Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-սլովակյան տնտեսական համագործակցության հարցերով համատեղ հանձնաժողով կստեղծվի 

Սեպտեմբեր 16,2022 15:24

Գործադիրը հավանություն է տվել  2022 թ. ապրիլի 8-ին Երևանում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սլովակիայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա երկու երկրների միջև զարգացնել և խորացնել երկարատև տնտեսական հարաբերություններ այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, էներգետիկան, գյուղատնտեսությունը և անտառային տնտեսությունը, փոքր և միջին ձեռնարկատիրությունները, տրանսպորտն ու ենթակառուցվածքները, շրջակա միջավայրի պաշտպանությունը, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաները, թվայնացումը և այլն։ Համաձայնագիրն ուղղված է երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացմանը, տնտեսական կապերի ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը, երկու երկրների տնտեսական համագործակցության ասպարեզում առկա ներուժի օգտագործմանը: Ըստ այդմ՝ նախատեսվում է փոխշահավետ համագործակցության զարգացումն ու դիվերսիֆիկացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական բոլոր ոլորտներում: Համաձայնագրով նախատեսվում է նաև հայ–սլովակյան տնտեսական համագործակցության հարցերով համատեղ հանձնաժողովի  ստեղծումը՝ երկկողմ տնտեսական համագործակցությունը համակարգելու և խթանելու նպատակով:

Հավանություն է տվել 2022 թ. հունիսի 10-ին Նուր-Սուլթանում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության շրջանակում բժշկական արտադրատեսակների (բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի) շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը հաստատելու մասին» Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին: Եվրասիական տնտեսական միության շրջանակում առողջապահության բնագավառում բազմակողմ համագործակցությունը հետաքրքրություն է ներկայացնում փոխշահավետ գործակցության հաստատման տեսանկյունից, որը  կօգնի կողմերի միջև համագործակցությունը զարգացնել առողջապահության կազմակերպման, բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի շրջանառության, ինչպես նաև վերջիններիս գրանցման գործընթացի դյուրացման տեսանկյունից: Արձանագրությամբ ներկայացված դրույթներով նախատեսվում է ակտիվ համագործակցություն կողմերի միջև, ինչը ենթադրում է առողջապահական ծառայությունների մակարդակի բարձրացում:

Այլ որոշումներ

Գործադիրի մեկ այլ որոշմամբ առաջարկվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանն ամրացված, պետական սեփականություն հանդիսացող  Երևանի Քանաքեռ-Զեյթունում գտնվող անշարժ գույքն օտարել դասական աճուրդով։ Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 75  տոկոսի չափով՝ 1 944 367 500 ՀՀ դրամ:  Հիմնավորման համաձայն՝ նշված հասցեում գտնվող գույքը նախկինում էլ ներկայացվել է օտարման մրցույթով, սակայն մրցույթը չի կայացել՝ հայտեր չլինելու պատճառով։

Մի շարք ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Մասնավորապես՝ 2022թ.-ի ընթացքում Ադրբեջանի կողմից 2016 և 2020 թթ.-ին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած գործազուրկ անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և զբաղվածության ապահովման դեպքում շահառուին և գործատուին կտրամադրվի պետական աջակցություն: Ծրագիրը  կիրականացվի 200, այդ թվում՝  Մասնագիտական ուսուցման միջոցով՝ 70, Աշխատանքային փորձի ձեռքբերման միջոցով՝ 70 և  Գործատուին միանվագ փոխհատուցում տրամադրելու միջոցով՝ 60 շահառուների համար։

Խրախուսվում է հերթական ներդրումային ծրագիրը

Կառավարության որոշմամբ «Արմենիա վայն գործարան» ՍՊԸ-ն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: 2008 թ.-ին հիմնադրված ընկերությունը ներմուծվող սարքավորումները և հումքը օգտագործելու է ալկոհոլային խմիչքների արտադրության և արտադրամասերի կապիտալ վերանորոգման համար: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1.5 մլրդ դրամի կապիտալ ներդրում։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 80 նոր աշխատատեղ` 350-420 հազար դրամ միջին աշխատավարձով։ Ընկերության կողմից թողարկված  արտադրանքի 80 տոկոսը և ավելին նախատեսվում է արտահանել։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 6.8 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 683 մլն դրամ։

Գործադիրը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «Մասրիկ-1» 55 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ժամկետի փոփոխության համար: Ըստ այդմ՝ առաջարկվում է «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ժամկետ սահմանել 2023թ․ սեպտեմբերի 1-ը: Բացի այդ, որոշմամբ հնարավորություն կստեղծվի նաև կառուցելու շուրջ 150 կՎտ հզորությամբ լողացող արևային կայան:  Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը՝ Ֆրանսիայի կառավարության աջակցությամբ, ֆրանսիական Տրանսէներգիա (TRANSENERGIE) ընկերության հետ համատեղ իրականացնում է Հայաստանում առաջին արևային լողացող կայանի կառուցման առաջնեկային ծրագիր: Քանի որ արևային լողացող կայանների համար հզորության առանձին չափաքանակ նախատեսված չէ,  առաջարկվում է որոշման մեջ ներառել 150 կՎտ հզորության չափաքանակը:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930