Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանի ելույթներն ԱԺ-ում շատ անզգույշ էին և որոշ տեղերում ծայրահեղ խոցելի». Աշոտ Մելիքյան

Սեպտեմբեր 16,2022 15:07

«Նիկոլ Փաշինյանի ելույթներն ԱԺ-ում շատ անզգույշ էին և որոշ տեղերում ծայրահեղ խոցելի»,- «Մեդիա կենտրոնում» «Ինֆորմացիոն վակուում պատերազմական իրավիճակում․ ո՞վ է լցնում այդ վակուումը» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Ըստ նրա՝ խոցելի էր նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ ասում էր՝ իբր ինքը պատրաստ կլինի ստորագրել մի փաստաթուղթ, եթե հարյուր տարի երաշխավորված լինի խաղաղությունն ու անվտանգությունը, այն հիմքը, որ բերել էր, թե այդ գործողությունները սկսվեցին նաև այն պատճառով, որ Ալիևը տեսնում է՝ ՀՀ-ի տնտեսական շռնդալից զարգացումները, շատերի մոտ ծիծաղ առաջացրեց:

Աշոտ Մելիքյանն այս առիթով շարունակեց. «Իրականում պետք է ասել, որ այս պատերազմական գործողություններն ավելի շատ սկսեցին բրյուսելյան անհաջող հանդիպումից հետո, որտեղ Հայաստանին եղել է անընդունելի ինչ-որ առաջարկ, որից Փաշինյանը հրաժարվել է: Դա է պատճառը, որ Ալիևը նորից որոշեց ակտիվ գործողություններ իրականացնել: ՀՀ-ն հայտնվել է մի իրավիճակում, որ Ադրբեջանն ուժի սպառնալիքով առաջարկում է մի բան, որն անընդունելի է ՀՀ-ի համար. չի ստորագրում: Դրանից հետո արդեն ուժի կիրառմամբ է փորձում այդ ամենը իրականացնել: Սա վտանգավոր է»:

Աշոտ Մելիքյանի համար տեսանելի չեն այն մասնագետները, որոնք նրբանկատորեն կարողանան աշխատել հանրության հետ, տեղեկատվական դաշտի, ԶԼՄ հետ՝ սկսած վարչապետից: Նա նշեց. «Ինչպես արդեն նշեցի՝ մի քանի վերջին ելույթներում՝ ԱԺ-ում, կային խոցելի դրվագներ, որոնք չպետք է ասեր փորձառու քաղաքական գործիչը: Իր խորհրդատուներն էլ պետք է այդ բաների վրա ուշադրություն դարձնեն, ընդհուպ նրա վրա, թե արդյոք այդ որակի ուղիղ եթեր մտնելու քայլը պե՞տք էր կիրառել, թե՞ ոչ»:

Այս իրավիճակում Աշոտ Մելիքյանի համար անընդունելի է նաև ընդդիմության վարքագիծը: Նա մանրամասնեց. «Այն, ինչ տեղի ունեցավ օրերս Հանրապետության հրապարակում և Բաղրամյանում, ապացուցեց, որ մեր հասարակությունը խոցելի է տեղեկատվական առումով: Սակայն, երբ պատերազմի ժամանակ դրանից օգտվում է արմատական ընդդիմությունը, դա ցնցող երևույթ է: Այդ օրն առաջնային աղբյուրներից հավաստիացա, որ որևէ վտանգավոր փաստաթուղթ չկա ստորագրելու: Այս պարագայում մի փոքր ապատեղեկատվությունը առ այն, որ Նիկոլ Փաշինյանը հեսա մի բան պիտի ստորագրի, օգտագործվեց: Սա վկայում է այն մասին, որ երկու զուգահեռ իրականություններ գոյություն ունեն: Մեկն այն է, ինչ իշխանությունն է ներկայացնում, ցավոք, նաև իշխանության կողմից է հաճախ լինում ոչ միայն լռություն, այլև ապատեղեկատվություն, մյուս կողմից ցանկացած ապատեղեկատվություն կարող է արմատական ընդդիմության կողմից օգտագործվել հայրենասիրության քողի ներքո և իր գլխավոր նպատակը առաջ տանել: Այս պարագայում չեղած վտանգը գումարել եղածին և այսպիսի բունտ բարձրացնել, սա կարծում եմ թշնամուն ուղղակի աջակցելու քայլ է»:

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր ճեպազրույցում ընդգծել է, որ այս պատերազմական վիճակում հանրահավաքների անցկացումն իրենց օրակարգում չի եղել, պարզապես մարդիկ ինքնաբուխ հավաքվել են, ասել են՝ թող ընդդիմադիրները գան, իրենք էլ գնացել են:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930