Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը ներկայացրեց վերջին օրերին Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով ՀՀ-ում վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների ցանկը:
Արմեն Փամբուխչյանը ընդգծեց՝ ստացված զանգերով ունեն բավականին մեծ ցանկ՝ հասցեներով, անուններով:
«Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով Վայոց Ձորում տուժել են հյուրատներ, առողջարան, Կեչուտի ջրամբարի վրա է երկու արկ ընկել, ճոպանուղին, փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի շենքը եւ մարդկանց անձնական օգտագործման մեքենաներ, այլ գույքեր: Նաեւ ունենք էլեկտրամատակարարման, գազամատակարարման գծերի հետ կապված խափանում: Հատկապես Սյունիքի մարզում, Սիսիան համայնքի Վաղատին, Որոտանավան, Շամբ, Դարպաս, Գետաթաղ, Լոր, Լեռնաշեն, Դաստակերտ բնակավայրերը սպասարկող էլեկտրամատակարարման գիծը:
Մենք ունենք նաեւ շտապօգնության մեքենաներ, որոնք ռմբակոծության հետեւանքով վնասվել են կրկին Սյունիքի մարզում:
Կարդացեք նաև
Գեղարքունիքի մարզում վնասվել են հիմնականում մարդկանց տները, հեկտարներով ցորենի, գարու արտեր, Սոթքում 55-60 տուն է վնասվել, անասնագոմեր, գազամատակարարման բազմաթիվ խողովակներ են վնասվել եւ մասնավոր մեքենաներ»,- ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հստակեցրեց՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հասցված բոլոր վնասները մանրամասն պետք է գույքագրվեն երկու նպատակով. «Նախ, պետք է համապատասխան միջոցներ տրամադրի կառավարությունը լիարժեք վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար եւ մասնավոր անձանց, եւ համայնքներին, եւ ընկերությունների աջակցելու, որպեսզի նրանց կրած վնասները վերականգնեն: Հաջորդը կարեւոր է փաստագրել այս հանգամանքները, իրավական առումով կիրառելու համար: Ես տեղյակ եմ, որ ադրբեջանական ագրեսոր ուժերի կողմից կան ռազմական բնույթի հանցագործությունների դեպքեր, եւ այդ դեպքերը պետք է մանրամասն փաստագրվեն եւ հետագա գործընթացներում ընթացք տրվի դրանց միջազգային իրավական գործընթացների շրջանակներում»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ