Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Չալաբյան. «Պատասխանատու ասում եմ, որ թեթեւ անօդաչու սարքերի մասով մենք այսօր առաջ ենք շատ երկրներից»

Սեպտեմբեր 16,2022 16:14

Հանրային գործիչ Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի արած իմաստային առումով այն հայտարարությանը, թե Հայաստանի պաշտպանությունը կազմակերպելու համար կա զենք-զինամթերք ձեռք բերելու անհրաժեշտ գումար, սակայն դա հնարավոր չի լինում, Aravot.am-ին ասաց. «Հայաստանն արդեն ձեւավորել է բարձր տեխնոլոգիական բավական լուրջ սեկտոր: Դրա մասին բոլորը գիտեն: Պատահական չի, որ այս երկրում «Սթարմուս», պարբերաբար՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաների միջազգային փառատոներ եւ համաժողովներ են անցկացվում: Այս ամենը լուրջ է: Այն ներուժը, որը Հայաստանում ձեւավորվել է բարձր տեխնոլոգիական ոլորտում, կիրառելի է նաեւ ռազմական ոլորտում: Ի վերջո, ամբողջ աշխարհում հենց ռազմական ոլորտն է, որ բարձր տեխնոլոգիաների պահանջարկ է ստեղծում: Օրինակ, ինտերնետը, որ ժամանակակից բարձր տեխնոլոգիաների հենքն է, Միացյալ Նահանգներում սկզբից ստեղծվել է որպես ռազմական տեխնոլոգիա:

Քանի որ մենք այդ ներուժը ունենք, 2016 թվականի պատերազմից հետո մեր հայրենասեր երիտասարդները սկսեցին իրենց ջանքերի զգալի մասը քաղաքացիականից ուղղել դեպի ռազմական, ռազմաարդյունաբերական ոլորտ եւ դա շատ մեծ զարկ տվեց: Որովհետեւ այդ մարդիկ հասկացան, որ չես կարող թուրքի դեմ անընդհատ ավտոմատով կռվել, քեզ պետք են ժամանակակից թռչող միջոցներ, ռազմական ռոբոտներ, կոմունիկացիոն, լազերային սարքավորումներ: Մենք արդեն ունենք լուրջ արդյունքներ, որոնք այս ռազմական գործողություններում որոշակիորեն օգտագործվել են: Բայց անհասկանալին այն է, որ դրանք օգտագործվել են արտադրող ընկերությունների կողմից, այլ ոչ թե բանակի: Բանակը չի գնում այդ սպառազինությունը, որովհետեւ համարում է, որ այդ սպառազինությունն իրեն պետք չի: Բանակը պետք է սկսի սեփական ռազմարդյունաբերություն, սպառազինություն արտադրել:

Մի պարզ օրինակ ասեմ: Հիմա նախագահի աթոռին հանգստացող անձը, որն անցած տարի ԲՏԱ նախարարն էր, պետական հատկացումներից ստացել էր 5,5 միլիարդ դրամի ռազմաարդյունաբերական բյուջե: Սակայն այդ միջոցների կեսից ավելին չի ծախսել ու կառավարության երեք որոշումներով հետ է վերադարձրել պետական բյուջե այն դեպքում, երբ ընկերությունները աջակցության կարիք ունեն:

Պատահական չէ, որ ասում ենք Նիկոլ Փաշինյանը չարիք է: Փաստերի հիման վրա ենք ասում:

Ինչ պետք է անել: Առաջին հերթին անհրաժեշտ է ունենալ պաշտպանության նախարար, որը հստակ գերակայություն կունենա՝ աշխատելու մեր սեփական ռազմական արդյունաբերության հետ: Պետք է, որպեսզի ՊՆ կազմում մենք ստեղծենք կառույց, որն աշխատում է ռազմարդյունաբերության հետ եւ ունի դա իրականացնելու հստակ մանդատ: Այդ կառույցը նաեւ պետք է ունենա բյուջե: Ես պատասխանատու ասում եմ, որ թեթեւ անօդաչու գրոհային եւ հետախուզական սարքերի մասով մենք այսօր առաջ ենք, օրինակ, Ռուսաստանից: Դա նշանակում է, որ մեզ պետք չի գնալ, հերթական անգամ ռուսներից սպառազինություն խնդրել: Մերը ունենք, որը մի քանի անգամ ավելի էժան է: Պետք է մերի վրա աշխատենք»:

Ավետիք Չալաբյանը շատ չակերտներ չբացելով՝ նաեւ ասաց, որ, իշխանությունը արդեն ունեցածը շատ վատ է օգտագործում: «Եվ երբ Փաշինյանն ասում էր. մեզ զենք չեն վաճառում, ճիշտ են անում, որ քեզ զենք չեն վաճառում: Որովհետեւ այդ զենքը քո ձեռքում լավ չի աշխատում: Օրինակ, «Իսկանդերի» 10 տոկոսը»,-հիշեցրեց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930