Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Հայաստանի դե ֆակտո վարչապետը չի մասնակցում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին․ Դերենիկ Խաչատրյան

Սեպտեմբեր 16,2022 08:42

ԼՈՒՅՍ հիմնադրամի արտաքին և անվտանգային հարցերով փորձագետ Դերենիկ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը

Այնուամենայնիվ, ինչո՞ւ Հայաստանի դե ֆակտո վարչապետը չի մասնակցում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին:

Ակնհայտ է, որ այսօր աշխարհը բաժանվել է երկու պայմանական կիսաբևեռի` Արևելք և Արևմուտք։ Ընդ որում, այդ բևեռները ստատիկ չեն և դեռևս որոշ պետությունների հնարավորություն են տալիս խուսանավել ու հարմարվել իրենց պետական շահերին ավելի համահունչ գեոպոլիտիկ ուղեծրում։

Այսօր և վաղը Սամարղանդում տեղի է ունենում պայմանական Արևելքի` Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը, որին մասնակցում են մեր մեծ տարածաշրջանի բոլոր երկրները` բացառությամբ Հայաստանի և Վրաստանի։ Մասնավորապես ներկա են Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Պակիստանի և այլ` ընդհանուր 14 երկրների առաջնորդներ, որոնք միասին ներկայացնում են երկրագնդի բնակչության կեսը։

Վրաստանի բացակայությունն այս հարթակում հասկանալի է` հաշվի առնելով վերջինիս ակնհայտ պրոարևմտյսն աշխարհաքաղաքական կողմնորոշումը։ Իսկ ինչո՞ւ չի մասնակցում Հայաստանը. ըստ պաշտոնական վարկածի` սահմանին ստեղծված իրավիճակի պատճառով, բայց այդ հիմնավորումը ու չմասնակցելու հայտարարությունը տարածվեց այն ժամանակ, երբ արդեն հրադադարի պայմանավորվածություն էր ձեռք բերվել։ Բացի այդ, ինչպե՞ս է ստացվում, որ նույն Ադրբեջանի նախագահը մասնակցում է այդ միջոցառմանը, եթե խնդիրը ռազմական գործողությունների մեջ է։

Հակված չեմ հավատալու նաև այն վարկածին, որ Հայկական կողմի բացակայությունը պայմանավորված է ներքաղաքական իրավիճակով։ Ուրեմն ինչո՞ւ, այնուամենայնիվ, այդ կարևոր հարթակում Հայաստանի ղեկավարությունը խուսափեց ներկայանալ և պաշտպանել մեր պետական շահը։ Չէ՞ որ առնվազն այնտեղ առկա են երկրներ (ընդ որում գերտերություններ), որոնք Հայաստանի նկատմամբ բարեկամական և/կամ բալանսավորված քաղաքականություն են վարում։

Չինաստանը միակ երկիրն էր, որ ՄԱԿ ԱԽ երեկվա նիստում հայտարարեց, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը անտարանջատելի է Լեռնային Ղարաբաղի հարցի պատշաճ կարգավորումից»` ընդ որում ընդգծելով հակամարտության պատմական կոնտեքստի կարևորությունը։

Ռուսաստանը, լավ թե վատ, այնուամենայնիվ այսօր հողի վրա Հայաստանի և Արցախի միակ անվտանգային երաշխավորն է, որ չնայած ինքն էլ է գտնվում լայնածավալ պատերազմի մեջ, ամեն դեպքում փորձում է նվազագույնի հասցնել էսկալացիան մեր տարածաշրջանում։

Իրանը միակ երկիրն է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը ամենաբարձր մակարդակով հայտարարում է իր համար կարմիր գիծ։

Հնդկաստանը ոչ միայն ռազմական ու տնտեսական համագործակցության ոլորտներում լուրջ հեռանկարային գործընկեր է, այլև շատ հաճախ հանդես է գալիս հայանպաստ դիրքորոշմամբ, իսկ ՄԱԿ-Ի ԱԽ այսօրվա նիստում Հնդկաստանի ներկայացուցիչը Ադրբեջանին անուղղակիորեն անվանեց ագրեսոր կողմ։

Միևնույն ժամանակ Սամարղանդում է գտնվում ուժեղ հակահայկական լոբբի` ի դեմս Թուրքիայի, Ադրբեջանի, Պակիստանի, և հաշվի առնելով որոշ միջինասիական երկրների լոյալ վերաբերմունքը Անկարայի նկատմամբ, նրանք ակնհայտորեն փորձելու են ՇՀԿ հարթակում գերակշռող դարձնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ սեփական նարատիվը։

Միաժամանակ տարօրինակ է, որ ՀՀ դե ֆակտո վարչապետը մի քանի օր առաջ, երբ իր իսկ բնութագրմամբ իրենք տեղյակ էին Ադրբեջանի սպասվող ագրեսիայի մասին, մասնակցում էր միջազգային ներկայացուցչականության առումով որևէ կարևորություն չներկայացնող Վլադիվոստոկի ֆորումին։ Ու կարծում եմ ոչ ոք չի կասկածում, որ նա մասնակցելու է նաև ԵՄ կողմից նախաձեռնված Պրահայի ոչ ֆորմալ գագաթնաժողովին։

Չեմ կարող պատահականություն համարել այն, որ արդեն 4 տարի է՝ ՀՀ իշխանությունները խուսափում են մասնակցել չինական ակցենտ ունեցող բոլոր կարևոր միջոցառումներին` օրինակ 2019 թ․ գարնանը ՉԺՀ նախաձեռնած Գոտի և ճանապարհ ներկայացուցչական միջոցառմանը մասնակցելու փոխարեն, ՀՀ վարչապետը Երևանում «Քաղաքացու օր» էր նշում, իսկ 2022 թ․ փետրվարին Հայաստանը փաստացի միացավ Պեկինի օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտին։ Փոխարենը մեծ խանդավառությամբ մասնակցեց ակնհայտ հակաչինական և հակառուսական օրակարգ ունեցող Ժողովրդավարության գագաթնաժողովին ու վստահաբար կմասնակցի նաև հաջորդ նման միջոցառմանը։

Այս ֆոնին ուշագրավ է, որ հայտնի դարձավ սեպտեմբերի 17-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Հայաստան այցելելու մասին, ով կապված Թայվանի վերջին իրադարձությունների հետ` Չինաստանում խիստ բացասական ընկալում ունի։
Ես ամենևին չեմ առաջարկում, որպեսզի Հայաստանը խզի բոլոր հարաբերությունները պայմանական Արևմուտքի հետ և ընկնի պայմանական Արևելքի գիրկը, բայց և չեմ կարող չնշել, որ մեր աշխարհագրական դիրքն ու տարածաշրջանում ուժային հավասարակշռությունը Հայաստանի նման երկրին հնարավորություն չի տալիս վանել Արևելքին, որքան էլ Արևմուտքը գրավիչ լինի։ Այստեղ կամ պետք է կարողանաս ճիշտ հավասարակշռություն գտնել, կամ առաջնորդվել ռեալ պոլիտիկի սկզբունքներով և հողի վրա առկա փաստացի իրավիճակով։

Աշխարհաքաղաքականությունը բազմաքայլ կոմբինացիաներից բաղկացած, մեծ ուշադրություն ու նրբանկատություն պահանջող շախմատային պարտիա է, այլ ոչ թե բազար բլոտ. այստեղ անընդհատ բլեֆ անելով և գոռգոռալով հնարավոր չէ արդյունքի հասնել, առավել ևս ներկայիս բարձր խաղադրույքների պայմաններում, երբ սեղանին դրված է հայ ազգի ու հայկական պետականության լինելիության խնդիրը։

Պարզապես շախմատի պարտիայում մեզ պետք է պրոֆեսիոնալ առաջնորդ, այլ ոչ թե շարքային խաղամոլ, որ ամեն ինչ տանուլ է տվել ու դեռ շարունակում է մեծացնել խաղադրույքները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930