Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Օդիլ Ռենո-Բասսոն հաջորդ շաբաթ՝ սեպտեմբերի 12-ից 16-ը շրջելու է Կովկասում՝ հանդիպելու բարձրաստիճան պետական պաշտոնյաների և բիզնես հաճախորդների ու գործընկերների հետ: Նա նախ կայցելի Ադրբեջան, ապա՝ Վրաստան, իսկ այցը կավարտի Հայաստանում։
Սա նրա առաջին այցն է տարածաշրջան 2020 թվականի վերջին պաշտոնը ստանձնելուց հետո:
Իր այցին ընդառաջ ՎԶԵԲ նախագահն առցանց հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների տարբեր խմբերի հետ:
Բաքվում ՎԶԵԲ-ի նախագահը, ի լրումն կարևոր հանդիպումների, կստորագրի Ադրբեջանում Բանկի երկրորդ «Կանաչ քաղաք» նախագծի վերաբերյալ համաձայնագիրը և կմասնակցի ներդրումների խթանման ազգային գործակալության՝ AzPromo-ի հետ համատեղ նախագծի գործարկմանը, որի նպատակն է խթանել հեռահաղորդակցության, ԶԼՄ-ների և տեխնոլոգիաների ոլորտը։
Կարդացեք նաև
Թբիլիսիում Օդիլ Ռենո-Բասսոն կունենա տարբեր հանդիպումներ և վարկային պայմանագրեր կկնքի ֆինանսական և առողջապահական ոլորտների երկարամյա գործընկերների հետ:
ՎԶԵԲ նախագահն իր այցը կավարտի Երևանում, որտեղ կհանդիպի Հայաստանի քաղաքական ղեկավարության և ՎԶԵԲ-ի գործընկերների հետ։ Ռենո-Բասոն կայցելի նաև ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ կհանդիպի Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջատարների հետ և կմասնակցի ՎԶԵԲ-ի կողմից աջակցվող Հայաստանի ներդրումային խորհրդի 15-ամյակին նվիրված տոնակատարություններին:
«Ես անհամբերությամբ եմ սպասում Կովկաս այցելությանը, որտեղ Բանկն իր գործունեության 30 տարիների ընթացքում հասել է ուշագրավ արդյունքների: Չնայած իր չափերին, տարածաշրջանը մեզ համար կարևոր ներդրումային ուղղություն է, որտեղ մենք արդեն ներդրել ենք ավելի քան 10 միլիարդ եվրո»,- իր այցից ընդառաջ ասել է Ռենո-Բասոն:
EU NEIGHBOURS east