Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանակի հերոսական դիմադրությունն է թշնամուն հետ շպրտել, որը սեպտեմբերի 14-ին Ջերմուկից եղել է 1,5 կմ-ի վրա»․ Չալաբյան

Սեպտեմբեր 16,2022 14:02

«Մեզ պետք է փոխարինել Նիկոլ Փաշինյանին, որը պետության շահերի դեմ է գործում։ Եթե բանակը հերոսաբար չդիմադրեր, այսօր կարող էինք Սյունիքն արդեն կորցրած լինել։ Բանակի հերոսական դիմադրությունն է թշնամուն հետ շպրտել, որը սեպտեմբերի 14-ին Ջերմուկից եղել է 1,5 կմ-ի վրա։ Հիմա գտնվում է 7 կմ-ի վրա»,- Հանրապետության հրապարակում հավաքի ժամանակ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Համախմբում» շարժման անդամ, «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։

Նշենք, որ ավելի ուշ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը Ջերմուկում դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ հակառակորդը Ջերմուկից գտնվում է 4.5 կիլոմետր հեռավորության վրա, մինչ ռազմական գործողությունը եղել է 12 կմ հեռավորության վրա․ «Հաշվի առնելով հակառակորդի գերակշռությունը՝ որոշ մարտական դիրքեր կորցրել ենք և հակառակորդը այդ ճեղքվածներով կարողացել է հարյուրավոր ստորաբաժանումներով ներթափանցել մեր պաշտպանության խորքը»։

«Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ թշնամին մոտ 5 կմ նահանջել է այն դիրքերից, որոնց եկել-հասել էր։ Դա մեր բանակի դիմադրությունն է, բայց այս իշխանությունն իր գործունեությամբ բերել է այն վիճակին, որ ՀՀ-ն մնացել է մենակ։ ՀՀ-ն նաեւ անպատրաստ էր։ Չպետք է ունքը սարքելու տեղը աչքն էլ հանել։ Նման պայմաններում եթե ուզում ես իշխանություն փոխել, սկզբում այլ՝ գործունյա իշխանություն է պետք ձեւավորել փողոցում։ Երբ ԽՍՀՄ-ը քանդվում էր, իշխանությունը ՀՀ-ում սկզբում ձեւավորվեց փողոցում՝ «Ղարաբաղ կոմիտեի» տեսքով»,-հիշեցրեց նա։

Ըստ Չալաբյանի՝ հիմա փողոցում իշխանության ձեւավորումը պետք է լինի կազմակերպված կառույցների միջոցով․ «Մենք հիմա աշխատում ենք, որպեսզի նման կառույցներ ձեւավորվեն։ Դա հեշտ չի, արագ չի, որովհետեւ այս խունտան գրավել է պետությունը։ Հեշտ չի, որովհետեւ ընդդիմության տարբեր թեւերը լավ չեն գործակվում իրար հետ, բնակչությունն էլ հուսալքված է»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ից Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է իրականացնում ՀՀ-ի սուվերեն տարածքների դեմ՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի սահմանային հատվածներից։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930