Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ վարչապետւ պաշտոնանկության գործընթացի մասին հարցին՝ տապալված համարո՞ւմ եք ձեր նախաձեռնությունը, թե՞ կարծում եք, որ դեռ կհաջողեք՝ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Իմպիչմենտ բառը առաջարկում եմ հանել մեր օրակարգից, որովհետեւ իմպիչմենտը նախատեսված է ավելի շատ երկրի գլուխների համար, նախագահների համար՝ ծանր հանցագործության շրջանակներում: Տվյալ դեպքում անվստահության մեխանիզմն է գործում: Օգոստոսի 2-ից հետո բացվել է եւս մեկ հնարավորություն, այն է՝ ԱԺ-ի միջոցով պաշտոնանկ անել Նիկոլ Փաշինյանին: Բազմիցս ասվել է, որ այդ գործընթացում կունենանք հաջողություն, եթե բավարար երաշխիքներ ունենանք: Չի կարող այդպիսի երաշխիքը լինել միայն զուտ ֆորմալ 1/3-ի ստորագրությամբ վարչապետի թեկնածու առաջադրելը: Եթե 1/3-ի ստորագրությունը հաջողվում է, մենք պետք է ունենանք ՔՊ-ի եւս 18 100%-անոց կողմ քվեարկող պատգամավորների առկայություն: Նաեւ ասել ենք, որ այդպիսի արդյունք կարող ենք ունենալ, եթե ՔՊ-ն ինքը իր ներսում քննարկումների հիման վրա գա այն համոզման, որ հանրությունն է նաեւ առաջ տանում դա, որ Փաշինյանը պետք է հեռանա, կամ հանրային ճնշումը այնքան հուժկու լինի, որ առաջնային մանդատով օժտված պատգամավորները ՔՊ-ական պատգամավորների հատվածում ստիպված լինեն ընդունել այդ հանրային պահանջը»:
Արծվիկ Մինասյանն ասաց, որ ԱԺ-ում ոչ թե սկսել են գործընթաց անվստահություն հայտնելու, այլ հրապարակել են, որ 35 ստորագրությունն առկա է, 36-րդ ստորագրությունը ոչ ՔՊ-ական հատվածից վերաբերվում է Իշխան Զաքարյանին. «Ես հիմա չունեմ տեղեկատվություն՝ ինքը պատրաստ է Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության այս նախաձեռնությանը միանալ, թե՞ չէ, դա իրենից պետք է ճշտեք»:
Մինասյանը նաեւ նշեց, որ երկրորդ հնարավոր տարբերակն էլ կա՝ ԱԺ-ն պետք է ի վերջո դիրքորոշում հրապարակի այս հարցի վերաբերյալ. «Դա նշանակում է առնվազն գոնե ԱԺ-ն նույն ՔՊ-ական պատգամավորների դերակատարմամբ, պետք է այս համոզմանը համապատասխան գան այն եզրակացությանը, որ անհրաժեշտ է փոփոխությունը՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման միջոցով, կամ խնդրելով նրան, որ մի կողմ քաշվի, կամ որեւէ լուծում, որը հնարավորություն կտա նրա անձը մի կողմ դնելով՝ հայրենիքի փրկության մասին մտածել»:
Ըստ Արծվիկ Մինասյանի, Նիկոլ Փաշինյանի դեմքով Հայաստանը ապագա չունի, սա մարտահրավեր է ու քանի այս ըմբռնումը տեղ չի գտել ՔՊ-ի ու նրանց աջակցող հանրության հատվածի մոտ, նրանք դեռեւս մնում են մի վիճակի մեջ, երբ «Նիկոլ Փաշինյանը Աստված է մնում»:
Կարդացեք նաև
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հարկ համարեց ընդգծել, որ այս պատերազմական վիճակում հանրահավաքների անցկացումն իրենց օրակարգում չի եղել, պարզապես մարդիկ ինքնաբուխ հավաքվել են, ասել են՝ թող ընդդիմադիրները գան, իրենք էլ գնացել են:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ