Սեպտեմբերի 25-ին կայանալիք Սիսիան համայնքի ավագանու համամասնական ընտրություններին առաջադրված «Ապրելու երկիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Արա Զաքարյանը, պայմանավորված Հայաստանի ռազմական իրավիճակով, դադարեցրել էր քարոզարշավը; Սեպտեմբերի 16-ին Արա Զաքարյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ նշելով, որ սեպտեմբերի 13-ից Սիսիան համայնքի բազմաթիվ բնակավայրեր հայտնվել են ՀՀ պետական սահմանի երկայնքով սանձազերծված մարտական գործողությունների հարակից գոտում:
«Անմիջական անվտանգային սպառնալիքի պայմաններում հրամայական անհրաժեշտություն է մեր բնակավայրերի բնակչության պաշտպանության եւ տարածքային պաշտպանության համակարգի կազմակերպումը: Ցավով եմ նշում, որ սիսիանցիները այս տեսանկյունից հայտնվել են անորոշության մեջ մի իրավիճակում, երբ համայնքին պարտադրվում է տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրություններ սեպտեմբերի 25-ին, քանի որ ընտրական օրենքով ընտրությունների հետաձգման կամ չեղարկման համար անհրաժեշտ հիմքեր առկա չեն:
Այդուհանդերձ, անթույլատրելի համարելով նախընտրական քարոզչության իրականացումը՝ որոշում ենք կայացրել շարունակել մեր այցերը համայնքի բնակավայրեր, լինել մարդկանց կողքին, խոսել նրանց հետ, լսել նրանց, մեր ժողովրդի հետ միասնացած գտնել լուծումներ բոլոր այն խնդիրների համար, որոնք պետք է լուծի գործունյա եւ արդյունավետ համայնքային իշխանությունը ստեղծված իրավիճակում:
Մնացածը թող որոշեն մարդիկ սեպտեմբերի 25-ին:
Կարդացեք նաև
Աստված մեզ պահապան»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ Սիսիան համայնքում առաջադրվել է 7 ուժ․ «Հայ Յեղափոխական դաշնակցություն», «Քաղաքացիական պայմանագիր», «Մեկ Հայաստան», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք», «Ապրելու երկիր» կուսակցություններն ու «Աշխատանք եւ Արդարություն, «Զարգացող համայնք» դաշինքները։