Սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան արեւմտագերմանական ռադիոն՝ WDR-ը փոխանցեց իշխող կոալիցիայի քաղաքական գործիչներից մեկի հորդորը՝ անմիջապես զենք տալ Ուկրաինային, ինչո՞ւ պետք է ուկրաինական բանակը հավելյալ զոհ տա, մեղք չե՞ն… Կես ժամ ընդմիջմամբ սփռվող լրահոսում կարեւորագույնը Ուկրաինան մնաց եւ է, նրա զինվորը, նրա վարչապետը, իսկ ժողովրդին երեկ՝ սեպտեմբերի 15-ին գերմանական Պոտսդամում արժանացրին M 100 Media Award-ի։ Եվրոպական մամուլի սույն մրցանակը տրվում է այն անհատներին, որ Եվրոպայում եւ աշխարհում ազդեցություն են ունեցել, ակնառու ծառայություն մատուցել խոսքի ազատությանն ու ժողովրդավարությանը։ «Ուկրաինացի ժողովուրդն ամիսներ ի վեր երկաթե հաստատակամությամբ պաշտպանվում է Ռուսաստանի դաժան ներխուժման դեմ, պաշտպանում իր ազատությունն ու ինքնիշխանությունը եվրոպական հողի վրա», ձեւակերպել են մրցանակաբաշխության կազմակերպիչները։ Պոտսդամում հիմնական բանախոսը կանցլեր Օլաֆ Շոլցն էր, մրցանակը ստացավ նախկին բռնցքամարտիկ քաղաքական գործիչ Վլադիմիր Կլիչկոն, քանզի անվտանգության ռիսկը նկատի առնելով, Զելենսկին նույնիսկ երեքշաբթի՝ սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին դժվար թե անձամբ ներկա լինի 150 պետությունների եւ կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ բանավեճին, որի առանցքը Ուկրաինայի դեմ ագրեսիան է։ Պուտինն էլ չի մասնակցելու, ՌԴ կներկայացնի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի հարձակումը (որի մասին գերմանական ԶԼՄ-ները ծանուցեցին առանց հապաղելու), Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունը, երկօրյա պատերազմը գերմանացի որեւէ քաղաքական գործիչ միակողմանի չդատապարտեց։ Զոհերի թվի մասին նշեցին ՀՀ վարչապետի՝ երկու օրերի ներկայացրած վիճակագրությունը՝ նվազագույնը 105 զինվոր, ադրբեջանական կողմի զոհերին էլ ավելացրին՝ 71 զինվոր, բայց գերմանացի քաղաքական, հանրային գործիչներից չլսվեց մի ձայն, որ անկեղծ տագնապեր, թե նախ՝ մեղք չե՞ն։ Իսկ եթե սեփական հողը, երկիրը պաշտպանելու կամքը գերակա համարելը ելակետը լիներ, արդարամտությունը՝ մտավորի հրամայականը, պիտի բառեր գտնեին հայ զինվորի ոգին գովերգելու, խղճմտանք ունենային, թե զենք էլ չունեն, թուրքական անօդաչու «Բայրաքթարներին» ինչպե՞ս դիմագրավեն… Եւ որ առավել կարեւոր է՝ Գերմանիայի՝ քաղաքական գործիչների ձեւակերպմամբ «համապատասխանատվությամբ», բարոյականության բառապաշարով՝ մեղսակցությամբ, արդարանային, թե չենք կարող արտոնել, որ 20-րդ դարում ցեղասպանության ենթարկված ժողովրդի, վերապրողների փոքրաթիվ զավակները՝ 18-20 տարեկան տղաները 21-րդ դարում էլ զոհվեն։
Ելնելով իր պատմական պատասխանատվությունից՝ հենց Գերմանիան պիտի սանձի ցեղասպան Թուրքիայի եղբորը՝ Ադրբեջանին, որ շարունակում է դարասկզբին հայերի բնաջնջումը, հայրենազրկումը, երբ արձանագրում է վարչապետի ԱԺ- ում ներկայացրած փաստը՝ Հայաստանի տարածքի 10 քառակուսի կիլոմեր անցել է Ադրբեջանի վերահսկողությանը։ Սեպտեմբերի 15-ին ժամը 12.25-ին ներկայացրած այս փաստը գերմանական merkur առցանց լրատվականը նույն օրն ավելի վաղ՝ ժամը 6.12-ին արձանագրել էր 50 քառակուսի կիլոմետր։ Բայց Հայաստանը ե՞րբ է հետեւողական պահանջ ներկայացրել, խոսույթ ձեւավորել, ե՞րբ է մեզ բախտակից հրեաների գրավոր եւ բանավոր լեզվից դաս քաղել… իսկ 2018-ից ի վեր հայոց ղեկավարության մեջ ե՞րբ է ամբիոնին մոտեցել մեկը, որ գրավոր է ձեւակերպել ասելիքը։ Նույնը՝ եվրոպական հարթակներում, գերմանացիների հետ շփումներում ձեւակերպումները եղել են բանավոր եւ՝ ժամանցելի։
Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում: