«Շատ կարեւոր է, որ հատկապես ուշադրություն դարձնենք, որ ՀՀ ԶՈՒ գործունեությունը խաթարելու ցանկացած փորձ պետք է ամենակոշտ մեթոդներով կանխվի՝ անկախ մոտիվացիաներից, անկախ գործող անձանց էմոցիոնալ վիճակից»,-այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ պաշտպանության նախարարի հետ էլ են երեկ նման քննարկում ունեցել:
«Մենք դեպքեր ենք ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո, այդ գործերով լավ է, որ հիմա ինտենսիվ քննություն է գնում, դատական գործեր կան: Որեւէ անձի որեւէ կարգավիճակ թույլ չի տալիս օրենքից դուրս գործողություններ անել: Որտեղ որեւէ մեկը օրենքի գիծն անցնում է, պետք է իրավապահ համակարգի հակազդեցությունը շատ կոնկրետ, արագ եւ ամենակոշտ ձեւերով զգա: Եկեք արձանագրենք, որ սա պետական անվտանգության հարց է եւ չենք պատրաստվում այստեղ որեւէ կոմպրոմիսի գնալ»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նաեւ կարեւորեց տեղեկատվական անվտանգության ապահովումը. «Մենք տեսնում ենք, որ ինչ-որ կասկածելի անձինք կարող են կասկածելի տեղեկատվություններով սպառնալիքներ ստեղծել երկրի ազգային անվտանգության նկատմամբ: Այստեղ էլ մենք՝ ժողովրդավարությունը ժողովրդավարություն, ամեն ինչ էլ հասկացանք՝ խոսքի ազատությունը, բայց այլասերվածներին պետք է թույլ չտալ այլասերվածություն մտցնել: Այստեղ էլ մենք ակնկալում ենք, որ մեր իրավապահ համակարգը, ԱԱԾ-ն շատ կոնկրետ մեթոդներ եւ միջոցներ ձեռնարկի, հայտնաբերելով, այդ թվում, համագործակցող անձանց, որովհետեւ դա, ըստ էության, գործակալական ցանց է Հայաստանում»:
Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ ՀՀ-ում դեռ գործակալական ցանցերի հետ ունեցած խնդիրները չեն լուծել եւ պետք է շարունակեն այդ ուղղությամբ հետեւողական աշխատանք իրականացնել, թեեւ ընդգծեց ԱԱԾ-ի հաջողություններն այդ ուղղությամբ:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարեց՝ Հայաստանը նախկինի պես ներգրավված է բանակցային գործընթացում, այդ թվում սահմանազատման եւ սահմանագծման հարցով աշխատանքային խումբն աշխատում է. «Մեր դիրքորոշումը շատ հստակ է, որ մենք, այո, բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկելու ենք կարգավորումների, տևական կայունության և խաղաղության հասնելու համար և սահմանների դեմարկացիայի, դելիմիտացիայի և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի գործունեության առումով ուզում եմ ընդգծել, որ մեզ համար անընդունելի է այդ գործընթացը տարածքային պահանջներ և նկրտումներ առաջադրելու նպատակով օգտագործելու ցանկացած փորձ: Էլի եմ ասում՝ ՀՀ-ն 29 800 քառակուսի կիլոմետր տարածք ունի և այդ տարածքի որևէ միլիմետրը քննարկման առարկա լինել չի կարող»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ դիրքորոշումը որևէ հանգամանքի ներքո փոփոխության ենթակա չեն»:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ