ ոչ․ լրագրողն այս հարցին պատասխան չպիտի ունենա, երբ ինքը սկսում է այդ նյութով զբաղվել, որովհետև ինքը պիտի փորձի այդ ամենը պարզել։ Ցավոք, նախորդ պատերազմը և բազմաթիվ այլ իրավիճակներ մեզ բերում, հանգեցնում են մի փաստի, որն ամբողջովին հերքում է նախորդ տեղեկությունների տարածումը։ Դրա համար համոզված եմ, որ տարբեր ճանապարհներով այս և նմանատիպ հարցերը պետք է փորձել պարզել, քանի որ նույն կառավարության անդամների խոսքում բազմաթիվ հակասություններ կան դրանք լրագրողի համար պետք է փաստերի ստուգման հիմք դառնան»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ