ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը հայտարարել է, որ Ադրբեջանը հարձակում է ծրագրում նաև Նախիջևանի ուղղությամբ։ Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասաց, որ սա նշանակում է՝ կարող են պատերազմի մասշտաբները մեծանալ, կիրառվող զինատեսակները ընդլայնվել. «Բնականաբար, ով աշխարհագրական տեսանկյունից տիրապետում է ՀՀ քարտեզին, կարծում եմ` հասկանում է, թե ինչ է նշանակում Նախիջեւանի կողմից նոր ճակատի բացվելը: Հիշեցնեմ, որ նախկինում՝ մոտ 10 տարի առաջ Նախիջեւանում տեղակայված էր ադրբեջանական բանակային կորպուսներից մեկը, որը վերածվեց առանձին համազորային բանակի: Այսինքն, ներուժը, ռեսուրսները կտրուկ ընդլայնվեցին: Նախիջեւանի ինքնավար հանրապետությունում տեղակայված առանձին համազորային բանակը աչքի է ընկնում նրանով, որ ուսումնական պրոցեսները, պլանները, ծրագրերը բավականին ներդաշնակեցված են Թուրքիայի զինված ուժերի հետ եւ բնական է, որ դրանք մեծ սպառնալիք են Հայաստանի համար: Էլ չեմ խոսում, որ Նախիջեւանի կողմից ամենամոտ հատվածը Երասխի ուղղությունն է, չասեմ Երասխից Երեւան ինչ հեռավորություն է ու պատերազմական ճակատը մայրաքաղաքից ինչ հեռավորության վրա կարող է տեղափոխվել»:
Տիգրան Աբրահամյանը նաեւ նշեց, որ այս պահին թեեւ առաջնագծում հարաբերական դադար է, դեռեւս պարզ չէ, թե ինչ իրական դրդապատճառ դա ունի, արդյոք պայմանավորված է Հայաստանի իշխանությունների առաջարկներո՞վ, կամ որեւէ բանավոր պայմանավորվածությա՞մբ, որը կարող է ինչ-որ փուլում վերածվել իրավական ուժ ունեցող որեւէ փաստաթղթի, թե՞ դա պայմանավորված է Նախիջեւանի ուղղությամբ տեղի ունեցող վերախմբավորումներով, ինչը կարող է նոր սպառնալիքներ ստեղծել թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի Հանրապետության համար:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ