Լրահոս
Օրվա լրահոսը

«Միակ տարբերակը՝ նոր ընդդիմություն ձեւավորելու անհրաժեշտությունն է, կամ առնվազն՝ ներկա ընդդիմության կտրուկ վերաֆորմատավորումը»

Սեպտեմբեր 16,2022 17:05

«Պետք է հասկանանք՝ իսկ ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմաց ի՞նչ ենք ստանալու». «Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը

– Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա, պաշտոնական Երեւանը դա «լայնածավալ սադրանք» է որակում ընդամենը, իշխող ուժի պատգամավորները հայտարարում են, որ ռազմական դրություն հայտարարելու եւ մոբիլիզացիա կազմակերպելու անհրաժեշտություն չկա, միաժամանակ Երեւանը դիմել է ՀԱՊԿ-ին՝ այդ կառույցից գործուն միջամտության աջակցությամբ: Ինչի՞ մասին է խոսում պաշտոնական Երեւանի նման վարքագիծը:

– Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց, որը միջազգային տարբեր միջնորդների ջանքերով գոնե այս պահին կանգնեցվել է։ Սակայն Բաքուն լրջորեն պատրաստվել է այս պատերազմին, մարզել ու զինել է բանակը, ստեղծել է անհրաժեշտ ենթակառուցվածքները եւ իրեն հարմար ցանկացած պահին այն կարող է վերսկսկել։ Սրան «սադրանք» անվանելով, կարծում եմ, իշխանությունները փորձում են խուսափել լարվածության աճից՝ թե սահմանի վրա, թե երկրի ներսում:

Ինչ վերաբերում է ռազմական դրություն հայտարարելուն կամ մոբիլիզացիային, ապա սա ոչ միայն քաղաքական, այլեւ լուրջ ռազմական հարց է, եւ դա պետք է որոշեն մասնագետները, քանի որ այն կարող է երկիրը մտցնել անվտանգության դիլեմայի գալարների մեջ։ Օրինակ, շատ փորձագետեր են կարծում, որ Առաջին համաշխարհային պատերազմի սկսելու պատճառը Ռուսաստանի, իսկ այնուհետեւ՝ Ավստրո- Հունգարիայի կողմից իրականացված սխալ մոբիլիզացիան էր։

– Իշխանամերձ փորձագետներն արդեն երկու օր է՝ առաջ են մղում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու թեզը, այն կարո՞ղ է կենսունակ դառնալ. ի՞նչ հետեւանք կարող է բերել նման օրակարգը:

– Ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ը չկատարեց իր պարտականությունները Հայաստանի նկատմամբ։ Սա նշանակում է, որ այս կառույցի եւ Հայաստանի շահերն իրար ներդաշնակ չեն։ Սակայն այս կազմակերպությունից դուրս գալուց առաջ պետք է որոշել կարեւոր հարցը՝ իսկ ո՞ւր մտնել, ինչպիսի՞ անվտանգության համակարգ ենք պատկերացնում Հայաստանի համար։

Բացի իր զինուժով անվտանգություն ապահովելուց, ՀԱՊԿ-ը Հայաստանի համար լուծում է էժան գներով սպառազինության հարցը, որոշակի միջազգային ներկայացուցչականություն է ապահովում, լուծում է այլ, ավելի ցածր նշանակության խնդիրներ, որոնցից տեսականորեն կարելի է հրաժարվել, բայց պետք է հասկանանք՝ իսկ դուրս գալու դիմաց ի՞նչ ենք ստանալու։

– Նիկոլ Փաշինյանը նախօրեին, խորհրդարանի ամբիոնից հստակ հայտարարեց Արցախն Ադրբեջանին հանձնելու իր պատրաստակամության մասին՝ ասելով, որ պատրաստ է հենց հիմա ստորագրել մի փաստաթուղթ, որը կապահովի Հայաստան՝ մոտ 30 հազար քառակուսի կիլոմետրով, ինչին հետեւեցին հասարակական ընդվզումները, որին ընդդիմադիր քաղաքական ուժերը «տեր չկանգնեցին»: Ձեր դիտարկումներով, ի՞նչ գործընթացներ են հիմա տեղի ունենում, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի հրապարակային խոստովանությունը ընդդիմադիրներին չի անհանգստացնում:

– Ընդդիմադիրները տեր չկանգնեցին նաեւ գարնանը սկսված ընդվզմանը։ Քննարկումներում տեսել եմ, որ տարբեր պատճառներ են նշում դրա համար. ընդդիմադիրների փորձի պակասը, որոշումներ կայացնելու մեխանիզմների բացակայությունը, ներքին պայքարը հետագա իշխանության վերաբերյալ՝ «դեռ չորսած արջի մորթին կիսելու» տրամաբանության մեջ, ընդդիմության՝ դրսից կառավարելի լինելը, եւ այլն։
Հիմա դժվար է պնդել, թե այս տեսակետներից ո՞րն է ավելի ճշմարտանման, բայց մի բան ակնհայտ է՝ ճգնաժամային պահերին խորհրդարանական ընդդիմությունը չի կարողանում տեր կանգնել այնպիսի թանկարժեք ռեսուրսների, ինչպես ժողովրդի ընդվզումն է եւ ժողովրդի վստահությունը։ Ակնհայտ է, որ ճգնաժամերը Հայաստանում չեն սպառվել, ակնհայտ է նաեւ, որ իշխանությունը չի տիրապետում ճգնաժամերի կառավարմանը, եթե չասենք, որ հաճախ հենց իրենք են ճգնաժամ ծնողը։ Ուրեմն, մնում է միակ տարբերակը՝ դա նոր ընդդիմություն ձեւավորելու անհրաժեշտությունն է, կամ առնվազն՝ ներկա ընդդիմության կտրուկ վերաֆորմատավորումը։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
16.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930