Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ, ձեր մեջ մի տղամարդ չկա՞, որ դուրս գա ԱԺ-ի առաջ ու իմ դիմաց ասի․ մենք անզեն ենք, դուրս եկեք»․ Կարին Տոնոյանը՝ ՔՊ-ականներին

Սեպտեմբեր 16,2022 12:55

«Եթե չես հավատում քո հաջողությանը, անիմաստ է սկսել պայքարել։ Բնականաբար, պայքարի ընթացքում հնարավոր են սխալներ կամ անհաջողություններ։ Դրանց վրա սովորում ենք։ Չենք կարող տանը հանգիստ նստել եւ «ֆեյսբուքով» նայել, թե ինչ է կատարվում, կամ մեկ օրով գալ այստեղ կանգնել»,-Հանրապետության հրապարակում հավաքի ժամանակ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «5165 շարժման» համահիմնադիր Կարին Տոնոյանը։

Դեռեւս երեկ «5165» եւ «Համախմբում» շարժումներն ԱԺ-ի դիմաց ցուցարարներին առաջարկել էին վաղ առավոտից իրականացնել դասադուլ եւ գործադուլ՝ սկսելով Հանրապետության հրապարակից, սակայն ցուցարարները փոքրաթիվ էին։

«Մենք շատ լավ գիտենք, թե մեր առաջ ինչ ուժեր են կանգնած եւ որքան դժվար է լինելու նրանցից ազատվելը։ Թույլ չենք տալու, որ ամեն օր այդ «հրեշը» կուլ տա մեր զավակներին։ Ամեն օր ժողովուրդը տեսնելու է, թե ինչ է կատարվում, որն է ճշմարտությունը»,-հավելեց Կարին Տոնոյանը։

Լրագրողները կարծիք հարցրին երեկ ԱԺ ամբիոնից ՔՊ խմբակցության պատգամավորների՝ իր հասցեին հնչող հայտարարությունների վերաբերյալ։ Կարին Տոնոյանն ասաց․ «Շատ հեշտ է թաքնվել ԱԺ պատերի հետեւում ու հոխորտալ։ Երրորդ օրն է՝ ասում եմ, որ մենք ամեն օր ԱԺ-ի դիմաց կանգնած ենք, թող դուրս գան ու ասելիքը մեր առաջ ասեն։ Լավ, ձեր մեջ մի տղամարդ չկա՞, որ դուրս գա ԱԺ-ի առաջ ու իմ դիմաց ասի՝ Կարին Տոնոյան, դու ես ժողովրդին խանգարում միավորվել կամ զայրույթը պարպել․․․ամբիոններից հոխորտում են, բայց որեւէ մեկը դուրս չի գալիս ժողովրդի հետ խոսելու։ Թող դուրս գան ու ժողովրդին ասեն, թե ինչ է կատարվում։ Չորս տարի խաբում են, սպանում մեր զավակներին, հանրությանը պահում վախի, անհավատության ու անորոշության մեջ»։

Կարին Տոնոյանը դիմեց իր հասցեին որակումներ հնչեցնող պատգամավորներին․ «Դուրս եկեք, մենք անզեն ենք, մենք ձեր նման բաժանված չենք ոստիկաններով ու վահաններով։ Ձեզ ժողովուրդն է ընտրել, ինչի՞ց եք վախենում։ Իրականում որեւէ մեկն ուշադրություն չի դարձնում, թե ԱԺ ամբիոնից ով է հոխորտում։ Ձեր վիրավորանքն ու հոխորտանքը պարպեք ողջ բառապաշարով, բայց ժողովուրդը մի լավ խոսք ունի՝ շունը հաչի, քամին փչի։ Մեր պայքարը չի դադարելու, թույլ չենք տալու ժողովրդին տանել արյունահեղության։ Ես պատմելու եմ, թե այդ օրը դուք ինչ նպատակներ ունեիք, ինչ կասկածելի բաներ կային, որ այդ օրն ուզում էիք ժողովրդի ցասումը տանել արյունահեղության»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930