Լրահոս
Օրվա լրահոսը

Չեխական «Առնիկա»-ն, «ԷկոԼուր»-ը և ՀՀԱԿ-ը քիմիական աղտոտվածության հետազոտություններ են սկսում Մեղրաձորում և Քարաբերդում

Սեպտեմբեր 16,2022 15:35

Չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպությունը՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» (ՀՀԱԿ) և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ների հետ համատեղ, սկսում է քիմիական աղտոտվածության հետազոտությունների նոր փուլ Կոտայքի, Լոռու, Արագածոտնի մարզերի այն տարածքներում, որոնք գտնվում են արդյունաբերական օբյեկտների ազդեցության տակ:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հանքարդյունաբերության ոլորտին։ 2022 թվականին նախատեսվում է հետազոտություններ անցկացնել Կոտայքի մարզի խոշորացված Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի և Լոռու մարզի Վանաձոր համայնքի Քարաբերդ բնակավայրի տարածքում։ 2023 թվականին ուսումնասիրություններ կանցկացվեն Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի Մելիքգյուղ բնակավայրի և Կոտայքի մարզի Հրազդան համայնքի վարչական տարածքում։

Հետազոտություններն անցկացվում են «Քաղաքացիական հասարակության մասնակցությունը Հայաստանում քիմիական անվտանգության պաշտպանությանը» ծրագրի շրջանակներում` Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:

«Երկարաժամկետ հեռանկարում մենք նպաստում ենք շրջակա միջավայրի և տեղի բնակչության առողջության վրա հանքարդյունաբերական ենթակառուցվածքների աղտոտվածության ազդեցության նվազեցմանը: Մեր կարծիքով՝ անհրաժեշտ է ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կնպաստեն շրջակա միջավայրի և տեղի համայնքների առողջության վրա ծանրաբեռնվածության նվազեցմանը, բայց նաև վնաս չեն հասցնի նրանց տնտեսական և սոցիալական զարգացմանը», – ասում է ծրագրի համակարգող, «Առնիկա»-ի ներկայացուցիչ Վալերիա Գրեչկոն։

Իր հերթին ծրագրի համակատարող «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը վստահ է. «Աղտոտվածության մակարդակի վերաբերյալ հստակ, հուսալի տվյալների առկայությունը կարևոր նախապայման է արդյունաբերական աղտոտվածությունից տուժած համայնքների բնապահպանական, սոցիալական, առողջապահական և տնտեսական խնդիրները լուծելու համար: Սա արդյունավետ միջոց է ամրապնդելու տեղի բնակչության ներուժն իրենց իրավունքների պաշտպանության առումով, բարձրացնելու տեղեկատվության հասանելիության մակարդակը և նպաստելու պատշաճ կառավարման բարելավմանը ինչպես տեղական, այնպես էլ ազգային մակարդակում, ինչպես նաև օրենսդրության բարելավման գործում»:

Հիշեցնենք, որ «Առնիկայի» և հայկական ՀԿ-ների կողմից 2018-2021թթ. համատեղ իրականացված ծրագրերի շրջանակներում քիմիական աղտոտվածության ուսումնասիրություններ են իրականացվել Լոռու մարզի Թումանյանի շրջանում: Այդ ուսումնասիրություններն օգնել են գնահատել արդյունաբերական աղտոտվածության ազդեցության աստիճանը առողջության, սոցիալական ոլորտի և շրջակա միջավայրի վրա։

Մշակված հետազոտության մոդելը հիմնված է վերլուծությունների վրա, որոնք արվել են հատուկ սխեմայով, որը ներառում է շրջակա միջավայրի բաղադրիչների միջոցով աղտոտման շղթայի բոլոր օղակները՝ (հող, հատակային նստվածքներ, փոշի) մինչև մարդու օրգանիզմ: Մոդելն առավելագույնս հաշվի է առնում այնպիսի գործոններ, ինչպիսիք են աղտոտման աղբյուրի կոորդինատները, այդ աղբյուրի հեռավորությունը ջրային օբյեկտներից, գյուղատնտեսական հողատարածքներից, տներից, աղտոտող նյութերի բաղադրությունը,  քամու ուղղությունը և այլն:

Նման մոդելով նախորդ ուսումնասիրությունների արդյունքները (arnika.org, arnika.org/en, armccms.org, ecolur.org) հնարավորություն են տվել գնահատել շրջակա միջավայրի և մարդու օրգանիզմի վրա այնպիսի արդյունաբերական օբյեկտների կողմից աղտոտման ազդեցության աստիճանը, ինչպիսիք են Ալավերդու պղնձաձուլարանը, Շամլուղի պղնձի հանքավայրը, Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը՝ իր երեք պոչամբարներով, Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը, կոմբինատը և պոչամբարը, Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրը, գործարանը և պոչամբարը, Մղարթի ոսկու հանքավայրը և պոչամբարը:

Ներկայացված վերլուծությունը հիմք է հանդիսացել տարածքների վերականգնման համար պետական ​​մարմիններին և տեղական ինքնակառավարման մարմիններին ներկայացված կոնկրետ առաջարկների համար (armccms.org).

Այս ծրագրի շրջանակներում ձեռք բերված փորձի հիման վրա նման մեթոդաբանություն կկիրառվի Մեղրաձորում, Քարաբերդում, Մելիքգյուղում և Հրազդանում քիմիական աղտոտվածության ուսումնասիրություններում:

«Անհրաժեշտ է ուժեղացնել պետության աջակցությունն ու շահագրգռվածությունը օգտակար հանածոների էքստենսիվ արդյունահանման սահմանափակման հարցերում, և բարձրացնել տեղական իշխանությունների և բնակչության իրազեկվածությունը պաշտպանության գործիքների և շրջակա միջավայրի դեգրադացիայի բացասական հետևանքների կանխարգելման մասին», – նշել է  «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930