Լրահոս
Օրվա լրահոսը

«Կորուստների զգալի մասը տեղի է ունեցել այն խրամատներում, որոնք լիարժեք կահավորված չեն, ինչո՞ւ ասֆալտները կահավորված են, առաջին գիծը կահավորված չի եղել». Սեյրան Օհանյան

Սեպտեմբեր 16,2022 13:04

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասաց, որ ՀՀ իշխանությունները պարտավոր են սթափ գնահատել իրավիճակը եւ զոհվածների մասին տեղեկատվությունը տրամադրել հանրությանը, եթե չեն անում, նշանակում է, որ լիարժեք չեն տիրապետում այն իրավիճակին, որը տեղի է ունեցել մարտական գործողությունների ժամանակ. «Բացի զոհերից, նաեւ դիրքային կորուստներ են եղել: Նրանք, ովքեր քաղաքական, ռազմական պաշտոններ են զբաղեցնում, հիմա պետք է գնահատեն հակառակորդի առաջխաղացման ուղիները, եւ զորքերը, թե ինչ իրավիճակ է ու նաեւ հանրությանը ներկայացնել, որովհետեւ դա ՀՀ իշխանությունների պարտքն է»:

Ըստ Սեյրան Օհանյանի, հարձակումից առաջ Ադրբեջանը տեղեկատվական դաշտում արդեն հող էր նախապատրաստում ու անհրաժեշտ էր մարտական հերթապահությունից անցնել մարտական պատրաստվածության, անցնել առաջին փուլի հանկարծակիության բացառումը եւ կորուստները, որովհետեւ առաջին փուլի վերականգնողական գործողությունների համար տարվող հակահարձակողական գործողությունների ընթացքում շատ դեպքերում ավելի մեծ կորուստներ ես ունենում: Այսօր հարց է ծագում՝ ինչո՞ւ հակառակորդի այդ տեղեկատվական գործողություններից եզրակացություն չի արվել: Ինչո՞ւ մենք ունենք տարածքային կորուստներ: Փորձը, նաեւ այն տեսահոլովակները, որոնք մեր համացանցում կան, ցույց են տալիս, որ կորուստների զգալի մասը տեղի է ունեցել այն խրամատներում, որոնք լիարժեք կահավորված չեն: Եվ հիմա ուղիղ հարց կարող ենք տալ իշխանություններին՝ ինչո՞ւ ասֆալտները կահավորված են, ինչո՞ւ տարբեր գինու փառատոնների համար գումարներ են ծախսվում, ինչո՞ւ Հայաստանի ներսի քաղաքներում համապատասխան միջոցառումներ են իրականացվում, բայց առաջին գիծը գոնե հասարակ հրետակոծությունից, հակառակորդի ԱԹՍ-ներից պաշտպանվելու համար կահավորված չի եղել: Յուրաքանչյուր պատերազմական փուլից հետո պետական ամբողջ ապարատը վերականգնողական, հետագայում զարգացման խնդիրներ են իրականացնում՝ հաշվի առնելով նախորդ պատերազմի արդյունքները՝ ե՛ւ դրական պահերը, ե՛ւ թերությունները: Այս հարցերը տալիս ենք այսօրվա իշխանություններին: Մեկ տարի է՝ ես ԱԺ-ում եմ մեր գործընկերների հետ միասին եւ մեկ տարի է՝ մենք ահազանգում ենք, որ ՀՀ գերակա խնդիրը անվտանգությունն է, ինժեներական սարքավորումների կահավորումը ու այսօրվա իշխանությունները մեկ տարի մերժում են մեր բոլոր նախաձեռնությունները: Մենք ահազանգում էինք»:

Սեյրան Օհանյանը հիշեցրեց իր խոսքերը՝ Ադրբեջանը պահն անգամ չի կորցնի՝ հարձակման համար՝ հաշվի առնելով նաեւ այն աշխարհաքաղաքական գործողությունները, որոնք տեղի են ունենում ՀԱՊԿ-ում. «Ես հիմա չեմ կարող ասել՝ բանակը անակնկալի՞ է եկել Ադրբեջանի հարձակումից, թե չէ, բայց բանակի խնդիրն է բացառել հանկարծակիությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930