Sputnik Արմենիա. 2022 թ–ի սեպտեմբերի 9-ի դրությամբ Հայաստանի 23 դպրոցներում մեկնարկել է տարածաշրջանային լեզուների ուսուցման գործընթացը։ Տեղեկությունն, ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման, հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Ներկայացված տվյալների համաձայն` 23 դպրոցներից 7-ում դասավանդվում է պարսկերեն, 3-ում՝ վրացերեն, 9-ում՝ թուրքերեն, 4-ում՝ ադրբեջաներեն:
Նախարարությունից նաև հայտնում են, որ տվյալ 23 դպրոցներում այդ լեզուները դասավանդվում են կա՛մ խմբակի ձևաչափով, կա՛մ 3-րդ օտար լեզվի, կա՛մ երկու ձևաչափերով միաժամանակ:
Խնդիրն այն է, որ դասավանդման ձևից կախված` տարբեր են նաև դասավանդողի մասնագիտական որակների նկատմամբ պահանջները. խմբակի դեպքում անհրաժեշտ է, որ դասավանդողն ունենա բարձրագույն մասնագիտական կրթություն, իսկ 3-րդ օտար լեզվի ուսուցման դեպքում գործում են հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին ներկայացվող` «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված պահանջները (մանկավարժական որակավորում, աշխատանքային ստաժ, վերապատրաստում, ատեստավորում և այլն)։
Կարդացեք նաև
Հարցին, թե որքանով է Հայաստանն ապահովված անհրաժեշտ մասնագետներով, նախարարությունից հայտնեցին, որ բազմաթիվ նամակներ ու զանգեր են ստանում մասնագետներից, որոնք ծրագրի շրջանակում տարածաշրջանային լեզու դասավանդելու ցանկություն են հայտնում: Նրանց տրամադրվում է տարածաշրջանային լեզուներով ուսուցում իրականացնելու պատրաստակամություն հայտնած հաստատությունների ցանկը: Իսկ նման հաստատությունների թիվը շուրջ 400 է։
ԿԳՄՍՆ–ից հետաքրքրվեցինք նաև` արդյոք դիտարկվում է թուրքերենի, ադրբեջաներենի, վրացերենի կամ պարսկերենի դասավանդումն ապահովելու համար դասաժամերը ՀՀ քաղաքացիներից բացի, նաև այլ երկրների քաղաքացի մասնագետներին տրամադրելու հարցը։ Նախարարությունից այս հարցին պատասխանել են. «Այս պահի դրությամբ նման առաջարկներ չկան: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հարցը կարգավորվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով»:
Ծրագրի համաձայն, ադրբեջաներենի և թուրքերենի ուսուցումը կազմակերպվելու է բացառապես ավագ դպրոցներում` 10-12-րդ դասարանների սովորողների համար: Իսկ վրացերենի և պարսկերենի ուսուցումը կազմակերպվում է կրտսեր ու միջին դասարաններից սկսած:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: