Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետեւանքով վնասվել են ցորենի ու գարու ցանքատարածություններ

Սեպտեմբեր 16,2022 16:35

Ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետեւանքով ամենաշատ վնասներն արձանագրվել են Գեղարքունիքի մարզում։ Այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը ներկայացրեց, թե որ մարզում ինչ վնասներ են եղել ադրբեջանական հրետակոծության հետեւանքով։

Ըստ փոխնախարարի ներկայացրած տվյալների, Գեղարքունիքի մարզում Վերին Շորժա, Կութ, Սոթք եւ այլ բնակավայրերում վնասվել են 195 շենք-շինություններ, այդ թվում՝ բնակելի տներ, գյուղապետարանի եւ դպրոցների շենքեր, բուժկետ, ավտոլվացման կետ, անասնագոմեր եւ այլ օժանդակ շինություններ։

Ըստ փոխնախարարի, վնասվել են նաեւ 150 հեկտար ցորենի եւ գարու ցանքատարածություններ, խոտհարքեր։ Այս մարզում վնասվել են նաեւ էլեկտրահաղորդակցության մալուխները, Վարդենիս քաղաքում Չարենցի փողոցն է վնասվել, նաեւ՝ անձնական ավտոմեքենաներ։

Սյունիքի մարզի Ակներ, Վերիշեն, Քարաշեն, Նորավան եւ Աղիտու բնակավայրերում վնասվել է 5 շենք, որից 4 –ը՝ բնակելի տուն, 1-ը՝ հանդիսությունների սրահ։ Սյունիքում նույնպես էլեկտրամատակարարման լարերն են վնասվել, նաեւ՝ գազամատակարարման խողովակներ։

Վայոց ձորում, ինչպես ասաց փոխնախարարը, հրետակոծությունից վնասվել են հյուրատներ, մեկ առողջարան, ճոպանուղին սպասարկող վարչական շենքը, ավտոճանապարհների որոշ հատվածներ, Կեչուտի ջրամբարի վրա երկու արկ է ընկել։

Դավիթ Համբարյանի ներկայացմամբ՝ Վայոց ձորում էլ քաղաքացիների անձնական մեքենաներ են վնասվել․ «Նաեւ՝ հարվածային ալիքների հետեւանքով կան բազմաթիվ շենքեր, որոնց պատուհանները ոչնչացվել են»։

Փոխնախարարն ասաց, որ Վայոց ձորում հրշեջ փրկարարական ջոկատը ենթարկվել է հրետակոծության, վնասվել է շենքը ծառայության շենքը։

Ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետեւանքով երեք մարզում խոտածածկ եւ անտառածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել։ Ըստ Համբարյանի, Սյունիքում 5 խոտածածկ տարածքում է հրդեհ բռնկվել, Վայոց ձորում՝ Ջերմուկի մոտ՝ 7 խոտածածկ տարածքում եւ 3 անտառապատ տարածքներում. «Այս պահին բոլոր նշված օջախները մարված են, բացառությամբ մեկի՝ Ջերմուկի անտառներում մեկ ծխացող տարածք կա, որտեղ այս պահին անվտանգության նկատառումներից ելնելով աշխատանք չի տարվում։ Սակայն այդտեղ հիմա հրդեհ չկա, դա ավելի շուտ հրդեհի մարման հետեւանք է»։

Սեպտեմբերի 13-ից ադրբեջանական ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի միաժամանակ մի քանի ուղղություններով փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել։ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի եւ Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ են վարել հայկական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ երեկ ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նախօրեին հայտարարել է՝ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ է հաջողվել ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՝ այսօրվա դրությամբ, մեր հաստատված զոհերի թիվը 135 է, նշելով՝ ցավոք, այդ թիվը դեռեւս վերջնական չէ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930