Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստի մասին. «Առանձին երկրների կամ երկրի դեպքում ունեինք ավելի ակնկալիքներ, որոշ դեպքերում դրանք ոչ այնքան արդարացան»

Սեպտեմբեր 16,2022 12:17

«ՀՀ դիրքորոշումը հստակ է եւ աներկբա՝ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները պետք է դուրս գան Հայաստանի հանրապետության ինքնիշխան տարածքից: Ընդ որում, ընդհանուր առմամբ, ուզում եմ ընդգծել, որ խոսքը ոչ միայն վերջին օրերի իրադարձությունների մասին է, այլեւ նախորդ տարվա մայիսի 12-ին, Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցած ներխուժման մասին եւ ՀՀ-ն այս դիրքորոշումն է արձանագրել երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկումների ժամանակ: Ըստ էության, ՄԱԿ-ի ԱԽ-ում ՀՀ-ի դիմումի հիման վրա են քննարկումներ տեղի ունեցել»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ երեկ երեկոյան ինքը ևս մեկ հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի ԱԽ-ում նախագահող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ իրավիճակը պետք է շարունակի մնալ ՄԱԿ-ի ԱԽ ուշադրության կենտրոնում:

ՄԱԿ-ի ԱԽ նիստի մանրամասները ներկայացրեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն՝ ասելով, որ սա թվով երկրորդ քննարկումն էր ՄԱԿ-ում՝ ՀՀ-ի հարցով. «Երկու օր առաջ տեղի է ունեցել եւս մեկ քննարկում՝ փակ ռեժիմում: Երկրորդը, մեր պնդմամբ, բաց ռեժիմում, որպեսզի ողջ աշխարհի մարդկությունը կարողանա հետեւել ՄԱԿ-ի ԱԽ մշտական եւ ոչ մշտական անդամ երկրների դիրքորոշումներին: Քննարկման արդյունքներով փաստաթուղթ առայժմ չի ընդունվել, բայց սա որեւէ կերպ չպետք է նսեմացնի տեղի ունեցած քննարկման կարեւորությունը, որովհետեւ այնուամենայնիվ, ըստ էության, միջազգային հանրությունը նույնիսկ առանց փաստաթղթի շատ հստակ դիրքավորվել է հարցերի շուրջ. երկրների ճնշող մեծամասնությունը, հարկ չեմ համարում՝ երկիր-երկիր հատուկ նշել, ընդգծել են ուժի կիրառման անթույլատրելիությունը, Հայաստանի տարածքի անձեռնմխելիությունը, մինչեւ ներխուժումը տեղի ունեցած դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը, բազմիցս օգտագործվել է ագրեսիա եզրույթը: Այսինքն` շատ հստակ ընկալում կա, որ սա ագրեսիա է, ներխուժում է ՀՀ տարածք, որ թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, որ ներխուժողը պետք է վերադառնա ելման դիրքեր եւ այլն: Ավելին ասեմ, բազմաթիվ երկրներ քննարկումներում խոսել են նաեւ ԼՂ հակամարտության, ԼՂՀ հիմնախնդրի մասին: Ըստ էության, չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ Ադրբեջանի ղեկավարության թեզը, որը նրանք փորձում են շրջանառել մեկ տարուց ավել, որ ԼՂ հիմնախնդիր չկա, ԼՂ չկա, երեկ իր համարժեք հակառակ արձագանքը ստացավ միջազգային հանրության կողմից: Սա միջազգային հանրության դիրքավորումն է այս հարցերի շուրջ եւ մենք պետք է շարունակենք աշխատանքն այս ուղղությամբ»:

ԱԳ նախարարը դրվատանքի խոսքեր ասաց այն երկրների հասցեին, որոնք համարձակորեն դադարել են հավասարության նշան դնել ագրեսորի եւ ագրեսիայի թիրախի միջեւ, բայց նաեւ նկատեց. «Առանձին երկրների կամ երկրի դեպքում ունեինք ավելի ակնկալիքներ, եւ թերեւս նաեւ գաղտնիք չէ, որ որոշ դեպքերում ոչ այնքան արդարացան: Ավելին թույլ տվեք չմանրամասնել»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930