Ջերմուկում այսօր ՀՀ-ում 30 երկրների դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանից Իրանի ներկայացուցիչը հետաքրքրվեց․ «Ադրբեջանի այս հարձակումը նախապես պլանավորվա՞ծ էր։ Ի՞նչ տակտիկական նշանակություն ունի դա, գուցե որոշակի խնդիրներ լուծելուց հետո իրենք հե՞տ են քաշվելու։ Եվ, կորուստների թիվը կարո՞ղ եք հնչեցնել»։
Էդվարդ Ասրյանը պատասխանեց․ «Միանշանակ, ցանկացած օպերացիա եւ մարտ նախապես պլանավորված է եւ պատրաստված։ Տակտիկական առումով կարող եմ ասել, որ հակառակորդն ունենալով զավթողական նպատակներ, խնդիր է դրել ՀՀ ինքնիշխան տարածքում ապահովել իր ներկայությունը եւ դրա արդյունքում ստեղծել նաեւ համապատասխան ծանր իրավիճակներ՝ ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական տեսանկյունից։ Ինչ վերաբերում է կորուստներին, ապա այստեղ մանրամասներ չեմ հնչեցնի»։
Մեկ այլ օտարերկրացի դիվանագետ էլ հարցրեց․ «Ո՞րն է ամենամեծ խորությունը, որով Ադրբեջանը թիրախավորել է ՀՀ տարածքը»։ ԳՇ պետը պատասխանեց․ «Ադրբեջանն իր գործողությունների արդյունքում թիրախավորել է նաեւ Սեւանա լճի ափին գտնվող Մարտունի քաղաքը․ 50 կմ»։
Մեկ այլ հարց էլ հնչեց․ «Այստեղ գալուց մենք տեսանք, որ ճանապարհը եւս թիրախավորվել էր, ի՞նչ կասեք այս առիթով»։
Կարդացեք նաև
Էդվարդ Ասրյանն արձագանքեց․ «Դա հակառակորդի ռեակտիվ համակարգերից արձակված հրթիռ է, որը Ջերմուկ քաղաքի խորությամբ կարող է՝ թիրախավորել է այլ նշանակետ, բայց թերթռիչքի կամ գերթռիչքի արդյունքում խոցել է ճանապարհը»։
Հանդիպմանը ներկա էր նաեւ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, որն օտարերկրացի դիվանագետներին տեղեկացրեց՝ Ադրբեջանի հարձակողական գործողությունների հետեւանքով խաթարվել է նաեւ կրթական գործընթացը, եւ մեծ թվով երեխաների կրթության իրավունքն այս պահին ոտնահարված է։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ից Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է իրականացնում ՀՀ-ի սուվերեն տարածքների դեմ՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի սահմանային հատվածներից։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ