«Ադրբեջանը երեկ մի ամբողջ ցանկ էր հրապարակել տեխնիկական միջոցների, այն, ինչ իրենց տնօրինման տակ է եղել: Այդ ցանկի մեջ որոշ բաներ ճիշտ են, որոշ բաներ՝ ոչ: Նաեւ Ադրբեջանը ապատեղեկատվություն էր տարածել, որ գրավել են ՀՀ ինքնիշխան տարածքի նաեւ համայնքային կառավարման կենտրոններ, դրոշ էին գցում ոտքերի տակ եւ այլն: Եկեք դուրս գանք ու պաշտոնական տեղեկատվությամբ բոլոր այն թվերը նայենք, որոնք հրապարակվել են եւ հաջորդիվ սպասենք մյուս պաշտոնական տեղեկատվություններին»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցրի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Լրագրողները ճշտեցին՝ 10 քկմ տարածք, որն ադրբեջանցիներն իրենց վերահսկողության տակ են վերցրել, որքանո՞վ են ռազմավարական նշանակության՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ցանկացած տարածք, որտեղ մենք ներկայացված ենք եղել, ունեցել է ռազմավարական նշանակություն: Այս գործողությունների արդյունքում նկատելի է, որ Ադրբեջանը, մինչեւ սահմանագծման փուլ մտնելը փորձում է սահմանային իր դիրքերն ավելի բարելավել, այն, ինչ իրեն հաջողվել է: Դրանից հետո եղել են դիրքեր, որոնք մեր գործողությունների արդյունքում նորից անցել են մեր տնօրինման տակ: 6 դիրքերի մասին է խոսքը: Շատ հնարավոր է նորից փոփոխությունների ենթարկվի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ