Լրահոս
Օրվա լրահոսը

«Փափագում եմ՝ բոլոր նմանատիպ սանձազերծումները ավարտվեն շինությունների նմանատիպ փլուզմամբ»

Սեպտեմբեր 16,2022 10:30

Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրի առաջին տունը, որը թիրախավորվել էր Ադրբեջանի բանակի կողմից Հարությունյաններին էր։

Գուրգեն Հարությունյանը պատմում է, որ կրակոցների ձայները ավելի հաճախակի դարձան և գնալով մոտեցան։ Իրենք նպատակ ունեին ապաստարան գտնել նկուղային հատվածում, սակայն չհասցրեցին իջնել նկուղ։ Առաջին հրթիռը սեպտեմբերի 13-ին 1:10-1:20 ընկած ժամանակահատվածում ընկավ տան վրա, երբ իրենք կանգնած էին դարպասների մոտ։ Հրթիռը առաջինը խոցել է տանիքը, ապա՝ առաստաղ, այնուհետև՝ պատերին՝ առաջացնելով մեծ փոս, այնուհետև՝ նկուղ։

Գուրգեն Հարությունյան

«Բախտներս բերել է, որ տան մեջ չի պայթել, որովհետև տան մեջ պայթելու դեպքում կարող էր առաջանալ մեծ հրդեհ, որը կվերածվեր ավելի մեծ ավերվածությունների և ավելի մեծ խնդիրներ կբերեր մեր ընտանիքի համար։ Երբ որ արկը ընկել էր մեր տան վրա, ցանկություն ունեինք մուտք գործել բնակարան՝ կանխելու համար հրդեհը, որը կարող էր բռնկվել։ Սակայն, վառոդի հոտի, ծխի և փոշու մեծ ալիքը մեզ թույլ չտվեց մտնել բնակարան։ Մոտավորապես՝ ժամ ժամուկես հանգրվան ենք գտել հարևանի ապաստարանում, որից հետո մեզ հաջողվել է մուտք գործել բնակարան։ Մտել ենք բնակարան և տեսել այն, ինչի ականատեսն ենք դուք հիմա. ամբողջ տունը, ընդհանուր առմամբ, վթարային է դարձել»,- պատմում է Գուրգեն Հարությունյանը։

Նա հավելեց, որ նախնական տվյալներով՝ տանը հարվածել են հրետանային արկով. «Միայն մի բան եմ կամենում, փափագում եմ, որ բոլոր նմանատիպ սանձազերծումները՝ կռիվները, պատերազմները, ավարտվեն շինությունների նմանատիպ փլուզմամբ, և ոչ մի ընտանիքի անդամի, սահմանում կանգնած ոչ մի զինվորի և զինվորականի որևիցե վտանգ չսպառնա»։


Նրա տատը՝ Էլլա Ասատրյանը պատմում է, որ ինքը Գորիսում է եղել, մտածել է, թե Գորիսի վրա են հարձակվում, իսկ աղջիկը, որը զինվորական է և բնակվում է Վերիշենում, պատսպարվել են քարանձավում. «Խոտերը շարել են, խոտերի վրա պառկել են, այդպես են ապրել, խոտերի վրա, բա ի՞նչ անեն։ Փոքր գազերից տարել են, սուրճ են խմել, ուրիշ ոչ մի բան։ Բա ի՞նչ անեն։ Չի լինի, որ քարանձավից դուրս գաս, խփում են, է՜… անընդհատ խփում են»։

Տիկին Էլլան համեմատում է ներկայիս իրավիճակը 44-օրյա պատերազմի հետ, երբ բոլորը աջակցում էին Արցախին, և նեղսրտում, թե Սյունիքը աջակցություն չի ստանում. «Ոչ մի աջակցություն, ոչ մի բան չկա։ Մենք կյանքում սենց բան տեսած չենք։ Ասում ենք՝ ա՜յ մարդ, էն ժամանակ ցույց էին տալիս, որ էսինչ խումբն է Երևանից գալիս Ղարաբաղ, հիմա ոչ մի օգնություն, ոչ մի բան»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930