Լրահոս
Օրվա լրահոսը

«Զոհվածների մեջ կան դիակներ, որոնք գտնվում են այնպիսի տարածքում, որ դեռ չեն տեղափոխվել մեր տնօրինման տարածք». Անդրանիկ Քոչարյան

Սեպտեմբեր 16,2022 11:55

Տեղեկատվություն կա, որ Ադրբեջանը նոր հարձակման է նախապատրաստվում Նախիջեւանի ուղղությամբ: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը այս առնչությամբ հարցին, թե սահմանին նոր կուտակումնե՞ր կան՝ պատասխանեց. «Մեր զինված ուժերը համապատասխան տեղեկատվությունները ստուգելու բոլոր հնարավորություններն ունեն: Անհրաժեշտության դեպքում մենք պետք է գտնենք այն կառավարման հնարավորությունները, որոնք հնարավորություն կտան կանխել նման զարգացումները»:

Հարցին՝ ինչո՞ւ պաշտոնական տեղեկություններ չեն հրապարակվում զոհվածների, գերիների մասին, 3 ու կես օր անց ինչո՞ւ չեն ճշտվում՝ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց. «Տվյալները ճշտվում են: Կհրապարակվեն վերջնականապես ճշտված տվյալներ»: Ըստ Անդրանիկ Քոչարյանի, եթե որեւէ չճշտված տվյալ մատուցվի հանրությանը, դա շատ ավելի մեծ վնաս կբերի ուժային կառույցներին. «Հիմա, ենթադրենք, անհետ կորածներ կան, դուք կարո՞ղ եք ասել՝ նրանք մահացա՞ծ են, թե՞ ոչ»: Լրագրողի դիտարկմանը, որ դո՛ւք պիտի ասեք՝ նա արձագանքեց. «Մենք կասենք այն ժամանակ, երբ որ կճշտենք: Դա շատ պարզ տրամաբանություն է»:

Հարցին, թե ինչու չեն հրապարակում արդեն պաշտոնապես հաստատված 105 զոհերի անունները, չէ՞ որ նույնականացվել են մարմինները՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ կհրապարակվեն, իսկ թե երբ՝ հստակություն չկա. «Խնդիրը խնդիր չլինելու մեջ է: Այդ ընթացակարգերը՝ ճանաչել, տեղեկացնել, դրանք հերթականությամբ կլինեն»:

Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ չի հասկանում լրագրողների պահանջը՝ զոհերի անունները օր առաջ հրապարակել, որովհետեւ նրանց հարազատները ՊՆ-ի կողմից տեղեկացված են. «Երբ որ հստակ տեղեկություն կլինի՝ կհրապարակվեն: Ռազմական իրավիճակ է, եւ մենք առաջնորդվում ենք ռազմական տրամաբանությամբ»: Նա հորդորեց ավելորդ էմոցիոնալ հարցադրումներ չանել:

Հետո Անդրանիկ Քոչարյանը պարզաբանեց, որ պաշտոնապես հայտարարված 105 զոհվածների մեջ կան դիակներ, որոնք գտնվում են այլ տարածքում. «Դեռ չեն տեղափոխվել մեր տնօրինման տարածք»:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը արդեն հրապարակել է, որ այս պահին զոհերի հաստատված թիվը 135 է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930