Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ դեսպանի ուշագրավ հարցը ԳՇ պետին․ «Ադրբեջանը պնդել է, որ ինքը չի թիրախավորել քաղաքացիական ենթակառուցվածքները․ ըստ ձեզ, հատո՞ւկ է խփել այդ տարածքներին»

Սեպտեմբեր 16,2022 15:39

«Ենթակառուցվածքներին հասցրած հարվածների ժամանակ հակառակորդը կիրառել է ռեակտիվ հրետանի, հարվածային ԱԹՍ-ներ։ Ջերմուկ քաղաքում հարված է հասցվել նաեւ ճոպանուղուն։ Որպես առողջարանային կենտրոն՝ Ջերմուկն ունի այլ երկրներից այստեղ հանգստացողներ։ Այդ հարվածների հետեւանքով Ջերմուկում այս պահին այլ երկրների ներկայացուցիչներ չկան»,-Ջերմուկում այսօր ՀՀ-ում 30 երկրների դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

Էդվարդ Ասրյան

Նա շեշտեց, որ ճոպանուղու տարածքում կան նաեւ մանկական հրապարակներ․ «Քանի որ Ջերմուկից տարհանում իրականացված չէր, մարդիկ եւ այլ երկրների քաղաքացիները քաղաքում էին գտնվում»։

Ապա հարց հնչեցրեց ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։ Թարգմանիչը թարգմանեց․ «Ադրբեջանական կողմը պնդել է, որ ինքը չի թիրախավորել քաղաքացիական ենթակառուցվածքները, այլ միայն զինվորականը։ Երբ ասացիք, որ Ջերմուկը «resort area» է, ձեր կարծիքով, նա հատուկ արել է այդ տարածքներին խփելու համար, որ նման արդյունք ստանա՞։ Եվ քաղաքացիակա՞ն ենթակառուցվածքներին է խփել այստեղ»։

ԳՇ պետը թարգմանությունը լսելուց հետո պատասխանեց․ «Միանշանակ, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները որպես նշանակետեր ընտրել են նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Ինչո՞ւ։ Որովհետեւ սկզբից էլ ասացի, որ Ջերմուկն առողջարանային կենտրոնի միջազգային կարգավիճակ ունի։ Թիրախավորելով Ջերմուկի ենթակառուցվածքները՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նպատակ է հետապնդել։ Իր նպատակներից կարևորներից մեկը ՀՀ-ին լուրջ տնտեսական հարված հասցնելն է»։

Ներկաներից մեկն էլ հարցրեց․ «Ձեր ասածից ստացվում է, որ դեռեւս երեքշաբթի Ադրբեջանը ներթափանցել է Ջերմուկի տարածաշրջան։ Որքա՞ն են նրանք մնացել այստեղ, ե՞րբ են հետ մղվել։ Հիմա ի՞նչ հեռավորության վրա են»։

Էդվարդ Ասրյանը պատասխանեց, որ հենց սկզբից վարելով դիրքային մարտեր՝ հայկական ստորաբաժանումները հետ են մղել հակառակորդի գերակշռող ուժերի հարձակումները․ «Օրվա ընթացքում որոշ ուղղություններում որոշ մարտական դիրքեր մենք կորցրել ենք։ Հակառակորդը կարողացել է այդ ճեղքվածքներով ներթափանցել հարյուրավոր եւ ավելի մեծ քանակի ստորաբաժանումներով։ Որոշ ուղղություններում, այդ թվում՝ Ջերմուկի, մեր ստորաբաժանումների շնորհիվ հաջողվել է հակառակորդին հետ շպրտել ելման դիրքեր։ Ջերմուկի ուղղությամբ իմ ասածները վերաբերում են սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ մինչեւ հրադադարի ռեժիմը հաստատելը։ Ջերմուկից մինչեւ սահման հեռավորությունը եղել է մոտ 11 կմ։ Հիմա Ջերմուկից հակառակորդը 4,5 կմ-ի վրա է»։

Ի պատասխան հարցատուն արձանագրեց․ «Շատ մոտ է եկել»։ ԳՇ պետը պատասխանեց․ «Այո, շատ է մոտեցել։ Մենք հակառակորդի գտնվելու տեղը ձեզ ցույց կտանք։ «Արմենիա» հյուրանոցի մոտակայքից դիտարկվում է հակառակորդի գտնվելու վայրը»։

Մեկ այլ դիվանագետ էլ հետաքրքրվեց, թե Ջերմուկից բնակիչների տարհանումն ինչպես է կազմակերպվել։ Հարցին պատասխանեց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը․ «Մենք անակնկալի էինք եկել, չնայած բոլոր հնարավոր միջոցառումներն իրականացրել ենք։ Բնակիչների մի մասը պաշտպանական վայրերում է, մյուսը՝ այլ անվտանգ տարածքներում։ Մանրամասները չեմ կարող հրապարակել։ Քաղաքացիների շրջանում կորուստ չունենք»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ից Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է իրականացնում ՀՀ-ի ինքնիշխան տարածքների դեմ՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի սահմանային հատվածներից։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930