Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը կոչ էր անում ճնշել պատգամավորներին զանգերով, շրջափակումով, ֆեյսբուքով, կոչ անում հրապարակել նրանց հասցեն ու հեռախոսահամարը. Թարմացնենք ձեր հիշողությունը

Սեպտեմբեր 16,2022 18:44

Երեկ խորհրդարանում ՔՊ պատգամավորները բողոքում էին, որ ԱԺ-ի մոտ հավաքված ցուցարարները հայտարարել են, թե կգնան պատգամավորների տները, նրանց բերման կենթարկեն, ճնշում կգործադրեն այլն:

ՔՊ պատգամավոր Լուսինե Բադալյանն իր ելույթում դժգոհեց. «ԱԺ-ի բակում կանգնած մարդիկ պատգամավորների են փնտրել, հոխորտացել են, հասցեներ են հրապարակել, ինչը ՀՀ օրենսդրությամբ անձնական տվյալների հրապարակում է՝ առանց ֆիզիկական անձի թույլտվության»: Հետո Բադալյանը հայտարարեց. «Խնդրանք ունեմ ձեզ, մենք այսօր կանք, վաղը չենք լինելու, երբեք մի գնացեք այն մարդկանց հետեւից, որոնք բռնության կոչ են անում իրենց հայրենակիցների նկատմամբ՝ անկախ  այդ մարդու տարիքից, մտածելակերպից, բնավորությունից: Մենք շատ քիչ ենք ու այն մարդիկ, որոնք ձեզ առաջնորդում են բռնության կոչերով, իմացեք, որ այդ սուրը վաղը ուղղվելու է ձեզ: Շատ լսում եմ, լրագրողներն ասում են՝ այ, օրինակ, 2018-ին դուք էլ….չի՛ եղել նման բան: Սա ամենայն վստահությամբ եմ հայտարարում, որովհետեւ նույնիսկ, եթե բռնկված հասարակության ինչ-որ մի մասնիկ բռնության կոչ է արել, 2018-ին բեմահարթակից հստակ դա դատապարտվել է: Միշտ մեր պատգամավորներիս տներ գալիս էին, ապօրինություններ, բռնություններ էին գործադրում ու արդարացնում էին դա նրանով, որ 2018-ին էլ այ այսպիսի բաներ եղան, շարունակում եմ պնդել, որ դա միշտ հարթակից դատապարտվել է, կոչ է արվել, որ նման բան չարվի: Երեկ հարթակից կոչ էին անում գնալ պատգամավորների տուն, այնտեղից նրանց բերել, բզկտել, ստիպել…«ԱԺ կանոնակարգ» օրենքով որեւէ մեկը պատգամավորին որեւէ բան չի՛ կարող ստիպել: Եվ դրա տակից դեռ պետք է կարողանալ դուրս գալ»:

Թարմացնենք հիշողություն. 2018-ի ապրիլի 27-ին, լրագրողների հետ զրույցում, երբ Aravot.am-ը այն ժամանակ վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ դուք հայտարարել եք, որ որոշ ՀՀԿ-ականներ աջակցում են ձեզ, դուք հույսը դնում եք ՀՀԿ-ականների վրա՞՝ Փաշինյանը պատասխանեց. «Ես հույսը դնում եմ ժողովրդի դիրքորոշման վրա, որովհետեւ եթե լինի ժողովրդի զանգվածային ճնշում, այդ ՀՀԿ-ականները պիտի հաշվի նստեն այդ իրողության հետ»: Երբ ճշտեցին՝ այդ «ճնշումը» ինչպե՞ս եք պատկերացնում՝ նա պատասխանեց. «Զանգերով, ցույցերով, շրջափակումներով»:

(Դիտել ամբողջ ասուլիսը, մասնավորապես՝ Փաշինյանի խոսքի մեջբերված հատվածը՝ 1:07:54-ից եւ 43:00-ից)

Փաշինյանը հայտարարեց. «Մենք կփորձենք պատգամավորների հեռախոսահամարները գտնել, հրապարակել, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան նրանց դիմել, զանգել, էլ չեմ ասում, որ կան ֆեյսբուքյան էջեր, էլեկտրոնային փոստեր: Ես հույս ունեմ, որ քաղաքացիները այդ գործողությունները կիրականացնեն»: Այդ ասուլիսի ընթացքում մի քանի անգամ վարչապետի թեկնածու Փաշինյանը կրկնեց նույն միտքը. «Ես կարծում եմ, որ իմաստ ունի բոլոր պատգամավորների հեռախոսահամարները հրապարակվեն եւ քաղաքացիները փորձեն կապ հաստատել: Հույս ունեմ այսօրվա ընթացքում, վաղվա ընթացքում ԱԺ բոլոր պատգամավորների հեռախոսահամարները կհրապարակվեն, ինչու չէ նաեւ՝ հասցեները, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան իրենց պատգամավորների հետ այս թեմայով խոսակցություն ունենան»:

Այն ժամանակ էլ «ԱԺ կանոնակարգ» օրենքը ամրագրել էր, որ պատգամավորները պետք է քվեարկեն իրենց խղճի մտոք ու այն ժամանակ էլ նրանց չէր կարող որեւէ բան պարտադրվել: Պատգամավորների հեռախոսահամարները, հասցեները այն ժամանակ էլ անձնական տվյալներ էին համարվում:

Ի դեպ, այդ նույն ժամանակահատվածում լրագրողները ՀՀԿ-ականներին էին մոտենում ու փոխանցում Փաշինյանի խոսքերը՝ իրենց տներ այցելելու, իրենց զանգելու եւ ճնշելու մասին: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատասխանում էր գրեթե նույնը, ինչ հիմա՝ ՔՊ-ն, այն է՝ ՀՀԿ-ն իր դիրքերը չի զիջելու, մենք ճնշումներին չենք տրվելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930